Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողների հետ

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հանդիպել են «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադարամի կրթաթոշակառու ուսանողների հետ՝ պարոն Քեն Կակոսյանի հետ մայիսի 29-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ։

Հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` հինգ մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) բնակվող ուսանողներին, որով փոխհատուցվում է ընտրված ուսանողների 4 տարիների ուսման վարձը։ Հիշեցնենք, որ կրթաթոշակի տրամադրման կարեւոր նախապայմաններն են բարձր առաջադիմությունը եւ հասարակական ակտիվությունն ու համայնքների ու երկրի զարգացմանն ուղղված հիմնավոր ծրագրերի ու նախաձեռնությունների հեղինակ լինելը։

Ինչպես նշեց տիկին Մնացականյանը, այս հանդիպումը նպատակ ուներ նախ մեկտեղել հիմնադրամի ՀԱԱՀ կրթաթոշակառուներին, որոնք այս տարի 25-ն են (անցյալ տարի 10-ն են եղել) եւ տեղեկանալ, թե նրանք ինչ նախաձեռնություններով են հանդես եկել, համայնքային կյանքի աշխուժացման առումով ինչ հետաքրքրիր գաղափարներ ունեն։

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը անկաշկանդ զրույցի ընթացքում կարեւոր համարեց կրթաթոշակառու ուսանողների՝ համայնքներում եւ ի վերջո երկրի կյանքում որակական փոփոխությունների հասնելու գործում ունենալիք լուրջ դերակատարությունը։ Նա կոչ արեց ակտիվորեն ներգրավվել համայնքային նախաձեռնություններում, որպես ագրարային ոլորտի մասնագետներ նպաստել սեփական համայնքերի զարգացմանն ու բարգավաճմանը, տիրոջ զգացում դրսեւորել սեփական համայնքի առաջնահերթ խնդիրների հասցեագրման ու լուծման հարցում։

Ուսանողները հերթով եւ հաճույքով ներկայացրին արդեն կատարած եւ ծրագրած աշխատանքները, համայնքների ընկերային-տնտեսական զարգացման առումով հեռանկարային եւ, պետք է ասել՝ շատ հետաքրքիր գաղափարները՝ ձիաբուծությունից ու ձիաբուժությունից մինչեւ ճանաչողական արշավների կազմակերպում, զբոսաշրջությունից մինչեւ էներգախնայողական արեւային տեխնոլոգիաների ներդրում, խելացի անասնաշենքերից մինչեւ ինտենսիվ այգիներ ու ոռոգման կաթիլային համակարգեր․․․

Հաճելի է գիտակցել, որ այս ամենն արդեն արվում է մեր ուսանողների մտքով ու ձեռքով, իսկ «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամն ըստ ամենայնի սատարում է նրանց՝ հայրենաշեն նախաձեռնություններ իրագործելիս։