Բոլորս միասին պատվաբեր ճանապարհ ենք անցնելու․ Վարդան Ուռուտյան

Բակալավրիատի համալրում

Բակալավրիատի առաջին կուրսեցիներին դիմավորեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ուսխորհրդից՝ Սարե Գալստյանը:

Ռեկտորը շնորհավորեց երիտասարդներին՝ մասնագիտության եւ ապագա գործունեության ոլորտի ճիշտ ընտրության առթիվ. «Ձեր ծնողները մեծ հույզերով են սպասել այս պահին: Ձեր նվաճումներով պարգեւեք նրանց այդ ուրախությունն ու գոհությունը»: Նա հիշեց նաեւ իր ընտանիքի նահապետի խորհուրդը՝ ինչ ուզում ես դարձիր, միայն միջակություն չլինես, ձգտիր դառնալ լավագույնը:

Պարոն Ուռուտյանը հորդորեց օգտագործել համալսարանի ընձեռած՝ ընդլայնվող հնարավորությունները, որոնցից ավագ սերունդը զրկված է եղել: Անդադար լավարկել օտար լեզուների իմացությունը, որը մի քանի անգամ կմեծացնի փնտրված մասնագետ դառնալու, միջազգային ծրագրերին մասնակից լինելու հավանականություն-հնարավորությունը: Այսօր առանց թվային հմտությունների՝ տարաբնույթ ծրագրակազմեր, մոդելավորում, ալգորիթմներ… անհնար է գործունեություն ծավալել որեւէ ասպարեզում, առավել եւս ագրարային ոլորտում, ուրեմն՝ անդադար սովորել է պետք: Եւ, չխուսափել կամավորական կամ հասարակական աշխատանքից:

Ռեկտորն ողջունեց Ազգային բանակում ծառայությունից վերադարձածներին եւ բարի-խաղաղ ծառայություն մաղթեց մեկնողներին:

Տիկին Մնացականյանը եւ Սարեն ցուցադրական սահիկներով տեղեկություն տվեցին բուհի ստորաբաժանումների, ենթակառուցվածքների մասին, որոնք ուսանողական տարիների իրենց նեցուկ-հանգրվանները կլինեն:

Բակալավրիատի ուսանողներին նվերների փաթեթեներ բաժանվեցին: