Ընդհանուր քիմիայի ամբիոն

Լուսինե Ռոմիկի Հարությունյան

քիմ․գիտ․դոկտոր, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 401, 408 սենյակ
  • ներքին՝ 3-38
  • [email protected]

Ընդհանուր քիմիայի ամբիոնը կարևոր օղակ է ՀԱԱՀ-ի գիտակրթական համակարգում, քանի որ քիմիան հենք է համալսարանի մի շարք մասնագիտությունների համար ։
Ամբիոնն ուսումնական աշխատանքներ է իրականացնում ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական, Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների բոլոր մասնագիտությունների ուսանողների հետ։ Դասավանդվում են «Ընդհանուր քիմիա», «Օրգանական քիմիա», «Ֆիզիկական և կոլոիդ քիմիա» առարկաները։ Ամբիոնի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած ուսումնական լաբորատորիաները հնարավորություն են տալիս կրթական ներկայիս պահանջները բավարարող կիրառական գիտելիքներ մատուցել ուսանողներին։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր հեղինակ են բազմաթիվ ուսումնամեթոդական, գիտամեթոդական աշխատանքների, ուսումնական ուղեցույցների և գիտական հոդվածների։
2013 թ․ պրոֆ. Օ. Ա. Քամալյանի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի օժանդակությամբ ամբիոնում հիմնադրվել է ֆիզիկական և կոլոիդների քիմիայի գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտություններ են կատարվում բուսական ծագման գյուղատնտեսական հումքի վերամշակման թափոնների կիրառման նոր բնագավառների որոնման ուղղությամբ:
Ընդհանուր քիմիայի ամբիոնն ունի ՀԱԱՀ տարբեր ամբիոնների հետ համագործակցելու մեծ ներուժ, մասնավորապես ալկոհոլային խմիչքների պարզեցման, ջրերի մաքրման և ագրոէկոլոգիայի ոլորտներում։ Ամբիոնն այսօր գործակցում է հանրապետության մի շարք բուհերի և գիտական կազմակերպությունների հետ, մասնավորապես Երևանի պետական համալսարանի Քիմիայի, Ֆիզիկայի, Կենսաբանության ֆակուլտետների, Ֆարմացիայի ինստիտուտի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի, ինչպես նաև Բելառուսի գիտությունների ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Կազանի պետական համալսարանի, Տվերի պետական համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի հետ:
Ամբիոնը սերտ կապեր է պահպանում նաև ՀՀ ավագ դպրոցների հետ․ պարբերաբար կազմակերպվում են բարձր դասարանների աշակերտներին հետաքրքրող քիմիական թեմաներով դասախոսություններ և ուսուցողական փորձարարական սեմինարներ։

Ընդհանուր քիմիայի ամբիոնը ստեղծվել է 1994 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (ՀԳԻ) Ընդհանուր քիմիայի և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (ԵԱԱԻ) Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնների միավորման արդյունքում: Երկու ամբիոններն էլ նշված բուհերի հիմնադիր ամբիոններից են։ ՀԱԱՀ-ի (նախկինում ՀԳԻ) Ընդհանուր քիմիայի ամբիոնի հիմնադիր-վարիչն է եղել Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Ս.Պ. Ղամբարյանը: 1958-1989 թվականներին՝ ավելի քան 30 տարի, ամբիոնը գլխավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Վ.Վ. Դովլաթյանը: 1989-2001 թթ․ ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Տ.Զ. Պապոյանը, 2001-2010 թթ․՝ ք․գ․դ․, պրոֆ. Հ.Հ. Մխիթարյանը, 2012-2019 թթ.՝ ք․գ․դ․, պրոֆեսոր Օ.Ա. Քամալյանը: 2019 թ․ հունիսից Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչն է ք․գ․դ․, դոցենտ Լ․Ռ․ Հարությունյանը։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Քամալյան Օլեգ Արմանի – ք.գ.դ., պրոֆեսոր
  2. Քարիմյան Ռոզա Ավագի – ք.գ.թ., դոցենտ
  3. Ավդալյան Նաիրա Գուրգենի – գ.գ.թ., դոցենտ
  4. Մինասյան Փառանձեմ Գարեգինի – ք.գ.թ., ասիստենտ
  5. Սարկեզիյան Վերժինե Ազիզի – ք.գ.թ., ասիստենտ
  6. Հայրապետյան Մարինե Գրիշայի – դասախոս
  7. Մխիթարյան Սևդա Բորիսի – ասիստենտ
  8. Ավանեսյան Մարիետա Վազգենի – մասնագետ
  9. Հարությունյան Ալմիրա Ալբերտի – մասնագետ
  10. Խուրշուդյան Գայանե Արարատի – մասնագետ
  11. Ստեփանյան Լիլիթ Հովիկի – մասնագետ
  12. Հարությունյան Սիրանուշ Վահագնի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Անօրգանական և անալիտիկ քիմիա
Օրգանական քիմիա
ֆիզ և կոլոիդ քիմիա
Դեղագործական քիմիա
Թունաբանական քիմիա
Շրջակա միջավայրի քիմիական նյութերի որոշում և բաժանում քրոմոտոգրաֆիական մեթոդով