Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների իրավահաջորդն ու ավանդույթների կրողը, հանրապետությունում ագրարային ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստող միակ կրթական օջախն է:
Համալսարանի առաքելությունը կրթության և գիտության կադրային և նյութական ռեսուրսների կենտրոնացմամբ ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով Հայաստանում և տարածաշրջանում ագրարային ոլորտի աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարող և դրանց դինամիկ փոփոխությունները հաշվի առնող առաջատար կրթական, գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դառնալն է:
Իր առաքելությունն իրականացնելիս համալսարանը, օգտագործելով իր մարդկային և նյութական ողջ ներուժն ու կարողությունները, պետք է կարողանա իրագործել.
- Կրթության և գիտության բնագավառում ազգային ընդհանուր շահերի ապահովում
- Աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներին համապատասխան ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձևավորմանը նպաստող կրթական միջավայրի ստեղծում
- Մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացում և հասարակության առաջ հաշվետվողակաության ապահովում
- Կրթության որակի, կրթական չափանիշների, չափորոշիչների և մակարդակի պահպանում ու զարգացում, ժամանակակից պահանջներին համահունչ կրթության բովանդակության անընդհատ համալրում, համալսարանում որակի մշակույթի ձևավորում
- Գիտական հետազոտությունների և կրթական գործընթացի առաջընթաց զարգացում ու ինտեգրում, կրթական և գիտահետազոտական գործընթացներում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրում
- Կրթության մատչելիության լայն ապահովում
- Համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին ինտեգրում, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ոլորտում միջազգային հանրության հետ լայն գործակցության ապահովում
- Ազգային և միջազգային մակարդակներում համալսարանի կողմից մատուցվող ծառայությունների համադրելիության և մրցունակության, ինչպես նաև թափանցիկության ապահովում
- Բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական որակյալ կրթության մատուցում
- Գիտելիքների և առաջավոր տեխնոլոգիաների տարածման խթանում ու շուկայական ենթակառուցվածքների ինովացիոն գործունեության ձևավորում
- Համալսարանում ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում:
Համալսարանն իր ապագան կառուցում է` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բարձր դինամիկան, Հայաստանի ակտիվ մուտքը համաշխարհային տնտեսական հարթություն, արտադրության, կրթության և հասարակական կյանքի այլ ոլորտներում նոր տեխնոլոգիաների հանդես գալը, ինչպես նաև Հայաստանում ինֆորմացիոն հասարակության ձևավորումը:
Իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին համալսարանը կատարելագործելու ու զարգացնելու է կրթական, գիտական, խորհրդատվական ու տեղեկատվական, կառավարման համակարգի, նյութատեխնիկական բազայի, սոցիալական ոլորտի և միջազգայնացման ոլորտներում իրականացվող գործընթացները: