Հեռակա ուսուցում

Նպատակը

Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պատրաստման կարևորագույն ուղիներից մեկը արտադրությունից չկտրված (հեռակա) ուսուցումն է:

Հեռակա ուսուցման նպատակը հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումն է, հանրապետության հեռավոր շրջաններում բնակվող անձանց համար կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը, ուսումնական հաստատություններում  կրթական նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու  կատարելագործումը:

ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի նիստի որոշմամբ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հեռակա ուսուցումը 2023 թվականի փետրվարի 6-ից կազմակերպվում է համապատասխան ֆակուլտետներում:

Դեռևս 1932թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտին առընթեր հիմնադրվել է անասնաբույծներ պատրաստող հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել դասախոս Ա.Մալկովը:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հեռակա ուսուցումը ևս կազմակերպվել է 1932թ.: Սկզբում այն կոչվել է գյուղատնտեսական հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել Հ.Գ.Թումանյանը: Տարբեր տարիների հեռակա ուսուցումը պարբերաբար կազմակերպվել է և որպես առանձին կառույց, և միացվել ցերեկային ուսուցման ֆակուլտետներին: 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ստեղծվել է հեռակա ֆակուլտետ, որի դեկան է նշանակվել պրոֆեսոր Ա.Պ.Թարվերդյանը: 1997թ. ֆակուլտետը վերանվանվել է հեռակա ուսուցման դեպարտամենտ և պրոռեկտորի կարգավիճակով դեպարտամենտի պետ է նշանակվել Ա.Թարվերդյանը: 1998-2015 թթ. հեռակա ուսուցման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցրել է Է.Ս.Կոսեմյանը: 2015 – 2019 թվականներին դեպարտամենտը ղեկավարել է Դ.Պ. Պետրոսյանը: 2019 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 3-ը (մինչև համալսարանում կառուցվածքային փոփոխությունների իրականացումը) դեպարտամենտը ղեկավարել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հարություն Հարությունյանը:
Համալսարանում հեռակա ուսուցման գծով կադրեր են պատրաստվում 18 մասնագիտությունների գծով, այդ թվում 5-ը ագրոկենսաբանական, 3-ը՝ պարենամթերքի տեխնոլոգիաների, 2-ը` ագրոպարենային համակարգի տնտեսագիտության, 6-ը` ագրարային համակարգի ճարտարագիտության և 2-ը՝ անասնաբուծության և անասնաբուժության:

Այսօր անհրաժեշտություն կա հեռակա ուսուցման համակարգում ներդնել ուսումնառության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ուսանողին ուսանել ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած վայրում՝ օգտվելով ուսումնամեթոդական նյութերից, անհրաժեշտության դեպքում դիմելով դասախոսների խորհրդատվությանը և խնայելով ժամանակը:

Ագրարային համալսարանը հեռակա ուսուցմամբ պատրաստում է հետևյալ ոլորտի մասնագետներ`

Ագրոնոմիական
  • Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա
  • Բույսերի պաշտպանություն
  • Ագրոէկոլոգիա
  • Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
  • Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
Պարենամթերքի տեխնոլոգիաներ
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Պարենամթերքի տեխնոլոգիա
  • Սննդի անվտանգություն
Ագրոպարենային համակարգի տնտեսագիտություն
  • Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա
  • Ագրոբիզնես և ֆինանսներ
Ագրարային համակարգի ճարտարագիտություն
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
  • Հողաշինարարություն, հողային կադաստր
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
  • Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
  • Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
  • Կենսագործունեության անվտանգություն
Անասնաբուծություն և անասնաբուժություն
  • Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար  սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը՝ 18:00-ն:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասախանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի  առկայությունը (դիմորդը Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար  պետք է փոխանցի 1500 (հազար հինգ հարյուր) դրամ) և տալիս ԳԹԿ անձնական համար:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը: Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցության համար 1500 դրամ փոխանցվում է տվյալ բուհին: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են հեռակա ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

Դիմորդը (մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո) բուհ է ներկայացնում՝

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական)(բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),

4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) ( բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո),

5) սույն կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության (կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),

7) տեղեկանք տվյալ տարվա տվյալ բուհի առկա ուսուցման ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),

8) ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),

9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10) սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունն հավաստող տեղեկանք եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննությունները անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի  քննությունը հանձնում են միևնույն օրը: Քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20-ից 27-ը:

ՀԱԱՀ հեռակա ուսուցման 2021 թ․ ընդունելության քննությունների գրաֆիկ

2021/2022 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մասնագիտությունները, ընդունելության քննությունները, նախատեսվող տեղերը և վարձավճարների չափը

Կանոնակարգ

2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մասնագիտությունները, ընդունելության քննությունները, նախատեսվող տեղերը և վարձավճարների չափը

2022-2023 ուստարվա ընդունելություն

Ընդունող հանձնաժողով
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 220 ա սենյակ
Հեռ. (+37412) 585828,  (+37495) 521753, ներքին` 3-33
E-mail: [email protected]