Պատմական ակնարկ

39799529_1776413342466282_542811856792715264_n

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում, որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտի զարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների համար որակյալ մասնագետների պատրաստման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Սկզբնական շրջանում պարապմունքները վարել են շուրջ 50 դասախոսներ, որոնց ճնշող մեծամասնությունը` պրոֆեսորներ Ս.Պ.Ղամբարյանը, Հ.Գ.Գյուլիքևխյանը, Խ.Ա.Երիցյանը, Պ.Բ.Քալանթարյանը, Ա.Զ.Թամամշևը (Թամամշյան), Ա.Գ.Տեր-Պողոսյանը, Հ.Ա.Նավակատիկյանը, Մ.Գ.Թումանյանը, Ն.Ա.Տրոիցկին, Բ.Գ.Մասինոն, դոցենտներ Գ.Փ.Գրձելյանը, Հ.Հ.Ակունյանը, Տ.Ա.Ջրբաշյանը, Դ.Գ.Հակոբջանյանը և ուրիշներ, ինստիտուտ էին տեղափոխվել համալսարանից: 1931թ. սեպտեմբերին գյուղատնտեսական ինստիտուտի դիրեկտորի N91 հրամանով ամբիոնի վարիչներ են հաստատվում Հ.Հ.Ակունյանը (անօրգանական և անալիտիկ քիմիա), Հ.Ա.Նավակատիկյանը (ֆիզիկա), Ս.Աղամալյանը (բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա), Ա.Գ.Արարատյանը (բույսերի սիստեմատիկա և մորֆոլոգիա), Ա.Գ.Տեր-Պողոսյանը (կեդանաբանություն), Վ.Մարտիրոսյանը (պատմական մատերիալիզմ), Պ.Բ.Քալանթարյանը (ագրոքիմիա, բակտերիոլոգիա և հողի պարարտացում), Գ.Խ.Աղաջանյանը (ընդհանուր երկրագործություն և բամբակի մշակություն), Մ.Գ.Թումանյանը (մասնավոր երկրագործություն) և Գ.Փ.Գրձելյանը (այգեգործություն և պարտեզագործություն):

Առաջին ուսումնական տարում ինստիտուտում գործել է երեք ֆակուլտետ`
երկրագործական,
զոոտեխնիկական (անասնապահական և կաթնատնտեսական ցիկլերով)
այգեգործական:

Հաջորդ ուսումնական տարում զոոտեխնիկական ֆակուլտետն իր դասախոսներով փոխադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: Հետագա մի քանի տարիներին ինստիտուտում գործել է նաև գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ֆակուլտետը:

Հանրապետության գյուղատնտեսության հարաճուն պահանջները բավարարելու նպատակով հետագայում հիմնադրվում են գյուղատնտեսության մեքենայացման (1942թ.), հիդրոմելիորացիայի (1951թ.) և գյուղատնտեսության էկոնոմիկայի (1967թ.) ֆակուլտետները: 1976թ. բացվում է նաև գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետը: 1932թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը` սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մնացած մասնագիտությունների գծով: Ինստիտուտի առաջին դիրեկտորն է եղել Սարգիս Իսայու Աբովյանը (1937-1938, 1956-1967թթ.), այնուհետև ինստիտուտը ղեկավարել են  Ա.Մ. Հարությունյանը (1938-1940թթ.), Խ.Պ.Միրիմանյանը (1940-1942, 1953-1956թթ.), Բ.Գ.Մարտիրոսյանը (1942-1953թթ.), Ա.Ս.Թովմասյանը (1967-1978թթ.), Մ.Ա.Գյուլխասյանը (1978-1994թթ.):

Ինստիտուտի շատ շրջանավարտների և դասախոսների անունները հայտնի դարձան ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նրանցից են ակադեմիկոսներ Ա.Ա.Մատթևոսյանը և Գ.Խ.Աղաջանյանը, պրոֆեսորներ Խ.Պ.Միրիմանյանը, Պ.Ն.Հակոբյանը, Ե.Մ.Մովսիսյանը, Դ.Ն.Բաբայանը, Ս.Ս.Սահակյանը, Ա.Ե.Մարգարյանը, Հ.Կ.Փանոսյանը, Խ.Ա.Խաչատրյանը, Հ.Վ.Մաքսապետյանը, Մ.Ա.Եսայանը, Զ.Ա.Մելքոնյանը, Ա.Հ.Մարուխյանը, Պ.Կ.Տեր-Զաքարյանը, Ա.Ս.Խաչատրյանը, Վ.Վ.Դովլաթյանը և ուրիշներ: Սկզբնական տարիներին ինստիտուտն ուներ ընդամենը 10 ամբիոն, հետագայում դրանց թիվը հասավ 34-ի: 1938թ. ինստիտուտում գործել է ասպիրանտուրա, 1948-ից տրվել է ատենախոսությունների պաշտպանության իրավունք: Ինստիտուտն ունեցել է հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը 1990-ականների սկզբին կազմել է ավելի քան 370 հազար միավոր: Ինստիտուտում հրատարակվել է «Գյուղատնտես» բազմատպաքանակ թերթը, որի առաջին համարը լույս է տեսել 1958թ. մայիսին:

Իր գոյության 64 տարիների ընթացքում ինստիտուտը 14 մասնագիտությունների գծով տվել է ավելի քան 23 հազար շրջանավարտ, ունեցել է 450 ասպիրանտ: Մեծ աշխատանք է կատարվել գիտամանկավարժական կադրերի պատրաստման ուղղությամբ: Գիտական խորհուրդներում պաշտպանվել է 21 դոկտորական և 284 թեկնածուական ատենախոսություն:

Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ: Հատկապես մեծ են եղել նվաճումները խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում:

Ինստիտուտում տարվող բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքներն ամփոփվել են գիտական աշխատությունների 53 ժողովածուներում, ավելի քան 5550 գիտական հոդվածներում և 90 մենագրություններում: Բացի այդ, հրատարակվել են 115 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, շուրջ 800 գիտահանրամատչելի գրքույկ: Աշխատակիցները ստացել են 165 հեղինակային վկայական, մի քանի գյուտ արտոնագրվել է արտասահմանյան երկրներում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980թ. հոկտեմբերի 15-ի հրամանագրով որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

1920-ական թվականների առաջին կեսին Անդրկովկասյան հանրապետություններում անասնապահությունը անմխիթար վիճակում էր, մասնավորապես` չկային մասնագիտական կրթօջախներ, որոնք կարող էին նոր մակարդակի հասցնել անասնաբուժությունն ու անասնաբուծությունը, մշակեին ու ներդնեին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նոր եղանակներ, բարելավեին դրանց տոհմային ու մթերատու հատկությունները: Ուստի ժամանակի հրամայականն էր տարածաշրջանում ստեղծել համապատասխան կրթական և գիտական կենտրոն:

1928թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ: Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքներն սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը: Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները` Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ: Հանդիսավոր նիստում հրապարակվեց ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրկոմի որոշումն անասնաբուժական ինստիտուտն Անդրֆեդերացիայի անվամբ կոչելու մասին: Բուհի գիտակրթական գործունեությունը սկիզբ առավ ծայրահեղ աննպաստ պայմաններում: Սկզբնական շրջանում ինստիտուտն ուներ 12 դասախոս, այդ թվում երկու պրոֆեսոր և չորս ասիստենտ: Սակայն համընդհանուր խանդավառության, ստանձնած գործի հանդեպ ցուցաբերվող բարձր պատասխանատվության, ինչպես նաև Մոսկվայի, Լենինգրադի, Կազանի, Խարկովի և այլ քաղաքների հնագույն բուհերի աջակցության շնորհիվ կարճ ժամանակում հաջողվեց կազմակերպել գիտակրթական բնականոն գործընթացը, ստեղծել նյութատեխնիկական բազա, համալրել պրոֆեսորադասախոսական կազմը և հիմք դնել անասնաբուժական գիտության առաջընթացին:

Ուշագրավ մի փաստ. 1930թ. Բեռլինի անասնաբուժական համալսարանի պրոֆեսոր Նոլլերը, այցելելով Երևանի անասնաբուժական ինստիտուտ, «Ցենտրալբլատ ֆյուրբակտերոլոգի» ամսագրում գրել է. «Անդրֆեդերացիայի անասնաբուժական ինստիտուտը համարվում է այդ տիպի նշանավոր հաստատություն: Այդ ինստիտուտի կառուցմանն անհրաժեշտ է վերաբերվել արտակարգ մեծ հետաքրքրությամբ, քանի որ Հայաստանի տարածքում և միակը Անդրկովկասում հառնում է առաջնակարգ բուհ, որը համարվում է գիտական անասնաբուժության հենակետ Թուրքիայի և Պարսկաստանի սահմանի վրա» (մաս I, 97-րդ հատոր, Բեռլին, 1930թ):

Ինստիտուտը գյուղատնտեսական գիտության զարգացմանը զուգընթաց բարձր որակավորում ունեցող մասնագետներ է պատրաստել ինչպես հանրապետության, այնպես էլ Վրաստանի, Ադրբեջանի, Դաղստանի, Միջին Ասիայի հանրապետությունների համար: 1930թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ: Մեկ տարի անց` 1931թ. հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում` 1932թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: Ինստիտուտի ստեղծման և կայացման գործում անգնահատելի ավանդ ունեին բազմավաստակ գիտնականներ, պրոֆեսորներ, կրթության և արտադրության հմուտ կազմակերպիչներ, իրենց գործի իսկական նվիրյալներ Բ.Գ.Մասինոն, Ս.Մ.Սմիրենսկին, Ս.Ա.Շչերբակովը, Ա.Զ.Թամամշևը (Թամամշյան), Ի.Ի.Կալուգինը, Ֆ.Ա.Միխայլովը, Բ.Ն.Միխայլովը, Ա.Հ.Քալանթարը, Ս.Պ.Ղամբարյանը, Ն.Ա.Տրոիցկին, Բ.Ա.Բիցկին, Ս.Ա.Վելլերը, Ի.Ո.Բախրոմեևը, Դ.Վ.Զնամենսկին, Օ.Ա.Գերմանը, Ս.Մ.Յուզբաշյանը, Ա.Ա.Բեդելյանը և ուրիշներ:

Առաջին ուսումնական տարվա ընդունելության պլանով սահմանվել էր 130 տեղ, ընդ որում` 25-ը Հայաստանի, 35-ն Ադրբեջանի, 30-ը Վրաստանի, 30-ը Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հանրապետությունների, իսկ 10-ը բանակից զորացրվածների համար:

Սկզբից ևեթ ինստիտուտում գործել է երկու ֆակուլտետ`
անասնաբուժական,
անասնաբուծական,
իսկ 1961 թ. կազմավորվել է նաև կաթի և կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգների ֆակուլտետը: 1932թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի: 1965թ. գործել են որակավորման բարձրացման, իսկ 1969 թ.` հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: 1971թ. բացվել է նախապատրաստական բաժինը:
Ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ռեկտորն էր Բ.Գ.Մասինոն (1928-1937թթ.): Հետագա տարիներին ինստիտուտը ղեկավարել են Հ.Պ.Մեղավորյանը (1937-1939թթ.), Մ.Հ.Մարտիրոսյանը (1939-1942թթ.), Գ.Ա.Շաքարյանը (1942-1955թթ.), Գ.Ո.Քամալյանը (1955-1972թթ.), Հ.Հ.Մադոյանը (1972-1978թթ.), Գ.Հ.Փանոսյանը (1978-1983թթ.), Մ.Ս.Մելքոնյանը (1983-1994թթ.): Ինստիտուտի բազմաթիվ շրջանավարտներ և դասախոսներ դարձել են ականավոր գիտնականներ, ԽՍՀՄ գիտությունների և այլ ակադեմիաների ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ, գիտության վաստակավոր գործիչներ: Նրանցից են Մ.Ք.Չայլախյանը, Ա.Զ.Թամամշևը, Հ.Ք.Սարկիսովը, Ա.Ա.Ռուխկյանը, Հ.Խ.Բունիաթյանը, Ա.Թ.Բաբայանը, Հ.Կ.Մաղաքյանը, Է.Հ.Դավթյանը, Ս.Կ.Կարապետյանը, Խ.Ե.Երիցյանը, Ս.Գ.Ղազարյանը, Հ.Բ.Բոյախչյանը, Մ.Ս.Գրիգորյանը, Զ.Ք.Դիլանյանը, Ե.Վ.Կադիլովը, Ա.Հ.Մանասյանը, Ս.Շ.Սաքանյանը, Ն.Ա.Մալաթյանը, Մ.Ա.Առաքելյանը, Մ.Գ.Քարամյանը, Վ.Բ.Ոսկանյանը, Մ.Ս.Մելքոնյանը, Գ.Ս.Գրիգորյանը և ուրիշներ։ Քսաներկու սաներ արժանացել են հանրապետության վաստակավոր անասնաբույծի, անասնաբույժի և ինժեների կոչման:
Սկզբնական շրջանում ինստիտուտում գործել է մի քանի ամբիոն, իսկ 1989թ. դրանց թիվը հասել է 27-ի: 1933թ. սկսած` ինստիտուտն ունեցել է 350-ից ավելի ասպիրանտ: Գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհուրդների գոյության ընթացքում պաշտպանվել է 807 ատենախոսություն, այդ թվում` 132-ը դոկտորական:
Ինստիտուտն ուներ հարուստ գրադարան, որի գրքային ֆոնդը վերջին տարիներին կազմում էր 225 հազար միավոր:
1932թ. ընդմիջումներով, իսկ 1958-ից կանոնավոր սկսել է հրատարակվել ինստիտուտի «Կադրերի համար» բազմատպաքանակ թերթը: 1946թ. հիմնադրվել է ինստիտուտի տպարանը: Իր գոյության ընթացքում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը տվել է 16717 շրջանավարտ:
Ինստիտուտի գիտնականները ծանրակշիռ գիտահետազոտական աշխատանքներ են կատարել անասնաբուծության, անասնաբուժության, կաթնագործության բնագավառներում: Ստացվել են գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատու նոր ցեղեր և ցեղային տիպեր, մշակվել ու ներդրվել են կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցներ ու մեթոդներ, առաջարկվել են կաթնամթերքի նոր տեսակների արտադրության տեխնոլոգիական լուծումներ:
1974թ. հիմնադրվել է գիտահետազոտական սեկտորը, որի կազմում գործել է արտոնագրային ինֆորմացիայի ծառայությունը:
Ինստիտուտում տարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվել են գիտական աշխատությունների 64 ժողովածուներում, 4562 գիտական հոդվածներում, 87 մենագրություններում: Հրատարակվել են 144 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 148 գիտահանրամատչելի գրքույկ, ստացվել է 136 հեղինակային վկայական: Կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով անցկացվել է 50 գիտաժողով, այդ թվում` 16-ը համամիութենական և միջբուհական բնույթի:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1981թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով ինստիտուտը գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման և գյուղատնտեսական գիտության զարգացման ասպարեզում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել Է «Պատվո նշան» շքանշանով:

Հայկական գյուղատնտեսական  ակադեմիա, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն` Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան: 2012թ.-ի հուլիսի 14-ի թիվ 872 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա.Ց. Խաչատրյանը (1994-1998), 1998-2018 թվականներին բուհը ղեկավարել  է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ա.Պ.Թարվերդյանը, իսկ 2018 թ. սեպտեմբերից համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԱՄՆ Տեխասի  A and M համալսարանի ասոշիեյթ պրոֆեսոր Վարդան Էդիկի Ուռուտյանը:

Ագրարային համալսարանը, լինելով գյուղատնտեսական ոլորտի միակ պետական բուհը հանրապետությունում, բարձրագույն կրթությամբ կադրեր է պատրաստում 32 մասնագիտություններով` ուսուցման եռաստիճան համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ինտեգրվելու միջազգային կրթական համակարգին: Հաշվի առնելով ագրարային կրթության առանձնահատկությունները, ապագա մասնագետների գործնական գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման կարևորությունը` ՀՀ Կառավարությունն ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների համար բակալավրային ուսուցման տևողությունը սահմանել է չորս տարի: Այլ է մոտեցումը նաև ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների  նկատմամբ. մյուս բուհերի համեմատ այն ավելի երկարատև է և հագեցած:

Վերջին տարիներին ագրարային համալսարանում ուսուցում է իրականացվում «Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն», «Ագրոբիզնես և շուկայաբանություն», «Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն» մասնագիտություններով, որոնք եզակի են ոչ միայն տարածաշրջանում, այլև ԱՊՀ անդամ երկրների ագրարային բուհերում:

Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը կազմում է մոտ 2480, հեռակա ուսուցման համակարգում` 4275, քոլեջում` 492: Մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 187 ուսանող:
Առկա և հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 63 է, նրանց թվում կան ասպիրանտներ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Սիրիայից:
Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական պլաններ ու ծրագրեր, որոնք կրթական համակարգ են ներդրվել 2004-2005 ուսումնական տարվանից:

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը թևակոխել է բարեփոխումների ակտիվ ժամանակաշրջան: 2018 թ. նոյեմբերի 6-ին  կայացած ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է համալսարանի նոր կառուցվածքը:

Ագրարային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են. ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը, առկա ուսուցման 5 ֆակուլտետները՝
Ագրոնոմիական
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության
Ագրարային ճարտարագիտության
Պարենամթերքի տեխնոլոգիաների
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության,
ինչպես նաև՝
Հեռակա ուսուցման և Ագրոբիզնեսի ուսուցման դեպարտամենտները
Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը
Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը
Վանաձորի
Սիսիանի
Շիրակի
Ռուսական մասնաճյուղերը:
Մինչև 2017 թվականը համալսարանը մասնաճյուղ է ունեցել նաև Ստեփանակերտում:

Գիտության դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներն են գիտական գրադարանը, սննդագիտության և կենսատեխնոլոգիաների, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտները, «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն», «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն», «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերը, պեստիցիդների և բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման, էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության, բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնները և կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան:

ՀԱԱՀ-ի կազմում առանձին և լիարժեք գործող բաժին է տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որի առաքելությունը համալսարանի կրթական, գիտական ու հետազոտական գործունեության ապահովումն է նորագույն տեխնոլոգիաներով և համակարգչային արդիական ծրագրերով: Կենտրոնի ստորաբաժանումներն են՝  տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքի, տեղեկատվական համակարգերի կառավարման, ուսումնական գործընթացի ավտոմատացման բաժիններն ու տպարանը:

Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից են հաշվապահությունը, մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի, ընդհանուր, հրատարակչական-խմբագրական, մարքետինգի և զարգացման, միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինները, ՀԱԱՀ-ի թանգարանները, «Զարթոնք» հանգստյան տունը, «Բալահովիտ» և «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունները, գինու գիտաուսումնական կենտրոնը և այլն:

Համալսարանի կարևոր ստորաբաժանումներից է Միջազգային կապերի դեպարտամենտը, որն իրականացնում է ՀԱԱՀ-ի միջազգային գործակցությունը կրթության, գիտության և խորհրդատվության ոլորտներում: Դեպարտամենտի գործունեությունը միտված է համալսարանը միջազգային ճանաչման հասցնելուն և միջազգային բարձրագույն  կրթական տարածքում նրա ինտեգրմանը:

Հանրապետության և միջազգային գիտակրթական հաստատությունների շարքում ագրարային համալսարանի ուրույն հեղինակությունն ապահովվում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական ներուժի շնորհիվ (637 դասախոսներից 60-ը գիտությունների դոկտոր են, 310-ը` գիտությունների թեկնածու): Համալսարանում գործում է թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտական չորս խորհուրդ` գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ, ագրոնոմիա, անասնաբուժություն և անասնաբուծություն, տնտեսագիտություն: Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 7 մասնագիտությունների գծով:

Ագրարային համալսարանի գիտնականները բազմաթիվ հետազոտական ծրագրեր են իրականացնում մշակաբույսերի արժեքավոր սորտերի և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենոֆոնդի պահպանման ու բարելավման, անասնաբուժության, գյուղատնտեսական նոր մեքենաների և սարքավորումների նախագծման, բուսական ու կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման նոր տեխնոլոգիաների, էկոլոգիական, ջրային ու հողաշինարարական հիմնախնդիրների, բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների ստուգման ու միջոցառումների մշակման, ինչպես նաև ագրարային տնտեսագիտական հիմնախնդիրների բնագավառներում: Համալսարանի գիտնականները վերջին տարիներին սերտորեն համագործակցում են միջազգային տարբեր գիտակրթական կառույցների հետ և կազմակերպում միջազգային գիտաժողովներ:

Ագրարային համալսարանի գրադարանը հանրապետության հնագույն գրադարաններից է: Այն ունի տարբեր երկրներում հրատարակված գիտական, ուսումնական և տեղեկատվական գրականության մոտ 550 հազար միավոր հարուստ գրքային ֆոնդ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2004 թվականից գործում է էլեկտրոնային գրադարանը: Պատշաճ մակարդակով կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի ընթերցասրահներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծված գիտակրթական ու ստեղծագործական աշխատանքի համար:
Համալսարանը հայտնի է նաև իր անատոմիական գիտաուսումնական թանգարանով, որը լավագույններից է Եվրոպայում: Ներկայացված բազմաթիվ ցուցանմուշները հետաքրքրական են ոչ միայն ուսանողների և գիտնականների, այլև այցելուների համար: Բազմաբնույթ ցուցանմուշներով է հարուստ է նաև ՀԱԱՀ-ի պատմության թանգարանը:

Իննսունամյա համալսարանի կոլեկտիվը վստահաբար կերտում է իր ապագան՝ ժողովրդի և իր պետության առջև պատվով կատարելով իր առաքելությունը: