Զգոնությունն ու տեղեկատվական հիգիենան լինելու են մեր այսօրվա գործելակերպը

Այսօր առավոտյան ժամը 7-ն անց 15-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը ռազմական գործողություններ է սանձազերծել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Հրետակոծության եւ հրթիռակոծության թիրախ են դարձել ոչ միայն Արցախի զինված ուժերի մշտական տեղակայման վայրերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Դժբախտաբար, ունենք զոհեր զինվորականների եւ խաղաղ բնակչության շրջանում։

ԱՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ կասեցնում է թշնամու հարձակումները եւ արժանի հակահարված տալիս թշնամուն՝ զգալի կորուստներ հասցնելով վերջինիս կենդանի ուժին եւ զինտեխնիկային։

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք, հանդես եկել զգոնության, աչալրջության, տեղեկատվական սադրանքներին չտրվելու կոչերով։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարությունը, ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները այս պատասխանատու պահին Հայրենիքի սահմանը պահող զինվորի թիկունքին են եւ նրա կողքին, այդ թվում՝ Ագրարային համալսարանի ուսանող զինվորների։  Նրանք կարող են լիովին վստահ լինել, որ իրենց թիկունքն ամուր է եւ անսասան՝ ինչպես իրենք են անսասան։ Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի սատար կանգնել, անհրաժեշտ պահին՝ նաեւ միանալով իրենց։

Շատ կարեւոր է, որ այս գերլարված իրավիճակում մենք դիմակայենք մեկ այլ՝ տեղեկատվական պատերազին։ Այսօր առավել քան երբեւէ մենք բոլորս պարտավոր ենք խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, կամա թե ակամա գերի չդառնալ թշնամու նենգ ու դավադիր, հաճախ հրթիռներից, ուղղաթիռներից ու անօդաչու սարքերից ավելի սարսափելի հետեւանքներ թողնող ապատեղեկատվությանը։ Իսկ ապատեղեկատվության զոհ չդառնալու եւ տեղեկատվական պատերազմում հաղթելու համար, պատմական այս հանգրվանում կա մի հզոր զենք՝ ապավինել միմիայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տեղեկատվությանը եւ չհետեւել ու չտարածել այլ աղբյուրներից եկող որեւիցե տեղեկություն։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Քաղաքացիական պաշտպանության շտաբը հայտնում է, որ ուշադիր հետեւում է իրավիճակին եւ կարիքի դեպքում կտեղեկացնի ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների մասին։

Զորություն հայ զինվորի բազկին։