GIZ-ը արոտավայրերի եւ խոտհարքների քարտեզագրված տեղեկությունները հանձնեց էկոնոմիկայի նախարարությանն ու ՀԱԱՀ-ին

Ագրարային համալսարանում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի շրջանակում ստեղծված ՀՀ արոտավայրերի եւ խոտհարքների քանակական եւ որակական ցուցանիշների վերաբերյալ արդի տեղեկատվություն պարունակող եւ արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված քարտեզային տեղեկատվական շերտերի հանձնման-ընդունման ակտերի ստորագրությունը եւ փոխանցումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։

Փոխանցվող քարտեզային տեղեկատվական շերտերը նպաստելու են ՀՀ բնական կերահանդակների կայուն կառավարմանն ուղղված ռազմավարությունների արդյունավետ մշակմանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, ՀԱԱՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց կատարված ծավալուն աշխատանքի համար: Նա հույս հայտնեց, որ դա կազդի գյուղական բնակչության կյանքի որակի վրա:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերն իր խոսքում բնապահպանական տեսանկյունից շատ կարեւոր համարեց ծրագրում էկոհամակարգերի պահպանության բաղադրիչի առկայությունը: Նա եւս մեկ անգամ շեշտեց ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում երկրների առջեւ ծառացած պարենային անվտանգության խնդիրը: Դեսպանը նաեւ հայտնեց, որ հուլիսի 1-ին Հայաստան է ժամանելու Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը, որը երկու երկրների համագործակցության ընդլայնման եւս մեկ վկայություն է:

Մադլեն Ռաուշենբերգերն իր խոսքում նշեց, որ ծրագրի առանցքային գործընկերներից է Ագրարային համալսարանը, որի հետ դեռ 2015-ից համագործակցում են բնապահպանական ծրագրերի շրջանակում:

ՀԱԱՀ ռեկտոր վարդան Ուռուտյանի անունից ներկաներին ողջունեց պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով տվյլաների հավաքումն ու փոխանցումը շահառու հանրությանը կարեւոր համարեց թե զուտ կրթական եւ թե գյուղական բնակչության կենսմակարդակի բարձրացման տեսանկունից։

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը հանդես եկավ «Տվյալների հավաքագրում, փոխանցում եւ կիրառություն արոտավայրերի կայուն կառավարման նպատակով» թեմայով զեկուցմամբ, որի շուրջ էլ ծավալվեցին հիմնական քննարկումները:

GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերբերը, նախարար Քերոբյանի եւ ռեկտոր Ուռուտյանի հետ համապատասխան «հանձնման-ընդունման» փաստաթղթի ստորագրմամբ եւ էլեկտրոնային կրիչով նախարարությանն ու համալսարանին պաշտոնապես հանձնեց երեք տարվա մանրակրկիտ աշխատանքների արդյունքները։