Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն

Գրիգորյան Աշխեն Գրիգորի

անասնաբուժ.գիտ.թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
    ՀԱԱՀ, V մասնաշենք, 205, 201, 202, 204, 405, 407, 412, 414 սենյակ
  • (+37412) 52- 36-78, (+37412) 52-53-65 ներքին` 3-72, 2-62
  • [email protected]

2013թ. ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի ամբիոններում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ. ձևավորվեցին նոր ամբիոններ, այդ թվում Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնը:
Տարիներ շարունակ ամբիոնի դասախոսները զբաղվել են գիտական ու հետազոտական լուրջ գործունեությամբ. համակողմանիորեն ուսումնասիրվել են գոմեշի տարբեր օրգան-համակարգերի համեմատական անատոմիան, Կովկասյան գորշ ցեղի, այնուհետև` Երևանյան և Լեգհորն ցեղի հավերի մորֆոլոգիան, համալիրների պայմաններում տավարի մատղաշի շարժողական օրգանների անատոմիական փոփոխությունները, իսկ հետագայում՝ հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղի` Արագածի և Մարտունու տիպերի ոչխարների անատոմիան:
Ուսումնասիրվել են տարբեր կենդանիների հյուսվածքների և օրգանների հետվնասվածքային վերականգնման խթանման հարցերը, թռչունների և կաթնասունների որոշ օրգանների էմբրիոգենեզը, ինչպես նաև հղի կովերի կարանկուլակատլեդոնային կապը և հետծննդյան շրջանում ըկերքի պահման պատճառներն ու կանխարգելումը: Ուսումնասիրվել են նաև գաղտնի մաստիտով հիվանդ կովերի կաթնագեղձերի ախտաբանական փոփոխությունները:
Արժեքավոր հետազոտություններ են կատարվել շան բնական ստամոքսահյութի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական հատկությունների որոշման ուղղությամբ, պարզաբանվել են հյութի կենսաբանական ու բուժման նշանակությունը և կիրառման ուղղվածությունը:
Հետազոտվել են միկրոտարրերի ֆիզիոլոգիական և ախտաբանական ազդեցությունը կենդանիների օրգանիզմի վրա: ՈՒսումնասիրվել են մոլիբդենի, կոբալտի, պղնձի կենսաբանական և մեծ դոզաների ազդեցություններն օրգան-համակարգերի ֆունկցիաների վրա:
Ամբիոնի դասախոսների ուժերով տարիների ընթացքում հրատարակվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, եռալեզու անատոմիական բառարան, հազարավոր գիտական հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև թարգմանվել են բազում դասագրքեր:
Վերջին տարիներին պրոֆ. Ն․Խ․ Գրիգորյանի ղեկավարությամբ ամբիոնի դասախոսները, ասպիրանտները հետազոտել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հարմարվողականությունը, բնական դիմացկունությունը կերակրման և պահվածքի տարբեր պայմաններում` օնտոգենեզի ընթացքում: Արդյունավետ հետազոտություններ են կատարվել ոչխարների տարբեր ցեղերի վրա, մշակվել են ադապտացման մեխանիզմները նախալեռնային և լեռնային գոտիներում:

Այդ հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել և հրատարակվել են հանրապետական և արտասահմանյան միջազգային հանդեսներում և գիտաժողովներում:
Ամբիոնին կից գործող գիտաուսումնական թանգարանը եզակի է շատ պետությունների նմանատիպ թանգարանների շարքում: Այնտեղ ցուցադրված են 4000-ից ավելի տարբեր օրգան-համակարգերին վերաբերող եզակի ցուցանմուշներ՝ կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների կմախքներ, խրտվիլակներ, ներքին օրգաններ, տարբեր բնույթի բնածին շեղումներ և հետաքրքրություն ներկայացնող այլ դիդակտիվ նյութեր:

Շուրջ 90 տարիների ընթացքում հավաքագրված ծավալուն նյութերը, որպես անգնահատելի արժեք, ներկայացված են թանգարանային բազմաթիվ և բազմաբնույթ ցուցանմուշների տեսքով. կենդանատեսակների, ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների կմախքներ (360 հատ), խրտվիլակներ (250 հատ), բոլոր օրգան-համակարգերին վերաբերող տարբեր բնույթի բազմաթիվ պատրաստուկներ (1385 հատ), յուրահատուկ անոմալիաներ (25 հատ), ֆորմալինի լուծույթներում սևեռված կենդանիների, թռչունների դիակներ, դիակամասեր, առանձին օրգաններ (1500 հատ), մուլյաժներ (150 հատ), հնագիտական նմուշներ (50 հատ), ախտաբանաանատոմիական պատրաստուկներ (250 հատ):

Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում՝ գերազանցելով անգամ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին:
Թանգարանն իր հյուրընկալ դռներն է բացում ոչ միայն ՀԱԱՀ ուսանողների, այլև Երևան քաղաքի ու ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ դպրոցների աշակերտների, կենսաբանական ուղղվածություն ունեցող այլ բուհերի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև համալսարան այցելող պատվիրակությունների և հյուրերի առջև, որոնք իրենց երախտիքի խոսքն են թողնում թանգարանի գրառումների մատյանում` բարձր գնահատելով ինչպես ամբիոնի, այնպես էլ ՀԱԱՀ-ի գործունեությունը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Գրիգորյան Նշան Խաչատուրի – անասնաբուժ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
  2. Մխիթարյան Ռազմիկ Սարգսի – կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
  3. Կոբելյան Սուրիկ Խաչիկի – անասն․գիտ.դոկտոր, դոցենտ
  4. Միրզոյան Մարգարիտա Գառնիկի – կենս.գիտ.թեկն., դոցենտ
  5. Աղաջանյան Աննա Գեյիմի – անասն․գիտ.թեկն., դոցենտ
  6. Վարդանյան Լիաննա Վալտերի – անասն․գիտ.թեկն., դոցենտ
  7. Պողոսյան Գայանե Արիստակեսի – գյուղ․գիտ․թեկն․, ասիստենտ
  8. Ադամյան Աստղիկ Ժորայի – մասնագետ
  9. Կարախանյան Հասմիկ Վլադիմիրի – մասնագետ
  10. Ռշտունի Նաիրա Դերենիկի – մասնագետ
  11. Խաչատրյան Անուշ Բախշիի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ընտանի կենդանիների անատոմիա
Բջջաբանություն, սաղմնաբանություն, հյուսվածաբանություն
Գյուղկենդանիների ֆիզիոլոգիա
Գյուղկենդանիների ֆիզիոլոգիա և էթոլոգիա
Գյուղկենդանիների էթոլոգիա և բիոէթիկա
Սննման ֆիզիոլոգիա
Մարդու ֆիզիոլոգիա
Ախտաբանական ֆիզիոլոգիա
Ախտաբանական անատոմիա
Հիստոպաթոլոգիա
Հերձում և դատաանասնաբուժական փորձաքննություն
Գյուղ. կենդանիների ռադիոէկոլոգիա