ՈՄԱ – մարմնակրթական եւ ազգային հոգեկերտվածքի դարբնոց

Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաները աննախադեպ առիթ ունեցան սովորելու եւ կատարելագործելու ռազմագիտական գործնական հմտություններ՝ Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) կազմակերպության հրահանգիչների ղեկավարությամբ: Վարժարանի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ Ժաննա Գեւորգյանի կարեւոր նախաձեռնությունն էր: Ժաննան վարժարանի եւ համալսարանի այն շրջանավարտներից է, որ մշտապես վերադառնում են հարազատ կրթօջախ եւ ինչ-որ կերպ վերադարձնում նրանից ստացածը:

Խարույկ ՀԿ-ն, որ մեր շրջանավարտի գործունեության այժմյան վայրն է, իրականացնում է «44 քայլ դեպի վեր» նախաձեռնությունը, որի նպատակն է 44 օր տևող կրթական, գիտական, մշակութային, ռազմական, բնապահպանական միջոցառումների ու դասերի շնորհիվ ստեղծել առավել գիտակից ու հայրենատեր հասարակություն։ Հետաքրքրական եւ խրախուսելի է, որ ՀԿ-ն միջոցառումները չի ավարտելու նոյեմբերի 9-ին, այլ, որպես համակարգող մարմին, կշարունակի նպաստել վերոնշյալ ոլորտների զարգացմանն՝ արդեն «Ամեն քայլը դեպի վեր» խորհրդանշական վերտառությամբ:

«Մենք ու մեր գործընկեր կազմակերպությունները, ՀԿ-ները, անհատները կազմակերպում ենք նշված ոլորտների սեմինարներ ու գործնական դասեր՝ հնարավորություն տալով մարդկանց գտնել ամեն ինչը նույն հարթակում: Ահա որոշեցինք «44 քայլ դեպի վեր»-ի շրջանակում մարտական պատրաստության դաս ունենալ նաեւ ավագ դասարանների աշակերտների հետ: Այսպես իմ վարժարանը, բնականաբար, դարձավ նախաձեռնության շահառուն»,- ասում է Ժաննա Գեւորգյանը:

ՈՄԱ-ի ֆիզիկատակտիկական գծով հրահանգիչներ Կարապետ Աղաջանյանն ու Արմեն Ալոյանը մասնագիտական բարձր մակարդակով անցկացրեցին դասը, որը հիմնականում նվիրված էր ինքնաձիգ զենքի օգտագործման հմտություններին: Հրահանգիչներին հաջողվեց ոչ միայն աշակերտներին հասկացնել գործի կարեւորությունը, այլեւ մեծապես հետաքրքրել ու սերմանել հայրենիքի համար զենք վերցնելու եւ այն նպատակայնորեն օգտագործելու անհրաժեշտությունն ու կամքը: Ընդ որում, աղջիկները բացարձակապես հետ չմնացին տղաներից:

Վարժանանի տնօրեն Արաքս Հակոբյանի՝ Ժաննային եւ ՈՄԱ-ի պրոֆեսիոնալ հրահանգիչներին ուղղված շնորհակալության խոսքում եւս մեկ անգամ հնչեց այն միտքը, որ յուրաքանչյուր հայ անելիք ունի «Ամեն քայլը դեպի վեր» հայեցակարգի իրականացման գործում: