Սիսիանի մասնաճյուղ

Tigran Vandunts

Տիգրան Վանդունց

տեխն.գիտ.թեկն., դոցենտ

Տնօրենի պաշտոնակատար

Հետադարձ կապ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 976-Ն որոշմամբ: 2006թ.-ին մասնաճյուղին տրամադրվել է ուսումնական մասնաշենք: 2005-2006 ուստարում մասնաճյուղում հեռակա ուսուցման կրթաձևով կազմակերպվել է առաջին ընդունելությունը՝ յոթ մասնագիտությունների գծով: Մասնաճյուղը մինչ օրս տվել է 391 շրջանավարտ, որոնցից շատերը տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում աշխատում են իրենց մասնագիտությամբ:


Ներկայումս մասնաճյուղում բակալավրիատի ծրագրով և հեռակա ուսուցման կրթաձևով իրականացվում է բարձրագույն կրթության կազմակերպում հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
  • Կաթի և կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
  • Հողաշինարարություն և հողային կադաստր
  • Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա
  • Հաշվապահական հաշվառում և հարկում / ըստ ոլորտի/
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  • Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա:

Նշյալ մասնագիտությունների գծով այժմ մասնաճյուղում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 190 ուսանող՝ ՀՀ տարբեր մարզերից: Ինչպես մայր բուհում, մասնաճյուղում ևս իրականացվում է ուսման վարձավճարի փոխհատուցում (զեղչ)` մի շարք տարակարգերով:
Մասնաճյուղն ունի բարեկարգ լսարաններ, ագրոկենսաբանական, տեխնոլոգիական և բնագիտական ուսումնական լաբորատորիաներ, գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարան: Տարիների ընթացքում մայր բուհի և մասնաճյուղի միջոցների հաշվին պարբերաբար թարմացվել, համալրվել են գրադարանային ֆոնդը և լաբորատորիաների նյութատեխնիկական բազան: Ուսումնական և լաբորատոր բազայի վերազինման և հզորացման, կրթության որակի բարելավմանն ուղղված հիմնահարցերը շարունակում են մնալ մասնաճյուղի տնօրինության ուշադրության կենտրոնում:
Մասնաճյուղում գործում է ուսումնագիտական 2 կառուցվածքային ստորաբաժանում՝

1. Տնտեսագիտական, հումանիտար և հասարակագիտական առարկաների բաժին (վարիչ` Կ.Գ. Հունանյան),
2. Ագրոտեխնոլոգիական և բնագիտական առարկաների բաժին (վարիչ` Ա.Բ. Շողունց):

Մասնաճյուղում դասավանդող 50 մասնագետներից շուրջ 25-ը, ովքեր ունեն գիտական աստիճան և կոչում, հրավիրվում են մայր բուհից: Էլեկտրոնային գրատախտակով և ուսուցման տեխնիկական միջոցներով համալրված համակարգչային կաբինետը հնարավորություն է տալիս նաև տեսակապի միջոցով մայր բուհից կազմակերպել հեռավար դասախոսություններ:

Հաշվի առնելով ուսանողների տեսական գիտելիքներն առավել առարկայական դարձնելու անհրաժեշտությունը և կարևորելով տվյալ ոլորտի գործատուների հետ գործընկերային հարաբերությունների հաստատումն ու պահպանումը՝ մասնաճյուղի տնօրինության նախաձեռնությամբ տարբեր կազմակերպությունների հետ կնքվում և վերակնքվում են համագործակցության պայմանագրեր, որոնց հիմնական նպատակն ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպումն է: Դեռևս 2016թ.-ի դեկտեմբերին համագործակցության հուշագիր է կնքվել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև՝ վերջինիս կողմից իրականացվող «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է մինչև 2020թ.-ը նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը` անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Համագործակցության շրջանակներում ՌԶԳ ՀԿ-ն արդիական տեխնոլոգիաներով վերազինել է մասնաճյուղի լաբորատոր բազան, իրականացվել են դասախոսների մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացներ:
Հիմնադրման օրվանից մինչև 2016թ. մասնաճյուղը ղեկավարել է տնտ.գ.թ., դոցենտ Արթուր Կոստանդյանը, 2017-2018թթ. մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է եղել Հրանուշ Բաղդասարյանը, իսկ 2019թ.-ի փետրվարի 1-ից ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանի հրամանով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը:

ՀԱԱՀ ռեկտորատի տրամադրած և մասնաճյուղի միջոցների հաշվին պարբերաբար թարմացվում և համալրվում է գրադարանային ֆոնդը և վերը նշված լաբորատորիաների նյութերն ու սարքավորումները: 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին մասնաճյուղը փոխըմբռնման համաձայնագիր է կնքել Սիսիանի տարածաշրջանի ՌԶԳ Հկ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկայի պահանջներին միտված գործնական կրթությունը` անասնաբուժական, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Ծրագրի շրջանակներում իրականացվել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի և մոդուլային ուսումնական ծրագրի վերանայում, որի համար Սյունիքի մարզում իրականացվել է ոլորտի կարիքների և հնարավորությունների գնահատում: Շվեյցարիայի Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) այցելության արդյունքում նոր պայմանագրեր են կնքվել տարածաշրջանի գործատուների հետ, ինչպես նաև կազմակերպվել է կարճաժամկետ դասընթաց՝ «Պանրագործություն» թեմայով: