Ավարտաճառերը պաշտպանեցին Անտառագիտություն եւ Ագրոէկոլոգիա կրթական ծրագրերի ավարտական կուրսի ուսանողները

– Գալո՞ւ եք մագիստրատուրա, որ շարունակեք հետազոտական աշխատանքները։

– Անպատճառ,- պատասխանում է ուսանողների գերակշիռ մասը՝ լայն ժպիտով ու անվարան:

Երեկ՝ մայիսի 11-ին, Անտառագիտություն եւ Ագրոէկոլոգիա կրթական ծրագրերի բակալավրիատի առկա եւ հեռակա համակարգերի ուսանողները պաշտպանում էին իրենց ավարտական թեզերը: Հանձնաժողովի նախագահ Լուսինե Համբարյանը նրանցից շատերին ուղղում էր մագիստրատուրայում ուսումը շարունակելու մասին հարցը եւ քաջալերում.

– Շատ լավ աշխատանք եք արել, եկեք ու շարունակեք ուսումնասիրությունները:

Իսկ թեմաները մեծ մասամբ շատ կարեւոր են, երկրի տնտեսության, սոցիալական կյանքի, բնապահպանական տեսակետից ռազմավարական նշանակություն ունեցող: Ուրբան գյուղատնտեսություն, թափոնների կառավարում, կանաչ տեխնոլոգիաներ, անտառապաշտպան գոտիների ստեղծման նախագիծ-նախահաշվարկներ, շրջանաձեւ մոդել, կոմպոստ, գրունտային եւ հիդրոպոնիկ երկրագործություն… ոլորտները բազմազան են, մոտեցումները ինքնատիպ, երբեմն՝ անսպասելի լուծումներով: Հանձնաժողովի անդամները շահագրգիռ, հաճախ անզիջում քննարկումների են բռնվում ուսանողների հետ եւ տպավորությունը հրաշալի է.

– Իմ կրտսեր գործընկերներ…,- ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հայրաբար դիմում է երիտասարդներին ու հորդորում,- փորձեր-դիտարկումներ արեք, մասնագիտական նորագույն գրականությանը հետեւեք անդադար:

Ավարտաճառերի լուսանկարները վկայում են, որ հեղինակները փորձեր են դրել, եզրահանգումների եկել, առաջարկություններն էլ հաճախ հեղինակային են: Ոմանք աշխատում են մասնագիտությամբ եւ տեսությունն ու կիրառությունը հաջողությամբ համատեղում են:

Պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանն ու Հրաչյա Ծպնեցյանը լսեցին ուսանողներից մի քանիսի պաշտպանությունը.

-Այս պահին բոլոր ֆակուլտետներում դիտարկումներ ենք անում: Նախորդ տարվա համեմատությամբ քայլ առաջ կա, բայց անելիքները շատ են՝ ցանկալիին հասնելու համար: Իսկ ցանկալին միանգամայն հասանելի եւ իրատեսական է: Ավարտաճառերի թեմաներ, կառուցվածք, կատարման ընթացք, գրախոսությունների որակ՝ այս ամենը պետք է հանգամանորեն ուսումնասիրվի, որպեսզի հստակեցնենք անելիքները,-ասաց պարոն Թովմասյանը:

Մարդկությունը հազարամյակներ շարունակ անխնա շահագործել ու վնասել է այն ամենն ինչ մեկ բնորոշմամբ շրջակա միջավայր ենք անվանում: Եւ որքան էլ տարփողենք, որ Երկիր մոլորակի 8,142 միլիարդ (2024-ի տվյալներով) բնակչությունից յուրաքանչյուրը անելիք ունի վիճակը շտկելու ուղղությամբ, մի բան անվիճելի է. մենք ապավինելու ենք մեր բնապահպանների՝ անտառագետների եւ ագրոէկոլոգների մասնագիտական կարողություններին ու նվիրվածությանը։