Արթուր Գրիգորյան
տնտ.գիտ.թեկնածու
Դեպարտամենտի պետ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
- (+374 10) 58-79-57
- [email protected]
Պատմությունը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ստեղծվել է 2000թ., ՀԱԱՀ-ի, Տեխասի A&M համալսարանի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի գործակցային համաձայնագրի հիման վրա: Կենտրոնը ագրոպարենային համակարգի և հարակից ոլորտների համար պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ` անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով: 2010թ.-ից գործում է ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB)՝ տարածաշրջանում միակը, որը մասնագիտացված է Ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում:
ԱՈՒԿ-ն առաջարկում է ագրոբիզնեսի և շուկայաբանության 2 տարվա բակալավրական և 2 տարվա մագիստրոսական ծրագրեր: Ուսումնական պլանները հիմնված են Տեխասի A&M համալսարանի գյուղատնտեսական տնտեսագիտության համապատասխան ուսումնական պլանների վրա: Ուսուցումն իրականացվում է անգլերենով: Դասախոսները ԱՄՆ և եվրոպական առաջատար համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և ամերիկացի մասնագետներ են: Շրջանավարտները ստանում են ՀԱԱՀ-ի դիպլոմ, ինչպես նաև Տեխասի A&M համալսարանի ավարտական վկայական:
2019թ. հունիսի դրությամբ ԱՈՒԿ-ի բակալավրիատն ավարտել է 616 ուսանող. ևս 118-ը ավարտել է մագիստրոսական ծրագիրը: Շրջանավարտներից մոտ 60-ը Վրաստանի Հանրապետությունից են: Ավարտելուց 3-4 ամիս անց շրջանավարտների ավելի քան 90 տոկոսն արդեն մասնագիտական աշխատանքի է անցնում՝ ՀՀ միջինից առնվազն կրկնակի բարձր միջին աշխատավարձով:
ԱՈՒԿ-ն ապահովում է եզակի կրթական միջավայր, որտեղ արժևորվում են նախաձեռնողականությունը, ինքնուրույն աշխատանքը, ստեղծագործական մոտեցումն ու սեփական երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը: Ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառումը լիարժեք աշխատանքային միջավայր է ստեղծում ուսանողների համար: ՈՒսանողների համար ուսումնաարտադրական պրակտիկայի հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի և արտերկրի ագրոբիզնեսի ձեռնարկություններում, ֆերմերային կազմակերպություններում, բանկերում և հասարակական կազմակերպություններում: ԱՈՒԿ-ի ուսանողները մրցակցային ակնհայտ առավելություններ ունեն ուսանողների փոխանակման և արտերկրում ուսումնառության ծրագրերին մասնակցելու առումով: Իր հերթին ԱՈՒԿ-ն իր ուսումնահետազոտական հարուստ բազայով ամեն տարի ուսանողներ է ընդունում տարբեր երկրներից մեկ կամ երկու կիսամյակ սովորելու կամ ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու նպատակով:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ծավալում է գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտի հետազոտական լայն գործունեություն՝ ուսումնասիրելով տարբեր թեմաներ և արդյունքները ներկայացնելով ազգային և միջազգային գիտաժողովների ժամանակ: Պրոֆեսորադասախոսական կազմից բացի, հետազոտական աշխատանքներին ներգրավվում է նաև ԱՈՒԿ-ի ուսանողների մոտ մեկ քառորդը:
- ավարտած լինի ՀԱԱՀ ագրոբիզնեսի և շուկայաբանության կամ այլ մասնագիտությունների առաջին երկու կուրսերի ծրագիրը և ցուցաբերի անգլերենի բավարար իմացություն,
- ավարտած լինի ՀԱԱՀ-ն` այլ մասնագիտությունների գծով կամ՝ այլ պետական բուհ: Մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար պահանջվում է՝
- բակալավրի աստիճան՝ առնվազն 3.0 միջին գնահատականով (հնարավոր 4.0-ից).
- բակալավրիատում անցած լինի հաշվապահություն, վիճակագրություն, մակրոտնտեսագիտություն, միկրոտնտեսագիտություն կամ գյուղատնտեսական տնտեսագիտություն առարկաները.
- տիրապետի անգլերենին և ունենա համակարգչային հմտություններ:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ www.icare.am