Մայիսի 11-ին ՀԱԱՀ-ում մեկնարկել է Դիժոնի ագրոինստիտուտի, ԵՊՀ-ի եւ ՀԱԱՀ-ի համատեղ ամառային դպրոցը՝ «Կամրջելով ֆիզիկական քիմիան կենսաբանության եւ ագրոգիտությունների հետ․ ներկա միտումները եւ կիրառությունները» վերտառությամբ։
ՀՀ-ում Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցության եւ մշակութային հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը ողջույնի իր խոսքում նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի ավելի քան 30 տարվա խոշորագույն գործընկեր պետություններից է՝ տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում գործակցության երկարամյա պատմությամբ։ Սակայն ագրարային հարուստ պատմություն եւ մշակոյթ ունեցող երկու երկրների միջեւ այս ոլորտում գործակցությունը նոր է սկսում թափ առնել, մասնավորապես՝ ՀԱԱՀ-ի եւ Դիժոնի ագրոինստիտուտի շնորհիվ։ Ամառային դպրոցը առաջին փուլն է երկարատեւ ու հաջող համագործակցության, որի հետագա ընթացքը ավելի հստակ կուրվագծվի վերջերս ՀԱԱՀ-ում ֆրանսիացի փորձագետների վեր հանած կարիքների հիման վրա։ «Ֆրանսիան եւ Հայաստանը միմյանցից շատ բան ունեն սովորելու, այնպես որ կեցցե համագործակցությունը ագրարային ոլորտում, կեցցեն Ագրարային համալսարանը եւ Ագրոդիժոնը», – այսպես եզրափակեց իր խոսքը պարոն Ռիշարը։
ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ջերմորեն ողջունեց գործընկերներին եւ Ամառային դպրոցի մասնակիցներին։ Երիտասարդների հուսալի ապագայի ստեղծման հարցում օգնելու մեր առաքելությունը ենթադրում է օրվա պահանջներից բխող կարողությունների ու հմտությունների զարգացմամբ նրանց մրցունակության ապահովումը, նշեց ռեկտոր Զաքոյանը։ Ըստ նրա, զուտ բուհական ուսումնական ծրագրերը չեն կարող բավարարել առհասարակ տնտեսության եւ աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմանները։ Այս առումով համագործակցությունը թե´ դասախոսներին է թույլ է տալիս բավարար հմտություններ ձեռք բերել ուսանողներին ուժեղացնելու համար եւ թե´ ուսանողներին է հնարավորություն տալիս զուգակցել ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը՝ սեփական մրցունակության բարձրացման միտումով։
Պարոն Զաքոյանը Խորին երախտագիտություն հայտնեց ֆրանսիացի գործընկերներին՝ համագործակցության մեր նախաձեռնությանը դրականորեն արձագանքելու համար, որի առաջին արդյունքը եղավ ֆրանսերենի դասընթաց անցած եւ մրցույթը հաղթահարած ՀԱԱՀ-ի 7 ուսանողների համար Ֆրանսիայում աշխատանքային կիսամյակն անցկացնելու հնարավորությունը․ նրանք կմեկնեն Ֆրանսիա օրերս։ Մեկնարկող Ամառային դպրոցի ծրագիրը մեր համալսարանում իրականացվող վերապատրաստման ավելի քան 20 կարճաժամկետ ծրագրերից տարբերվում է միջբուհական ձեւաչափով եւ ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ։ Պարոն Զաքոյանը վստահություն հայտնեց, որ դպրոցը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա ուսանողների համար։ Նա երախտագիտության խոսք ուղղեց բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ ծրագիրը կյանքի է կոչվել։ «Այս դրական փորձը վստահություն է ներշնչում, որ ավելի երկարատեւ համագործակցություն եւ ավելի մեծ մասշտաբի ծրագրեր կիրագործենք առաջիկա տարիներին՝ ի շահ հայ-ֆրանսիական բարեկամության եւ այդ բարեկամությունը շարունակող մեր երիտասարդների», – ասաց ռեկտոր Զաքոյանը։
Ողջույնի ջերմ խոսքով հանդես եկան նաեւ ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոն վարիչ Աննա Փոլադյանը եւ Դիժոնի ագրոինստիտուտի պրոֆեսորներ Կամիլ Լուպիակը, Դոմինիկ Շամպիոնը եւ Ալի Ասիֆաուին։
Ամառային դպրոցի առաջին օրը նշանավորվեց հացի թխման եւ շոկոլադի պատրաստման վարպետաց դասերով ու համտեսով։ Ֆրանսիական ավանդական մի քանի հացատեսակները պատրաստեց եւ ներկայացրեց Ժերոմ Բրուեն, իսկ հայկական ավանդական լավաշը՝ գործարար Ավագ Ադամյանը։ Երկուսն էլ ցուցադրությունն ու համտեսը համեմեցին գեղեցիկ պատումներով, որ արժանացան բոլոր ներկաների, հատկապես Ամառային դպրոցի մասնակից Ագրարայինի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հատուկ ուշադրությանը։
Ընտրված ուսանողների 3 խմբերի կազմն էլ խառն է՝ ԵՊՀ-ՀԱԱՀ։ Արդեն բարեկամացած՝ նրանք երեկվանից մեծ շահադրդվածությամբ ե´ւ հաճախում են տեսական դասերին, ե´ւ ՀԱԱՀ-ի տարբեր տեխնոլոգիական լաբորատորիաներում ուշիուշով հետեւում եւ ակտիվորեն մասնակցում են հացի, կաթնամթերքի եւ շոկոլադի տարբեր տեսակների պատրաստման գործնական աշխատանքներին։ Ձգտում են առավելագույնս օգուտ քաղել՝ փորձելով ոչինչ բաց չթողնել այն ամենից, ինչ նրանց սիրով ու վարպետորեն հրամցնում են Ագրոդիժոնի եւ ՀԱԱՀ-ի բազմափորձ դասախոս-փորձագետ-գիտնականները՝ Դոմինիկ Շամպիոնը, Գայանե Ապերյանը, Ալի Ասիֆաուին, Կամիլ Լուպիակը, Գայանե Մարմարյանը եւ Մարինա Կարախանյանը։ Ֆրանս-հայկական այս փաղանգը, բացի զուտ տեխնիկական նոր գիտելիքներից ու հմտություններից, ուսանողներին նաեւ «վարժեցնում» են մշակութային ու կենսափիլիսոփայական հայեցակարգերի, որոնք անհրաժեշտ կլինեն մասնագիտական ու անձնական զարգացման իրենց հետագա ճանապարհն անցնելիս։
Ամառային դպրոցը կավարտվի մայիսի 15-ին՝ ներկայացումներով եւ փակման արարողությամբ։
















































