FAST հիմնադրամի հետ սկսում ենք պարենային համակարգի բարելավման նախագիծ

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ սկսում է «Համակարգչային (հաշվողական) գյուղատնտեսություն հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» հետազոտական նախագիծը՝ ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ADVANCE-ը դրամաշնորհային սխեմա է, որը հիմնվել է Հայաստանում իրականացվող նոր հետազոտական նախագծերում միջազգային առաջնակարգ գիտնականներին որպես գլխավոր հետազոտողներ ներգրավելու նպատակով:

FAST-ի եւ ՀԱԱՀ-ի վերոնշյալ նախագիծն իրականացվում է ԱՄՆ Իլինոյսի Ուրբանա-Շամպեյնի (UIUC) համալսարանի հետ գործակցաբար: Նախագծի միջազգային փորձագետն է UIUC-ի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, իսկ հայաստանյան խմբի ղեկավարը՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նախագծի համատեղ համադրումն իրականացնելու են UIUC-ի եւ Շվեդիայի KTH տեխնոլոգիաների արքայական ինստիտուտի միջառարկայական թիմերը:

Հետազոտական այս հեռանկարային եւ յուրօրինակ նախագծի հիմնական նպատակն է՝ իրականացնել համակողմանի կեղծակերպումներ (սիմուլյացիաներ) այնպիսի հարթակների միջոցով, որոնք թույլ կտան կատարել կառավարման զանազան գործելակերպերի ազդեցության պատեհաժամ եւ ծախքարդյունավետ գնահատում՝ եղանակային եւ հողային տարբեր պայմաններում:

Ինչո՞վ է կարեւոր ՀԱԱՀ-ի եւ միջազգային գործընկերների այս նորարարական հերթական, բայց նաեւ իր բնույթով աննախադեպ նախագիծը: Աշխարհում պարենային ապահովության մարտահրավերի պայմաններում բարձրանում է բավարար սննդամթերք արտադրելու հարցը՝ բնապահպանական նվազագույն ազդեցություններով: Հայաստանի պարագայում կլիմայափոխության, պարենապահովության եւ COVID-19-ի համավարակի ընդհանուր մարտահրավերներից զատ, գյուղատնտեսության կառավարման համակարգի փոխակերպման ընթացքը խաթարվեց նաեւ Արցախյան երրորդ պատերազմով պայմանավորված ցնցումներով:

Քառամյա նախագծի պատասխանատուները նշում են նաեւ կառուցվածքավորված տվյալների բազայի բացակայությունը եւ ակադեմիական շրջանների եւ քաղաքականություն մշակողների միջեւ փոխգործակցության պակասը: Այս ամենին գումարվում է նաեւ նորագույն տեխնոլոգիաներին ու վերջին ծրագրակազմերին տիրապետող մասնագետների պակասը-բացակայությունը, որի լրացումը վերջին տարիներին մշտապես եղել է մեր համալսարանի գործելաոճի կարեւոր մաս:

Պրոֆ. Հովակիմյանի եւ պարոն Ուռուտյանի ղեկավարությամբ, բազմազգ հետազոտական թիմը Հայաստանի ագրոպարենային համակարգի մոդելավորման եւ կեղծակերպման համար իրականացնելու է APSIM (Գյուղատնտեսական արտադրության համակարգերի սիմուլյատոր) վերլուծություն, բացահայտելու է տվյալների բացակայությունը, ինչպես նաև ստեղծելու է համապատասխան կեղծակերպ՝ Հայաստանի տարբեր շրջանների համար, օրինակ՝  հող-բույս շղթայի փոխգործողությունները փորձարկելու եւ մոդելավորելու նպատակով:

Հայաստանյան թիմը, մանավանդ գործակցության առաջին փուլում, մեծապես օգտվելով միջազգայնորեն ճանաչված APSIM հարթակի մոդելից, կմոդելավորի Հայաստանի գյուղատնտեսության համակարգը եւ գործնական փորձ ձեռք կբերի բույսերի, կենդանիների, հողի, կլիմայի եւ կառավարման փոխազդեցությունների լայն շրջանակի սիմուլյացիոն համակարգերի գործարկման բնագավառում: Ի դեպ, նախագծում տվյալագետների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար FAST հիմնադրամը հայտարարել է մրցույթ:

ՀԱԱՀ-ի ու հետազոտական թիմի համար նախանշված արդյունքներին հասնելու շատ կարեւոր գրավականներից մեկը Իլինոյսի Ուրբանա-Շամպեյնի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի եւ նրա թիմի հետ ստեղծվող ամուր եւ երկարաժամկետ գործընկերային հարաբերություններն են: Պրոֆ. Հովակիմյանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ, հայաստանյան ԶԼՄ-ներում հարապարակումներին՝ այստեղ եւ այստեղ: