Ագրոթեք ստարտափների հաղթողներից մեկը՝ նաեւ EWC-ի եզրափակիչում

Հուլիսի 24֊ին կայացավ Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչը, որի համակազմակերպիչն է Ագրարային համալսարանը եւ որին մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Նախապես ընտրված 12 ստարտափ թիմերը եզրափակիչում մրցում էին 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ի դեպ, եզրափակիչ հասած այս դյուժինից մեկը Revalcon-ն էր, որը մեր համալսարանում կայացած վերջին ագրոթեք ստարտափ թիմերի մրցույթի երեք հաղթողներից մեկն էր, որն առաջարկում է ոռոգման գործընթացի թվային կառավարման հետաքրքիր լուծում։

Ազգային փուլի հաղթող դարձավ Denovo Sciences ստարտափ թիմը։

Ընդհանուր առմամբ հայտեր էր ներկայացրել 100 թիմ, որոնցից մրցույթին մասնակցելու համար ընտրվել էր 32-ը։ Ժյուրին բաղկացած էր էկոհամակարգերի երկու անկախ փորձագետներից, մեկ հաջողակ ձեռներեցից եւ Բարձր տեխնոլոգիաների նախարարության մեկ ներկայացուցչից։ Եզրափակիչի համար ընտրված 12 թիմերից առաջին երկուսը կմասնակցեն EWC աշխարհի գավաթի համաշխարհային փուլին եւ, այստեղ էլ հաջողություն ունենալու դեպքում հայաստանյան թիմերը կմասնակցեն նոյեմբերին Սաուդյան Արաբիայում կայանալիք համաշխարհային եզրափակիչ մրցույթին։

Սիներջի բիզնես կենտրոնում կայացած ազգային եզրափակիչ մրցույթում մրցանակներ ստանալու եւ իրենց նորարարական գաղափարները առաջ մղելու հնարավորություն ստացան տարբեր՝ գաղափարի, վաղ զարգացման եւ աճի փուլերում գտնվող ստարտափներ։