«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր

Անի Պետրոսյան

ծրագրի համակարգող

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 5-րդ հարկ
  • (+374 55) 52 07 73
  • mba@anau.am
  • DAAD այլ ծրագրերի համար՝ www.daad.am

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսը հիմնվել է 2003թ. ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակներում: Համադրելով ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի ԿԳՀ-ի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե ունեցավ մեծ հաջողություն: Տասնվեցամյա գործունեության ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում մոտ յոթանասուն ՀԱԱՀ շրջանավարտներ շարունակել են ուսումը Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, իսկ հարյուրից ավելի շրջանավարտներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Մինչև 2011 թ. ծրագիրը գործել է միայն հայերեն լեզվով: Սկսած 01.12.2011թ.-ից՝ այն գործում է երկու լեզվով` հայերեն և գերմաներեն: Յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի դասընթացներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցկացնելու համար: Ծրագրի նպատակն է ուսանողներին զինել ոչ միայն ժամանակակից տեսական գիտելիքներով, այլ նաև գործնական հմտություններով, որն անհրաժեշտ է տեսական ուսուցումը լավ յուրացնելու համար: Լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում իրենց տեսական ուսուցումը նույնպես Գերմանիայում շարունակելու համար:
Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ սերտ համագործակցելով՝ պարբերաբար թարմացվում են ուսումնական նյութերը, դասավանդող դասախոսները վերապատրաստվում են Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, անցկացվում են սեմինարներ ինչպես ՀԱԱՀ-ում, այնպես էլ Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, նաև կազմակերպվում են ուսումնա-տեղեկատվական այցելություններ ուսանողների համար Հայաստանում և Գերմանիայում:
2011թ.-ից ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կողմից: Շնորհիվ DAAD-ի աջակցության՝ ծրագիրն ավելի է ընդլայնվել: Այն հնարավորություն է ընձեռում ՀԱԱՀ բարձր առաջադիմությամբ ուսանողներին (հատկապես սոցիալապես անապահով) կրթություն ստանալ և ՀԱԱՀ-ում, և Գերմանիայում` Վայհենշտեֆանի ԿԳՀ ում ուսանելու համար:
Ծրագրի կարևորագույն արդյունքը 2016 թ․ ՀԱԱՀ-ի և Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի միջազգային հավատարմագրումն էր, որին հաջորդեց 2019թ-ին կրկնակի դիպլոմների տրամադրման պայմանագրի կնքումը, ինչը թույլ է տալիս 2 կիսամյակ ՀԱԱՀ-ի և 2 կիսամյակ ՎԿԳՀ-ի Ագրարային մենեջմենթ ծրագրերում ուսանած հայ շրջանավարտներին ստանալու կրկնակի դիպլոմ։
Սիրելի ուսանողներ, մեր թիմը ողջունում է ձեզ, որպես մեր ապագա մագիստրանտների և ծրագրի մասնակիցների, ու պատրաստ է ապահովել ձեզ ավելի մանրամասն տեղեկատվությամբ ու խորհրդատվությամբ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) ֆինանսական աջակցությամբ ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջև համագործակցության շրջանակներում գործում է «Ագրարային մենեջմենթ» գերմանալեզու ծրագիր: Գերմանալեզու ծրագրի դիմորդների համար նախապես կազմակերպվում են գերմաներեն լեզվի դասընթացներ` մինչև մագիստրատուրա ընդունվելը: «Ագրարային մենեջմենթ» ծրագրին յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին կարող են դիմել բոլոր այն դիմորդները, ովքեր այդ տարվա մինչև մայիս ամիսը կավարտեն բակալավրի աստիճանը:

Բակալավրի նախաավարտական կուրսին զուգահեռ փետրվար ամսից դիմորդները կսովորեն գերմաներեն լեզուն, իսկ հաջորդ տարվա փետրվար ամսին`բակալավրի ավարտական տարում արդեն, կընդունվեն «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագիր: Ընդունելության կարգը նույնն է, ինչ մնացած բոլոր մասնագիտությունների գծով մագիստրատուրայի ընդունելությունը: «Ագրարային մենեջմենթ» ծրագրով 2 կիսամյակ ՀԱԱՀ-ում և 2 կիսամյակ ՎԿԳՀ-ում սովորած մագիստրանտներն ավարտելիս կստանան ՀԱԱՀ-ի և ՎԿԳՀ-ի կրկնակի դիլոմ: Իսկ մյուս դեպքերում ՀԱԱՀ-ի պետական նմուշի դիպլոմ ևՎայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի սերտիֆիկատ:

Սովորիր գերմաներեն

Զարգացրե´ք Ձեր գիտելիքներն ու հմտությունները` գրանցվելով դասընթացին

«Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական կուրսի ընդունելություն
ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտների համար

Ինչ ենք առաջարկում

Պրակտիկ կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն և հայերեն լեզուներով

Ինչու ընտրել հենց այս կրթական ծրագիրը

  • Գերմաներենի ինտենսիվ կուրսեր զրոյական մակարդակից մինչև C1 մակարդակ
  • Ուսուցում գործատուների պահանջներին համապատասխան գերմանական ուսումնական պլանով և գերմանական մոդուլներով
  • Կրթական գործընթաց ժամանակակից մեթոդներով` տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսանողակենտրոն ուսուցման մեխանիզմների կիրառմամբ
  • Գերմանացի դասախոսների և դասընթացավարների մասնակցությամբ դասերի անցկացում
  • Մեկ շաբաթյա ուսումնա-ճանաչողական այցեր Գերմանիայում և Հայաստանում
  • 6-ամսյա գիտաարտադրական լիարժեք պրակտիկա Գերմանիայի առաջատար տնտեսություններում
  • Ուսումը շարունակելու հնարավորություն Գերմանիայի Վայհենշտեֆանի-Թրիսդորֆ համալսարանում
  • Կրկնակի դիպլոմների/սերտիֆիկատների շնորհում
  • Աշխատանքի լայն հնարավորություն հայաստանյան և միջազգային առաջատար կազմակերպություններում

Կուրսի տևողությունը 2 տարի է:
Դիմումներն ընդունվում են մինչև 2020թ. փետրվարի 10-ը:

Մանրամասն տեղեկությունների համար

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 5-րդ հարկ
(+374 55) 52 07 73
mba@anau.am

DAAD այլ ծրագրերի համար՝ www.daad.am