Սիսիանի մասնաճյուղ

Գագիկ Ստեփանի Խաչատրյան

Գյուղ․գիտ․թեկնածու

Տնօրենի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Սիսիան, 3502, Շիրվանզադե 7
  • (02832) 36-71, (093) 43 83 42
  • [email protected]

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 976-Ն որոշմամբ: 2006թ. մասնաճյուղին տրամադրվել է ուսումնական մասնաշենք: 2005-2006 ուստարում կազմակերպվել է հեռակա ուսուցմամբ առաջին ընդունելությունը՝ յոթ մասնագիտություններով: Մասնաճյուղը մինչ օրս բակալավրի կրթական ծրագրով տվել է 477 շրջանավարտ, որոնցից շատերը տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում աշխատում են իրենց մասնագիտությամբ:

2019թ. սկսած` Սիսիանի մասնաճյուղն իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագիր` առկա ուսուցմամբ:

Ներկայումս մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով և կրթական ծրագրերով՝

Մասնագիտություն Կրթական ծրագիր
  • Ագրոնոմիա
  Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
  • Պարենամթերքի տեխնոլոգիա
  Պարենամթերքի տեխնոլոգիա
  • Ագրարային ճարտարագիտություն
  Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն
  • Ագրոէկոնոմիկա
  Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա
  • Անասնաբուժություն
  Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն:

Իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաշվապահական հաշվառում,
  • Մենեջմենթ (Կառավարում),
  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների),
  • Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա,
  • Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա,
  • Ջերմոցային տնտեսություն:

Հեռակա ուսուցմամբ բակալավրիատում նշված կրթական ծրագրերով այժմ մասնաճյուղում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 120 ուսանող՝ ՀՀ տարբեր մարզերից: Ինչպես մայր բուհում, մասնաճյուղում ևս իրականացվում է ուսման վարձավճարի փոխհատուցում (զեղչ)` մի շարք տարակարգերով: Մասնաճյուղն ունի բարեկարգ լսարաններ, ագրոկենսաբանական, տեխնոլոգիական և բնագիտական ուսումնական լաբորատորիաներ, գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարան: Տարիների ընթացքում մայր բուհի և մասնաճյուղի միջոցների հաշվին պարբերաբար թարմացվել, համալրվել են գրադարանային ֆոնդը և լաբորատորիաների նյութատեխնիկական բազան: Ուսումնական և լաբորատոր բազայի վերազինման և հզորացման, կրթության որակի բարելավմանն ուղղված հիմնահարցերը շարունակում են մնալ մասնաճյուղի տնօրինության ուշադրության կենտրոնում:

Մասնաճյուղում գործում է ուսումնագիտական 2 կառուցվածքային ստորաբաժանում՝

  1. Տնտեսագիտական, հումանիտար և հասարակագիտական առարկաների բաժին,
  2. Ագրոտեխնոլոգիական և բնագիտական առարկաների բաժին:

Մասնաճյուղում դասավանդող 50 մասնագետներից շուրջ 15-ը, որոնք ունեն գիտական աստիճան և կոչում, հրավիրվում են մայր բուհից: Էլեկտրոնային գրատախտակով և ուսուցման արդի տեխնիկական միջոցներով համալրված համակարգչային լսարանը հնարավորություն է տալիս նաև տեսակապի միջոցով մայր բուհից կազմակերպել հեռավար դասախոսություններ:

Հաշվի առնելով ուսանողների տեսական գիտելիքներն առավել առարկայական դարձնելու անհրաժեշտությունը և կարևորելով տվյալ ոլորտի գործատուների հետ գործընկերային հարաբերությունների հաստատումն ու պահպանումը՝ մասնաճյուղի տնօրինության նախաձեռնությամբ տարբեր կազմակերպությունների հետ կնքվում և վերակնքվում են համագործակցության պայմանագրեր, որոնց հիմնական նպատակն ուսանողների ուսումնաարտադրական փորձուսուցումների արդյունավետ կազմակերպումն է:

Դեռևս 2016թ. դեկտեմբերին համագործակցության հուշագիր է կնքվել ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև՝ վերջինիս կողմից իրականացվող «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր մինչև 2020թ. նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը` անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:

Համագործակցության շրջանակներում ՌԶԳ ՀԿ-ն արդիական տեխնոլոգիաներով վերազինել է մասնաճյուղի լաբորատոր բազան, իրականացվել են դասախոսների մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացներ:

2021 թվականից իրականացվում է ուսումնափորձարարական տնտեսության ստեղծման գաղափարը, որն իր մեջ ներառելու է գյուղ. մեքենատրակտորային ուսումնափորձարարական կայան, ջերմոցներ, անասնաշենք, պտղատու այգիներ, ուսումնափորձարարական ցանքատարածություններ, ինչը հրաշալի հնարավորություններ է ընձեռելու ուսանողներին գործնական կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու գործում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում 2022 թվականից Սիսիանի մասնաճյուղում իրականացվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար:

2022 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում, ոլորտի գործատուների հետ համատեղ, մշակվել և ներդրվել է միջին մասնագիտական «Ջերմատնային տնտեսություն» դուալ կրթական ծրագիրը։

Դուալ կրթական ծրագրերը հնարավորություն են ընձեռում համադրել գիտելիքների ստացումը ձեռնարկություններում՝ իրական աշխատանքային միջավայրում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում։

Հիմնադրման օրվանից մինչև 2016թ. մասնաճյուղը ղեկավարել է տնտ.գ.թ., դոցենտ Արթուր Կոստանդյանը, 2017-2018թթ. մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է եղել Հրանուշ Բաղդասարյանը, 2019թ. փետրվարի 1-ից ՀԱԱՀ ռեկտոր Վարդան ՈՒռուտյանի հրամանով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը, իսկ 2022թ. հունիսի 23-ից Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարել է Մերի Սամվելի Յոլյանը։ 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև տնօրենի մրցույթի կայացումը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գագիկ Ստեփանի Խաչատրյանը։