Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ

Արևիկ Յուրիի Աբովյան

անաս.գիտ.թեկն., դոցենտ

Դեկան

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյուն 19, 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ,
  • (+374 12) 52 59 56, ներքին` 2-34
  • [email protected]

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը հանրապետությունում անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության և անասնաբուծության բնագավառների բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստող միակ ֆակուլտետն է, որը դարձել է նաև այդ բնագավառների տարաբնույթ գիտական հետազոտությունների կենտրոն:
Ֆակուլտետը դրականորեն փոխում է իր դերը․ իրականացնում է միջազգային տարաբնույթ ծրագրեր, որոնք միտված են կրթության բարեփոխումներին, աշխատաշուկայի և գիտության ոլորտում ճանաչելի, ընկալելի և մրցունակ մասնագետներ պատրաստելուն: Ուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար ամբիոնների հիմնական մասը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, գործնական ուսուցումը տարվում է անասնաբուժական կլինիկաներում, սպանդանոցներում, քաղաքային շուկաներում, անասնապահական ֆերմաներում և այլ մասնագիտական ուղղվածություն ունեցող վայրերում: Երեք մասնագիտությունների գծով ուսանողները մասնակցում են արհեստական սերմնավորողի դասընթացներին և ստանում «Արհեստական սերմնավորող օպերատորի» որակավորում:
Բոլոր պրակտիկաներն անցկացվում են հանրապետության սննդի խոշորագույն վերամշակման արտադրամասերում, ղեկավար կառույցներում՝ Սննդի անվտանգության տեսչական մարմին, Էկոնոմիկայի նախարարություն, Անասնաբույժների ազգային ասոցիացիա, CARD, անասնաբուժական կլինիկաներ, ֆերմաներ, Կենդանաբանական այգի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ, սննդի ստուգման լաբորատորիաներ և այլն:
Ներկայումս վերակառուցվում է Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունը, որտեղ կունենանք SMART ֆերմա, ինչն ուսանողներին հնարավորություն կտա փորձուսուցմամբ լրացնել իրենց տեսական գիտելիքները: Կառավարության, տեղի և արտերկրի մեր գործընկերների աջակցությամբ սկսել ենք հզոր արդիական ենթակառույցների ստեղծման աշխատանքները, որոնք հավասարապես ծառայելու են ուսումնական և երկրում ոլորտի զարգացման նպատակներին։ Ֆակուլտետի մասնաշենքերից մեկում ավարտվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի հիմնադրումը: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն, որը կնպաստի կարողությունների ձևավորմանը` միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:
Գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ՀԱԱՀ կրթական համակարգում կներդրվի անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ բիոէթիկական կրթություն: Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի կազմում կլինեն երեք հիմնական բաժիններ` անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, անասնաբուժական ժամանակակից կլինիկա, ուսումնական լսարաններ:
Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այն թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազեցնել սխալները մասնագիտական գործունեության ընթացքում:
Ներկայացվող ծրագրի թիրախային խմբերն են՝ ֆակուլտետի և քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրանտները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, անասնաբույժները, սննդամթերքի անվտանգության մասնագետները, կենդանիների հիվանդությունների հետազոտմամբ և կանխարգելմամբ զբաղվող տեղական կառույցների ներկայացուցիչները:

Նորաստեղծ անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնը կդառնա այդ ոլորտում ներգրավված տարբեր կենտրոններին և առանձին մասնագետներին միավորող յուրահատուկ կառույց: Դրա արդյունքում ոլորտի հիմնախնդիրների վերհանումն ու իրականացվող ծրագրերի գնահատումը կստանա որակական մեկ այլ աստիճան, ինչի արդյունքում կնվազեն կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքերը, կբարելավվեն կենսաբանական վտանգների վերահսկման մեխանիզմները, հնարավորինս կլուծվի ազգաբնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովման հիմնախնդիրը: Դասախոսների և կենտրոնի աշխատակիցների համար նախատեսվում է պարբերաբար կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ այս ոլորտում միջազգային փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու համար: Ներկայացված ծրագրով կստեղծվի անասնաբուժական կլինիկական նորագույն սարքավորումներով, սիմուլյացիոն մուլյաժներով և էլեկտրոնային կրթական ծրագրերով հագեցված և հմուտ աշխատակիցներ ունեցող գերազանցության կենտրոն, որը կունենա գործունեության կրթական, հետազոտական և խորհրդատվական բաղադրիչներ:
Այսօր ֆակուլտետում իրականացվում են մի շարք ծրագրեր՝ արտերկրում առարկայական խորը գիտելիքներ և արտադրական պրակտիկաների միջոցով մասնագիտական փորձ ձեռք բերելու համար: Կազմակերպվում են նաև մասնագիտական բաց դասեր, սեմինարներ, հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ: Ֆակուլտետը նաև ակտիվ կերպով մասնակցում է ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող տարբեր՝ սպորտային, մշակութային, ինտելեկտուալ և այլ միջոցառումներին, որոնց շրջանակներում ունի բազմաթիվ ձեռքբերումներ և նվաճումներ:
Յուրաքանչյուր մասնագետի համար կայուն աշխատանքի և մասնագիտական աճի երաշխիքը շարունակական պրոֆեսիոնալ զարգացումն է: Այդ պատճառով ֆակուլտետում իրականացվում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստումներն իրականացվում են նախապես կազմված և հաստատված ծրագրերին ու ժամանակացույցին համապատասխան: Ծրագրերը միտված են նպաստելու գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանըˋ գործնականորեն կիրառելով նորարարական մոտեցումներ և ստեղծելով արդի շուկայի պահանջներին համապատասխան գործնական կրթական համակարգ անասնաբուժության, անասնաբուծության, սննդի անվտանգության և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:
Ֆակուլտետին կից գործում է անասնաբուժական կլինիկական լաբորատորիան, որն ակտիվորեն մասնակցում է առկա և հեռակա բակալավրում, մագիստրատուրայում, քոլեջում սովորող ուսանողների արտադրական պրակտիկաների լիարժեք անցկացմանը: Հատկանշական է նաև, որ ֆակուլտետի ամբիոնների գիտնականներն առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում արտադրության աշխատողների վերապատրաստման, խորհրդատվությունների կազմակերպման ուղղությամբ և նպաստում գիտության նորագույն նվաճումների ներդրմանն արտադրությունում՝ դրանով իսկ ապահովելով կրթության շարունակականությունը:
Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատանքի են անցնում հանրապետության պետական և ոչ պետական մի շարք կազմակերպություններում և ձեռնարկություններում` շուկաներում, կաթի գործարաններում, մսի արտադրամասերում, լաբորատորիաներում, հանրապետության տարբեր համայնքների ֆերմերային տնտեսություններում, մաքսային ծառայություններում, սահմանապահ զորքերում, անվտանգության և ներքին գործերի մի շարք ստորաբաժանումներում, ինչպես նաև համապատասխան նախարարություններում:
2019թ. փետրվարից Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկանն է անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Յուրիի Աբովյանը:

գործավար

Նիկիշաևա Նունե

(+374 91) 915094, ներքին` 2-34
[email protected]

գործավար

Բաբեյան Լուսինե

(+374 12) 525956, ներքին` 2-34
[email protected]

գործավար

Նազարյան Աշխեն

(+374 12) 525956, ներքին` 2-34
[email protected]

Մասնագիտութուններ

Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյուն 19, 5-րդ մասնաշենք, 2-րդ հարկ,
  • (+374 12) 52 59 56, ներքին` 2-34
  • [email protected]

Ֆակուլտետի պատմությունը

1928 թվականի հունիսի 28-ին, Համկ(բ)կ Անդրկովկասի ԵրԿԿոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ: Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքներն սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը: Սեպտեմբերի 18-ին տրվել է ինստիտուտի առաջին հրամանը, որի համաձայն տնօրեն է նշանակվել պրոֆեսոր Բորիս Գրիգորի Մոսինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացել է ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ քաղաքական և կուսակցական ղեկավարներ` Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ: Հանդիսավոր նիստում հրատարակվեց Համկ(բ)կ Անդրկովկասի ԵրԿԿոմի որոշումը` անասնաբուժական ինստիտուտը Անդրֆեդերացիայի անվամբ կոչելու մասին: Ակադեմիկոս Ա. Թամանյանի նախագծով 1928թ. դրվեց ինստիտուտի գլխավոր մասնաշենքի հիմքը:
1930 թվականին Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի հիման վրա հիմնադրվում է անդրկովկասյան անասնաբուծական ինստիտուտը: Մեկ տարի անց` 1931 թվականի հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում երկու ինստիտուտների (անասնաբուժական, անասնաբուծական) բազայի վրա ստեղծել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը 1932 թվականին վերանվանվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի:
Անասնաբուժական ֆակուլտետի հիմնադիր դեկանը պրոֆեսոր Բ.Ն.Միխայլովն էր, որի սկսած պատասխանատու գործը արժանապատվորեն շարունակել են պրոֆեսորներ Գ.Ա.Շաքարյանը, Ե.Վ.Կադիլովը, Հ.Գ. Ստեփանյանը, Ֆ.Ա.Միխայլովը, Հ.Բ.Բոյախչյանը, դոցենտներ Օ.Գ.Տեր-Հովհաննիսովան, Հ.Մ.Աղաջանյանը, պրոֆ. Ա.Հ.Մանասյանը, դոց. Բ.Լ.Մկրտչյանը, պրոֆ. Գ.Ս.Գրիգորյանը, դոց. Բ.Դ.Հարությունյանը, պրոֆ. Վ.Վ.Աբրահամյանը, պրոֆ. Յու.Հ.Աբովյանը, պրոֆ. Ա.Վ.Վարդանյանը: Ֆակուլտետի 1-ին շրջանավարտները ավարտել են 1932թ., թվով 94 անասնաբույժներ:
Սկսած 1933 թ-ից ֆակուլտետի կոլեկտիվը և նրա գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը, մինչև այժմ մեծ ավանդ են ներդրել գիտական աստիճաններ ունեցող, որակյալ ու շնորհալի գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում: Շնորհիվ ֆակուլտետում եղած գիտական բարձրորակ կադրերի 1935թ. ֆակուլտետում գործել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի, իսկ 1944թ.` գիտությունների դոկտորի աստիճան շնորհող գիտական խորհուրդ:
Ֆակուլտետի դասախոսական կազմը օժտված է գիտական մեծ ներուժով, որոնց ուժերով և գիտական ներդրումներով հանրապետության անասնապահությունը լուրջ առաջընթաց է ունեցել 1930-1990 թվականներին: Նպատակասլաց աշխատանքների արդյունքում հանրապետությունում ստեղծվել են գյուղատնտեսական կենդանիների բարձր կենսաբանական և մթերատու հատկություններով օժտված ցեղեր, տիպեր, գծեր, որոնց գենոֆոնդի պահպանումը և կատարելագործումը ներկա և ապագա սերունդների խնդիրն է:
Ֆակուլտետի պատմության ընթացքում դասախոսների շատ սերունդներ են եկել անցել, որոնց հուշերը, գործունեությունը և արգասաբեր աշխատանքը գնահատվում և մեծարվում է համալսարանի կողմից․ մշտապես նշվում են արժանի երախտավորների նշանավոր տարելիցները՝ սահմանելով նրանց անունով անվանական կրթաթոշակներ, անվանակոչելով ամբիոններ, լսարաններ, լաբորատորիաներ և այլն:
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ներկայիս ֆակուլտետի կոլեկտիվը պատմական անցումային այս շրջանում շարունակում է իր շնորհաշատ նախորդ սերունդների շնորհակալ գործը, իրականացնում գիտական բարեփոխումներ, որոնք պայմանավորված են ժամանակի հրամայականով և միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու առաքելությամբ: