Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, բույսերի պաշտպանության ոլորտի մասնագետներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր: Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության, ինչպես նաեւ՝ Բույսերի պաշտպանների օր: Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի առջեւ:
ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի գյուղմթերքի շուրջ քառորդ մասը ոչնչանում է վնասակար օրգանիզմների պատճառով: Այս հանգամանքն առավել կարեւոր է դարձնում բույսերի պաշտպանների դերը. երկրի համար ռազմավարական նշանակության մի մասնագիտություն, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Տոնի շահառուների լայն շրջանակը լավատեսություն է ներշնչում մասնագիտության եւ ոլորտի ապագայի նկատմամբ:
Բույսերի պաշտպանների օրը լավ առիթ է՝ ոլորտի կանոնակարգման եւ վերահսկողության համար պատասխանատու պետական մարմնի, կրթական հաստատության, մասնագիտական համայնքի, հասարակական կառույցների եւ այլ շահակիցների ուշադրությունը առկա խնդիրների վրա եւս մեկ անգամ սեւեռելու անհրաժեշտությունը։
Որպես բույսերի պաշտպանության մասնագետ եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, պետք է շեշտեմ, որ ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելուն միտված լուծումներ գտնելու տեսակետից գլխավոր դերը նոր տեխնոլոգիաների, գիտելիքահենք մոտեցումների վրա հիմնված կրթական ծրագրեր յուրացրած, գործնական գիտելիքներով ու հմտություններով զինված բանիմաց, բարձրակարգ մասնագետներինն է։
Այս առումով Ագրարային համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները բույսերի պաշտպանության մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:
Բույսերի պաշտպանների պահանջարկը երկրում մեծ է, իսկ առաջարկվող աշխատավարձերը մրցունակ՝ որեւէ բնագավառի հետ համեմատած:
Օրվա խորհրդին համահունչ է «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» բանաձեւը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում մասնագիտական եւ աշխատանքային հաջողություններ, արեւշատություն:
Արմենակ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան



