Գրիգորյան Մերի Համլետի
տնտ.գիտ.թեկն., դոցենտ
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Վանաձոր, 2009, Աբովյան 64
- (0322) 2-51-76
- [email protected]
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը գործում է 2005թ-ից։ Նորաստեղծ մասնաճյուղի հիմնադիր-տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը կրթօջախը ղեկավարել է մինչև 2020թ.-ը։ Ներկայումս մասնաճյուղը ղեկավարում է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Համլետի Գրիգորյանը։
Մասնաճյուղում դասավանդող 72 մասնագետներից 43-ը ունեն գիտական կոչում և աստիճան, հեղինակ են դասագրքերի և գիտական աշխատանքների։ Այստեղ դասավանդում են գիտությունների 7 դոկտոր, 36 թեկնածու։ Շարունակական աշխատանքներ են տարվում դասախոսների վերապատրաստումների ուղղությամբ։
Մասնաճյուղի հեռակա համակարգում բակալավրիատի ուսումնական ծրագրով սովորում է մոտ 290, իսկ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 222 ուսանող։
Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծված ժամանակակից մասնագիտացված լաբորատորիաները, ուսուցման տեխնիկական միջոցներով հագեցած լսարանները նպաստում են, որ ուսանողները ստանան անհրաժեշտ մասնագիտական և հումանիտար գիտելիքներ, կատարեն ուսումնալաբորատոր փորձեր։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է նաև մայր բուհից տեսակապի միջոցով անցկացվող հեռավար դասախոսություններով։ Դասասենյակները և լաբորատորիաները շարունակաբար համալրվում են արդիական սարքավորումներով: Վերջերս մասնաճյուղի հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիան վերազինվեց նոր՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով: Բացի ուսումնական գործընթացին ըստ ամենայնի ծառայելուց, լաբորատորիան Լոռու մարզի ֆերմերներին, տնտեսվարողներին, հողօգտագործողներին ու այլ շահագրգիռ անձանց ծառայում է որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատեղեկատվական կենտրոն, որտեղ իրականացվում են հողի փորձանմուշների տարբեր հետազոտություններ՝ որոշելու համար միկրո և մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, հողի քիմիական կազմը, թթվայնությունը, էլեկտրահաղորդականությունը, խոնավությունը, ջերմաստիճանը:
Մասնաճյուղի կոնֆերանս–դահլիճում լայն հնարավորություններ են ստեղծված ուսանողների, ֆերմերների, ագրոոլորտի մասնագետների համար, ովքեր մասնակցում են այստեղ անցկացվող գիտական կոնֆերանսներին և բազմաբնույթ միջոցառումներին։
Մասնաճյուղն արդյունավետ համագործակցում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և մարզի համայնքների հետ, օգնում գյուղական համայնքներին և ֆերմերներին գյուղատնտեսության տարբեր ոլորտների մասնագետների պատրաստման, մասնագիտական խորհրդատվության տրամադրման հարցերում։ Մասնաճյուղի շրջանավարտներից շատերն իրենց մասնագիտությամբ աշխատում են ՀՀ հյուսիսային տարածաշրջանի համայնքների տարբեր կազմակերպություններում։
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում է գործում նաև Լոռու Գիտելիքի նորարարական հաբը, որն իր հերթին խթանող գործոն է մարզի երիտասարդ ուսանողներին որպես առավել գրավիչ ուսումնական հաստատություն ներկայանալու հարցում։
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության արդյունքում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում ավելացել է մի նոր ենթակառույց, հասանելի մի հարթակ, որի ստեղծման նպատակն է զարգացնել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգը Լոռու մարզում։ Այստեղ իրականանալի են նոր գաղափարների գեներացումը, աշխատանքային թիմերի ձևավորումը, աշխատաժողովների, դասընթացների, հանդիպումների, ֆիլմերի դիտում-քննարկումների կազմակերպումը, հյուրընկալումը, համատեղ աշխատանքային միջավայրի ապահովումը։
Առկա է նաև սերտ համագործակցություն «My Forest Armenia» բնապահպանական հասարարկական կազմակերպության և ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի միջև, որի արդյունքում ուսումնական մասնաճյուղի բակում կառուցվել է ջերմոց, ուր աճեցվում են սոճու և կեչու սերմնաբուսակներ: Այս նախաձեռնությունը ենթադրում է միջոցառումների շարք, որն, անշուշտ, նպաստելու է ագրոոլորտի զարգացմանը։
Գործում են նաև վերջերս հիմնված կաթնամթերքի, մսամթերքի և պահածոների ուսումնական լաբորատորիաները: