Ուսումնական տարվա վերջին շաբաթը շռնդալից-բուռն էր

ՈՒԳԸ շաբաթը ավելի քան հագեցած էր: Երիտասարդների գիտաժողովից զատ բազում հանդիպումներ, քննարկումներ եղան, ինտելեկտուալ խաղ, համագործակցության նոր ուղենիշեր հստակեցվեցին:

Այս խտացված խորապատկերում հետաքրքրագույն հանդիպումներից մեկն էլ ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի  նախաձեռնությունն էր: Հյուրընկալել էին տ.գ.դ, պրոֆեսոր միջազգային գիտական հանդեսի (ԲՈԿ-ի ճանաչած) գլխավոր խմբագիր Աշոտ Թավադյանին:

Պրոֆեսորի խոսքը շատ հապճեպ (ներկաների ժամանակն էր խնայում), բայց անչափ հետաքրքիր էր, սթափ-անաչառ վերլուծությամբ հագեցած: Կուռ:

Բանախոսը ներկայացրեց երկրի տնտեսության բուժման կարոտ «հիվանդությունները». կառավարման անարդյունավետ համակարգ (իրավունքների եւ պատասխանատվության մեջ խզում), տնտեսական աճի տեմպերի նվազում, պետական պարտք (նաեւ՝ արտաքին), գերագնահատված ազգային արժույթ: Իսկ շտկման ճանապարհներ կան՝ ՊԱՏՐԱՍՏԻ արտադրանքի արտահանում, մրցունակության բարձրացում, ներմուծվող ապրանքների՝ գյուղմթերքի փոխարինման խելամիտ-վճռորոշ քաղաքականություն:

Հարցերը շատ էին՝ գիտակ լսարանի համար կարեւոր եւ ակնհայտ էր, որ նոր հանդիպման անհրաժեշտություն կա, որն էլ կլինի նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Վերջում պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը մեր հյուրին ներկայացրեց Ագրարայինում կատարված-կատարվող փոփոխությունները, այդ թվում գինիների, հրուշակեղենի՝ ուսանողների ձեռքով պատրաստվող արտադարքը: Եւ խորհրդանշական՝ «Սերունդ» անվանումով գինի նվիրեց:

Ներկաներն արդեն մեծ հետաքրքրությամբ սպասում են պրոֆեսոր Թավադյանի հաջորդ այցին, որի ժամանակ կքքնարկվեն միայն գյուղոլորտի հիմնախնդիրները: