Աղավնաձորի «Զարթոնքում» բացվեց «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում գտնվող՝ ՀԱԱՀ-ի Զարթոնք հանգստյան տան տարածքում կայացավ նորարարական ուսուցման եւ վերապատրաստման «Ագրոճամբար» կենտրոնի բացումը։ Կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ-ի եւ ICARE հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում եւ այդ ծրագրի չորս բաղադրիչներից մեկն է։

Հերթական նվաճումը տոնեցինք մեր գործընկերների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի, ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանի, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար Լուսինե Թադեւոսյանի հետ, իսկ ավելի ուշ մեզ միացավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Վերջիններս ըստ արժանվույն գնահատեցին ագրոճամբարի գաղափարը եւ հեռանկարները՝ մեր երկրում գյուղատնտեսության զարգացման, ոլորտի համար նոր որակի մասնագետների պատրաստման, գործող մասնագետների վերապատրաստման, նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի ներդրման ու տարածման, սպառողի համար անվտանգ սննդի արտադրության հիմնասկզբունքների ուսուցման ու կիրառման տեսակետից։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորեց հավաքվածներին՝ նորարարական հերթական գաղափարի իրականացման առթիվ եւ ֆինանսատեխնիկական աջակցության ու մանավանդ «գաղափարակից ընկերներ» լինելու համար շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ԱՄՆ ՄԶԳ-ին, ICARE հիմնադրամին եւ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հրաշալի թիմին։ Պարոն Ուռուտյանն ասաց, որ «Ագրոճամբար» կենտրոնը պատրաստ է կազմակերպել թիրախային բոլոր խմբերի՝ ուսանողների, ֆերմերների, դասախոսների, մասնավոր հատվածի եւ երիտասարդ մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումը՝ կրթական բաղադրիչը զուգակցելով նոր գործելակերպի՝ շրջանաձեւ տնտեսության մոդելի կիրառման հետ։ Ագրոճամբարի՝ «Զարթոնքում» տեղակայումը ռեկտորը համարեց համալսարանի համակարգում առկա ենթակառույցների արդիականացման միջոցով դրանց լիարժեք ծանրաբեռնվածության ապահովման խնդրի լավագույն լուծում, որ հնարավոր դարձավ գործընկերների աջակցությամբ։ «Ագրոճամբարի գաղափարի իրականացումը էական առաջընթաց քայլ է մեր համալսարանում միջազգայնորեն մրցունակ կրթական ու հետազոտական միջավայրի ստեղծման ուղղությամբ»,- եզրափակեց ռեկտոր Ուռուտյանը։

Հանգստյան տան նորացված հարկաբաժիններում շրջայցից հետո ներկաները վայելեցին միմյանց, հատկապես ուսանողների ընկերակցությունը, ինչպես նաեւ՝ Ագրարային համալսարանի «Սերունդ» եւ ICARE հիմնադրամի Գինու ակադեմիայի «Ի-Վի-Էն» հրաշալի գինիները։