Գիտխորհրդի նիստ. տնտեսության թռիչքի հիմքը, նախապայմանը գիտությունն է

Այսօր՝ հունվարին 14-ին, կայացավ գիտխորհրդի 2022 թ. անդրանիկ նիստը: Նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դիմելով ներկաներին՝ խաղաղություն, առաջընթաց, նոր ձեռքբերումներ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:

Օրակարգով նախատեսվում էր համալսարանի համակարգում գործող գիտական կենտրոնների նախորդ տարվա արդյունքների ամփոփում եւ գալիք աշխատանքների ուղենիշերի հստակեցում: Ինչպես նկատեց ռեկտորը, նման ամփոփումները հնարավորություն են տալիս ավելի տեսանելի դարձնել զարգացման միտումներն ու առաջնահերթությունները: Կառավարությունն այս տարի էականորեն ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որը նոր թափով աշխատելու խթան պետք է լինի: Տնտեսության գիտականացումը ենթադրում է արդյունավետության, շահութաբերության բարձրացում, ստացված արդյունքների առեւտրայնացում, միջազգայնացում: Մեր գիտնականների ուսումնասիրությունները պետք է լինեն ավելի հավակնոտ, նպատակասլաց եւ հիմք ստեղծեն տնտեսության թռիչքաձեւ զարգացման համար: Հիմա նրանց պատասխան քայլի ժամանակն է:

Վերջին տարիներին Ագրարայինում ներդրված խրախուսման զգայուն եւ խելամիտ համակարգի շնորհիվ նկատելիորեն ավելացել է տպագիր հոդվածների (այդ թվում Սկոպուսով մեջբերվող), մենագրությունների թիվը, մեծացել է գիտահետազոտական աշխատանքների ծավալը, բնականաբար, նաեւ արդյունքը՝ հունձքը, ունենք գյուտի արտոնագրեր, մեկնարկային բիզնեսների մրցույթներին հաղթած նախագծեր եւ այլն:

Առաջարկներից եւ իրականացված ու իրականացվող ծրագրերից շատերի կարեւորությունը դժվար է գերագնահատել, ընդ որում, որոշ ծրագրեր նույնիսկ փրկօղակի դեր կարող են խաղալ գյուղատնտեսության, ագրոբիզնեսի եւ առհասարակ տնտեսության մի շարք կոնկրետ ոլորտների համար: Տպավորիչ է գիտական ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումների աճի եւ միջազգային ու միջդիսցիպլինար կապերի ամրապնդման միտումը: Արձանագրված հաջողությունը զարգացնելու համար, պարոն Ուռուտյանը գիտական կենտրոններին հորդորեց առավել նախաձեռնող լինել միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու հարցում, ինչպես նաեւ միմյանց հետ ավելի սերտ աշխատել «խաչվող» թեմաների պարագայում:

Ռեկտոր Ուռուտյանը ընդգծեց մասնավոր հատվածի հետ աշխատանքի բարելավման, գիտահետազոտական ծրագրերում ուսանողների ներգրավման ընդլայնման, գիտության միջազգայնացման եւ ստեղծված գիտական արդյունքի պահանջարկ ձեւավորելու անհրաժեշտությունը:

Նաեւ գիտության առումով ոչ դյուրին 2021 թվականին համալսարանի գիտական ստորաբաժանումների գործունեությունն, ընդհանուր առմամբ, դրական զարգացումներ է ունեցել եւ գիտխորհուրդն էլ նման գնահատական տվեց: Հաշվի առնելով, որ 2022 թվականին համալսարանը 400 մլն դրամի ֆինանսավորում է ստանալու, ընդ որում՝ դա դեռ միայն գիտության թեմատիկ ֆինանսավորման շրջանակում, պարոն Ուռուտյանը տարին հայտարարեց, փոքր վերապահումով, գիտության տարի:

Գիտխորհուրդը որպես ընթացիկ հարց քննարկեց եւ ընդունեց փորձուսուցումների կազմակարպման միջանկյալ չափորոշիչները: Շեշտադրվեց, անկախ դրանց հատկացվող շաբաթների թվի եւ ժամաքանակի փոփոխություններից՝ որակի բարձրացման նպատակադրումը: