Համագործակցության հուշագիր Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ

Հուլիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Սթարմուս փառատոնի համահիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, դոկտ․ Գարիկ Իսրայելյանի հետ։

Ռեկտոր Ուռուտյանը ողջունեց դոկտ․ Իսրայելյանին եւ իր աշխատակիցներին եւ շնորհակալություն հայտնեց գործակցության այս կարեւոր հնարավորության համար։ Նա նշեց, որ փառատոնը, որ Հայաստան է բերելու աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ մեր համալսարանի համար լավագույն առիթ է ցույց տալու առհասարակ գիտության, մասնավորապես տիեզերական գիտության եւ գյուղատնտեսության միջեւ եղած ամենասերտ կապը։

Գարիկ Իսրայելյանն ասաց, որ փառատոնը նաեւ այդ կապը ցույց կտա, քանզի փառատոնի կարեւոր առաջնահերթություններից մեկը հենց գյուղատնտեսության ոլորտն է։ Այդ ոլորտում որոշումները պետք է կայացվեն՝ ելնելով կլիմայի փոփոխության առաջացրած իրողություններից եւ հիմնվելով գիտության տվյալների վրա։ «Առհասարակ գյուղատնտեսությունը գիտական մեծ ապագա ունի, եւ մենք պետք է այսօրվա ուսանողին եւ նույնիսկ դպրոցականին առարկայական ձեւով ցույց տանք, որ ժամանակները փոխվել են եւ գիտությամբ զբաղվելն է ուղիղ ճանապարհը թե իր եւ թե երկրի համար»,- ասաց դոկտ․ Իսրայելյանը։

Իր բնույթով, նպատակներով եւ գիտության ու արվեստի համաշխարհային դեմքերի ներգրավմամբ եզակի եւ հռչակավոր Սթարմուս փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում, սեպտեմբերի 5-10-ը։ Սթարմուս VI փառատոնի թեման է՝ «50 տարի Մարսի վրա»։

Ագրարային համալսարանը պատշաճ ներկայություն կունենա փառատոնին՝ սեփական տաղավարով։ Ռեկտոր Ուռուտյանը փառատոնի ընտրած դեսպանների շարքում է։