Գյուղմեքենաների ապագա մասնագետները պաշտպանեցին ավարտական աշխատանքները

Երեկ՝ մայիսի 22-ին, տեղի ունեցավ Ագրարային Ճարտարագիտության ֆակուլտետի «Գյուղատնտեսական մեքենայացում, մեքենաներ եւ սարքավորումներ» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովի անդամ Արթուր Մինասյանը, Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխնիկական անվտանգության ամբիոնի վարիչ Մարինա Բարսեղյանը, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը նշեցին, որ շրջանավարտների թեմաները բավական արդիական են եւ միտված են գյուղատնտեսությունում նորամուծությունների ներդրմանը։ Նրանք համոզված են, որ ոլորտի արդիականացմանը նպաստելու համար ուսանողները վստահաբար ունեն համապատասխան գիտելիքներ:

Մասնավորապես բարձր գնահատականի ու դրվատանքի արժանացան Վլադիմիր Աբգարյանը` անասնաբուծական ֆերման էլեկտրոնային PLF համակարգով ապահովելու, Արսեն Ազարյանը՝ մշակության եւ բերքահավաքի մեքենայացման աշխատանքներում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, Աստվածատուր Հակոբյանը՝ թմբակազմավորման իրաններում համալրված հողային ֆրեզի մշակման, Կարապետ Ղափանցյանը՝ խոտի հակավորիչ-մամլիչի կապող ապարատի մշակման, Վազգեն Ստեփանյանը՝ սածիլատնկիչի ոռոգման ակոսահան հանգույցի արդիականացման նախագծերի համար:

Առանձնահատուկ ուշադրության արժանացավ Գեւորգ Հայրապետյանի՝ «Տրակտորային շարժիչների նորոգման տեղամասի նախագիծ՝ ծնկաձեւ լիսեռի վերանորոգման տեխնոլոգիաների մշակմամբ» թեմայով զեկույցը, որը հիմնված էր նախաավարտական փորձուսուցման անցկացման արդյունքների վրա։ Եւ այդ առանձնահատկությունը Գեւորգին թույլ տվեց հենց պաշտպանության ժամանակ աշխատանքի հրավեր ստանալ հանձնաժողովի անդամ, «ԻԿՕ մաշիների» ՍՊԸ ներկայացուցչից՝ պարոն Արթուր Մինասյանից:

Լիահույս ենք, որ մեր շրջանավարտները առավելագույնս կօգտվեն իրենց ունակությունները մագիստրատուրայում կատարելագործելու եւ/կամ մասնագիտական աշխատանքային առաջարկների հնարավորություններից:

Մարինա Բարսեղյան
ՄՍՃ եւ ՏԱ ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ