SMARTI՝ ՀԱԱՀ աշխատակիցները Լիվերպուլում մասնակցեցին վերապատրաստման դասընթացի

Ապրիլի 3-12-ը Erasmus+SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակում՝ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Լեզվի ուսուցման կենտրոնի (ինքնաֆինանսավորվող) համակարգող Գառնիկ Սեւոյանը գործուղվել էին ՄԹ-ի Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարան՝ անգլերենը, որպես դասավանդման միջոց ուսումնական մոդուլների ստեղծման վերապատրաստման դասընթացին մասնակցելու նպատակով։

Մոդուլները մշակում են հայաստանյան բուհերը՝ ԵՄ գործընկեր համալսարանների դասընթացավարների խորհրդատվության, վերապատրաստման եւ նյութերի հիման վրա։ Հայաստանյան յուրաքանչյուր բուհ մշակելու է 2 մոդուլ։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է EMI Oral Teaching Skills Part 1 եւ ESP Pathway Program Module ուսումնական մոդուլների համար։

Ամենօրյա դասընթացները ինտերակտիվ էին, քննարկումներով հագեցած։ Արդյունավետ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով մասնակիցներին տրվել էր ուսանողի կարգավիճակ եւ վերապատրաստման ընթացքում նրանց հասանելի էին համալսարանի ազատ ոճի աշխատանքային տարածքները, գրադարանը, համակարգչային սենյակները եւ այլն։

Վերջին օրը շահառուները ներկայացրեցին մշակած մոդուլների նախնական տարբերակները, որոնք կլոր սեղանի շուրջ քննարկվեցին Լիվերպուլի եւ Ռիգայի Պոլիտեխնիկական համալսարանների մասնագետների մասնակցությամբ։ Նախատեսվում է նաեւ հրատարակել 10 մոդուլը ներկայացնող ձեռնարկ։