«Ագրոբոտ» գերազանցության կենտրոն

Дизайн без названия (3)

Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 09․06․2022թ․ կնքված թիվ 9389-AM վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթում ՀԱԱՀ-ի կողմից ներկայացված «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» հայտը հավանության է արժանացել և հաստատվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) Համակարգող խորհրդի կողմից։ Ծրագրի իրականացման մասին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև 14/06/2023 թ․ կնքվել է թիվ 4/23-CIF պայմանագիրը։
Ծրագրի բյուջեն կազմում է 118,118,950 (մեկ հարյուր տասնութ միլիոն մեկ հարյուր տասնութ հազար ինն հարյուր հիսուն) ՀՀ դրամ։

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի (ԳՌՄԱՃԳԿ) հիմնումն է, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:Ստեղծելով ԳՌՄԱՃԳԿ՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին:
Համալսարանում ներկայումս ընթանում են կարևորագույն և շրջադարձային բարեփոխումներ կրթության, գիտության, կառավարման համակարգի արդիականացման ուղղություններով, որոնց գլխավոր նպատակը մրցունակ, ագրոտեխնոլոգիական հիմքով կրթագիտական կենտրոն դառնալն է: Այս բարեփոխումների համատեքստում բուհը կարևորում է ագրարային ճարտարագիտության կրթության ներկայիս վիճակի արմատական բարեփոխումը, քանի որ այն մեր հանրապետության համար ունի խիստ ռազմավարական նշանակություն:
Արհեստական ինտելեկտը մեծ տարածում է գտնում գյուղատնտեսական արդյունաբերության մեջ և անշեղորեն ինտեգրում է այս ոլորտի համար մշակված ռոբոտաշինությանը: Քանի որ ավտոմատացված տեխնոլոգիաները ներթափանցում են շուկա, մենք նպատակ ունենք պատասխանել այն կարևոր հարցերին, որոնք այսօր տալիս են բիզնեսի առաջնորդները։ Այս ծրագիրը կնպաստի գյուղատնտեսական մեքենայացման ոլորտում ռոբոտաշինության կիրառման ճանապարհով ՀՀ տնտեսության ագրարային ոլորտի հետագա զարգացմանը և դրա հատուկ կիրառելիությանը կայուն զարգացման համատեքստում:
ՀԱԱՀ-ում պարբերաբար անցկացվող մշտադիտարկումների, ինստիտուցիոնալ ինքնավերլուծության զեկույցի նախապատրաստման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում վեր հանված կարիքների վերլուծության ընթացքում, համալսարանում արձանագրվել և բացահայտվել են որոշ հիմնախնդիրներ, որոնցից հատկապես երկուսն առնչվում են ագրարային ճարտարագիտության կրթության իրականացման և ներկայացվող ծրագրի հետ.
1. Անհամապատասխանություն համալսարանի շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության և աշխատաշուկայի պահանջարկի միջև,
2. Կարողությունների և հմտությունների ամրապնդման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ֆիզիկական և բարոյական մաշվածություն, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրա լրիվ բացակայություն:
Ճարտարագիտական առկա լաբորատորիաների վերազինումն արդի պահանջներին համապատասխան հզոր ուսումնատեխնիկական և թվայնացված լաբորատորիաների բազայի ձևավորումն է, որը կնպաստի ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Դա քայլ առաջ կլինի դեպի ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդումը, կրթա-հետազոտական մակարդակի բարելավումը, դեպի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, ինչպես նաև խթան կհանդիսանա դասավանդման նոր մեթոդների ներդրման, ուսանողի մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման առումով:

Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են՝

Ստեղծել և ներդնել «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ
Ստեղծել AgrobotLAB լաբորատորիա, որը կզբաղվի գյուղատնտեսական ռոբոտաշինությամբ, որտեղ կիրականացվեն գիտահետազոտական և ագրոբոտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև մանկավարժական մեթոդների մշակում կրթական ռոբոտաշինության համատեքստում։ AgrobotLAB-ի դասերը հագեցած են լինելու 3D տպիչով, լազերային մեքենայով, ինտերակտիվ էկրանով/գրատախտակով, ձեռքի էլեկտրական գործիքներով, զոդման սարքավորումներով, կոնստրուկտորներով: Այստեղ ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այն հիմք կհանդիսանա նաև ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների համար՝ գիտական հետազոտություններ անցկացնելու տեսակետից՝ հատկապես խելացի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ոլորտում։
Ստեղծել ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, որի դասերին ուսուցումն անցկացվելու է «Python ծրագրավորման հիմունքներ», «Արդյունաբերական ծրագրավորման հիմունքները Python-ում», «SolidWorks” ծրագրերով: Այստեղ ուսանողները կկարողանան ձեռք բերել ծրագրավորման և նախագծման գիտելիքներ, հմտանալ իրենց գործնական հմտությունների և կարողությունների ուղղությամբ։
ԳՌՄԱՃԳԿ-ում ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որտեղ տեղական և հրավիրյալ պրոֆեսորների ու մասնագետների կողմից պարբերաբար կիրականացվեն ռոբոտաշինության ոլորտի մասնագետների և ֆերմերների վերապատրաստումներ, խորհրդատվական ծառայություններ, մասնագիտական որակի բարձրացման միջոցառումներ:

Պայմանագրի շնորհման ծանուցում

Պայմանագրի շնորհման ծանուցում

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ No.ԳՆ-1-2023-ՀԱԱՀ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ No.ԳՆ-2-2023-ՀԱԱՀ

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐԻ ԳՆՈՒՄ, ԱՄԳ No` ՀԱԱՀ-ԱՄԳ-ԼԱԲ-24/1

Ծրագրի կառուցվածքը

ԳՌՄԱՃԳԿ -ի կազմում կլինեն երեք հիմնական բաժիններ.
1. Գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիա՝ AgrobotLAB,
2. Ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab,
3. Ագրարային ճարտարագիտության վերազինված և նոր ուսումնական լսարաններ և լաբորատորիաներ:

Ծրագրի կառավարման անձնակազմը

Ara_Amiryan

Ամիրյան Արա Կարապետի (ծրագրի ղեկավար)

Պատասխանատու է ծրագրի ընդհանուր կառավարման և կազմակերպման, ընթացիկ մոնիթորինգի ղեկավարման և իրականացման, նորարարությունների ներդրման, հաշվետվությունների կազմման համար: Իրականացնելու է պայմանագրով, տեխնիկական առաջադրանքով և ժամանակացույցով սահմանված ծրագրային գործողությունների և ֆինանսական շարժի վերահսկում, շահակիցների հետ կապի ապահովում, ծրագրի հրապարակայնացմանն ուղղված գործողություններ: 2013-2015 թ.թ. համակարգել է ՆՄՀ շրջանակներում 2013թ. սեպտեմբերի 5-ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային պայմանագրով «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում» (ԱՀՈԻԱԿ) ծրագիրը, որի բյուջեն կազմել է 68 մլն դրամ: Մասնակցել է արտերկրում կազմակերպված տարբեր վերապատրաստումների:

Սիմոնյան Արման Ռոբերտի (ծրագրի համակարգող)

Պատասխանատու է ծրագրի ընդհանուր համակարգման և կազմակերպման, ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման, արտերկրի այլ նմանատիպ հաստատությունների հետ կապերի ստեղծման և ամրապնդման, գերազանցության կենտրոնի կահավորման, նորմատիվաիրավական այլ այլ բնույթի փաստաթղթերի մշակման և հաշվետվությունների կազմման համար: Օժանդակելու է գնումների մասնագետին՝ իր գործառույթների իրականացման համար, պատրաստելու է անհրաժեշտ ծրագրային հաշվետվությունները, պահպանելու է ծրագրին առնչվող փաստաթղթերի բնօրինակները, մասնակցելու է ծրագրի մոնիթորինգի և աուդիտի իրականացմանը: Որպես ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան՝ ունի կրթական գործընթացի իրականացման և ներդրման փորձ:

Poxosyan Mariam

Մովսիսյան Մարինե Արմենի (գնումների մասնագետ)

Պատասխանատու է մրցութային փաթեթների պատրաստման, առաջարկների գնահատման և ծրագրի ղեկավարի հետ դրանց համաձայնեցման, գնումների անցկացման, ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերի պատրաստման և համաձայնեցման, գնումների ընթացակարգերի և ժամանակացույցի պահպանման, գնումների կազմակերպման, գնված ապրանքների մատյանի վարման համար: Մասնակցել է համաշխարհային բանկի ծրագրերին․ մատակարարների որոնում, միջազգային կապերի հաստատում, բանակցությունների վարում, տեխնիկական բնութագրերի կազմում, մասնակցություն գնման գործընթացներին (փաթեթների կազմում և գնահատում) և այլն:

mariam poghosyan մարիամ պողոսյան

Պողոսյան Մարիամ Մարտինի (ծրագրի հաշվապահ)

Պատասխանատու է բյուջեով նախատեսված ֆինանսական գործարքների իրականացման, ծրագրային միջոցների հաշվապահական հաշվառման, բանկային և դրամարկղային գործողությունների կատարման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, ծրագրով նախատեսված ապրանքների գնման, մատուցված ծառայությունների գրանցման համար: Հաշվապահության ոլորտում ունի բազմամյա աշխատանքային փորձ՝ հաշվետվությունների պատրաստում, ընթացիկ ֆինանսական փաստաթղթերի վարում և այլ փորձ:

Ակնկալվող արդյունքներն են.

ԳՌՄԱՃԳԿ-ի միջոցով նպաստել համալսարանում ագրարային ճարտարագետների պատրաստում իրականացվող ՄԿԾ-երի կրթության որակի ապահովմանն ու դրա հետագա խթանմանը
Ժամանակակից AgrobotLAB և ITLab լաբորատորիաների գործարկման միջոցով թողարկել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով և կարողություններով մասնագետներ, որոնք կտիրապետեն արդի տեխնոլոգիական գիտելիքների և իրենց կարողությունները կներդնեն հայրենի ագրարային ոլորտի խնդիրների լուծմանը՝ լրացնելով անհրաժեշտ որակյալ կադրերի առկա բացը
Գերազանցության կենտրոնի միջոցով հետազոտական աշխատանքների իրականացում, կրթություն-գիտություն կապի վերականգնում և ընդլայնում
Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում մասնագետների վերապատրաստումների և որակավորման բարձրացմանը միտված այլ միջոցառումների, համատեղ գիտական աշխատանքների իրականացման միջոցով
Վերազինված լաբորատորիաները, բուհում ընթացող զարգացումների համատեքստում, կնպաստեն համալսարանի տեխնոլոգիական զինվածության ընդհանուր մակարդակի և հեղինակության բարձրացմանը
Ագրարային ճարտարագիտության 3 լաբորատորիաների վերազինում և նոր 3 լաբորատորիաների հիմնում:

Ծրագրի գործընկերներ`

Սույն ծրագրի իրականացմանը տեխնիկական և նեղ մասնագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST), «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ) հասարակական կազմակերպությունը և «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը՝ համոզված լինելով, որ ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը։ Աջակցությունը միտված կլինի մասնավորապես Հայաստանում խելացի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու այդ ոլորտում կրթական և գիտական գործընթացների բարեփոխմանն ու արդիականացմանը, ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանը, «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ-ի մշակումանը, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը և ոլորտում խելացի գյուղտեխնիկայի օգտագործմանը։ Ծրագրի շրջանակներում.
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) https://fast.foundation/ կաջակցի կրթական ու ձեռնարկատիրական ծրագրերի կազմակերպման շրջանակում, որը հնարավորություն կտա Agrobot գերազանցության կենտրոնի շահառուներին մշակել և ներկայացնել նորարարկան գաղափարներ, ստեղծել ստարտափներ և փորձել իրենց գաղափարները առևտրայնացնել։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ) հասարակական կազմակերպությունը https://uate.org/am պատրաստակամ է իր ողջ ներուժով, անձնակազմով և փորձով աջակցել ՀԱԱՀ-ին զարգացնելու գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ոլորտը, որը խթան կհանդիսանա Հայաստանում խելացի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ 2011 թ-ից սկսած ԱՏՁՄ-ն նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը։ 2022 թ.-ի տվյալների համաձայն Հայաստանի (այդ թվում նաև Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 631 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 17000 երեխա ստանում են ինժեներական կրթություն։ Այս առումով ԳՌՄԱՃԳԿ-ի ստեղծումը կրթական միջավայր կհանդիսանա նաև Արմատցիներին, որոնք սիրով նաև իրենց ուժերը կփորձարկեն ագրարային ռոբոտաշինության ոլորտում։
«Ինստիգեյթ Ռոբոտիքս» https://instigaterobotics.com/about-us-arm/ ընկերությունը կիրականացնի խորհրդատվություն ռոբոտատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) նախագծման, ուսումնական լաբորատորիաների պատրաստման, անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվական և գիտատեխնիկական տեխնոլոգիաների, արդյունաբերական ռոբոտների, ղեկավարման համակարգերի մշակման վերաբերյալ և այլն։