Քննարկում են ապագա անասնաբույժները եւ Կենդանաբանական այգու աշխատակիցները

«Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները» թեմայով հերթական առցանց քննարկումն է տեղի ունեցել ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների միջեւ:

Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ ֆակուլտետի այլ դասախոսներ։ Տիկին Աբովյանը շատ կարեւոր է համարել ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կենդանաբանական այգում կատարվող անասնաբուժական միջոցառումներին։ Նա նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, ոլորտային առարկաների գործնական պարապմունքները կանցկացվեն Երեւանի կենդանաբանական այգում։

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը հորդորել է այգու ներկայացուցիչներին եւ ուսանողներին ավելի հաճախ եւ ակտիվ իրականացնել նման ձեւաչափի քննարկումներ, ինչպես նաեւ առաջիկայում մշակել համատեղ ծրագրեր՝ կենդանաբանական այգու աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը մեծացնելու համար։

Արդյունավետ քննարկման ավարտին, որը գոհացրել է բոլոր մասնակիցներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման եւ համատեղ այլ նախաձեռնությունների վերաբերյալ։