Դոցենտ Արման Հարությունյանը դասավանդման եւ վերապատրաստման նպատակով Վալյադոլիդի համալսարանում էր

Erasmus+ ծրագրի շրջանակում ապրիլի 13-ից մինչեւ 17-ը մասնակցել եմ շարժունության Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում։ Շարժունությունն ուներ համակցված բնույթ՝ կարդացել եմ դասախոսություններ եւ մասնակցել Վալյադոլիդի համալսարանի 3-րդ միջազգային շաբաթի շրջանակում կազմակերպված վերապատրաստումներին։

Դասախոսություններն իրականացրեցի գինու բիզնեսի եւ տուրիզմի վերաբերյալ, որոնք ինձ համար ունեն ինչպես խիստ մասնագիտական, այնպես էլ անձնական կարեւորություն։ Շարժունությունը եւս մեկ հնարավորություն էր այլ երկրում ներկայացնելու հայկական խաղողագործության եւ գինեգործության մշակույթը եւ բիզնեսի ներկա վիճակը։

Միջազգային շաբաթին մասնակցությունը, բացի Վալյադոլիդի համալսարանի անձնակազմի եւ ուսանողների հետ շփումներից, հնարավորություն տվեց համագործակցության եզրեր քննարկելու այլ երկրների համալսարանական ներկայացուցիչների հետ։ Հիմնական քննարկումներն ու շփումներն իրականացվեցին Վալյադոլիդի համալսարանի տնտեսագիտության եւ բիզնեսի դպրոցում, սակայն կային նաեւ ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնք հնարավորություն էին այլ ոլորտ ներկայացնող համալսարանական գործընկերների հետ շփվելու համար։ Որպես արդյունք՝ հնարավորություն ունեցա զարգացնելու ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ որոշ փափուկ հմտություններ։

Շարժունության ժամանակ կազմակերպված միջոցառումներից հատկապես հիշարժան էր «Բիզնեսը աշխարհում» պանելային քննարկումը, որին, բացի ինձանից, մասնակցում էին նաեւ չորս դասախոսներ Ուկրաինայից, Մոնտենեգրոյից եւ Տրինիդատ ու Տոբագոյից։ Քննարկման ժամանակ յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկրի բիզնես միջավայրը, ներկա վիճակը, առկա խնդիրները եւ զարգացման հնարավորությունները։ Պանելային քննարկմանը ներկա էին նաեւ ուսանողներ բակալավրիատի եւ մագիստատուրայի մասնագիտական կուրսերից, որը հնարավորություն տվեց նրանց ավելի լայն պատկերացում կազմելու այլ երկների տնտեսական իրավիճակի վերաբերյալ։

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Վալյադոլիդի պրոֆեսոր Խոսե Խուստեին, իր անձնական նախաձեռնության՝ Իսպանիայի Ռիբերա դել Դուերոյի գինեգործական շրջանի տուրիստական հնարավորություններին ծանոթացնելու համար։

Շարժունությունը համարում եմ նշանակալի քայլ մասնագիտական եւ անձնական աճի ապահովման կարեւորագույն գործում։

Արման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ