Ռեկտորատի՝ ուսումնական տարվա առաջին նիստը․ ընդունելության բարեփոխվող պատկեր, կարգապահությունը՝ շարունակական պահանջ

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց ռեկտորատի անդամներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Տեղեկացրեց, որ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանն ավարտել է իր առաքելությունը, շնորհակալություն հայտնեց վաստակաշատ պրոֆեսորին ու ղեկավարին՝ երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար եւ բարի գալուստ ու հաջողություն մաղթեց դեկանի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանին՝ պատասխանատու պաշտոնում։

Ռեկտոր Ուռուտյանը, հակիրճ անփոփեց 2023-2024 ուստարվա ընդունելության արդյունքները՝ գոհացուցիչ համարելով որակական ակնհայտ փոփոխությունը այն առումով, որ վերջին տարիների աշխատանքը ակնհայտորեն դրական փոփոխություն է  մտցրել ագրարային մասնագիտությունների հանդեպ մարդկանց գիտակցության մեջ։ Այսպես, ՀԱԱՀ համակարգի քոլեջների ընդունելության ցուցանիշը անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է, միջին հաշվով, ավելի քան  36 տոկոսով, եւ դա այն դեպքում, որ երկրի մասշտաբով քոլեջների ընդունելությունը նվազել է։ Մագիստրատուրայի հարցում համալրումը նույնպես գոհացուցիչ է՝ 44 տոկոսով ավելի նախորդ ուստարվա համեմատությամբ, ընդ որում վճարովի համակարգ ընդունված ուսանողների 40 տոկոսը այլ բուհերի բակալավրաիատի շրջանավարտներ են։ Բուն բակալավրիատի առաջին փուլով ընդունելությունը, չնայած ընդունվածների փոքր թվին, նույնպես հետաքրքիր որակական առաջընթաց է գրանցել․ 13 տոկոսով ավելի քիչ թվով դիմորդներ ունենալու պարագայում 40 տոկոսով ավելի ընդունվածներ ունենք։

Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ այս սեպտեմբերին Սյունիքի եւ Տավուշի մարզերի 11 դպրոցներում մեկնարկած «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը սկսել են ուսումնասիրել ավելի քան 100 բարձրդասարանցիներ։ Դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները հաջողությամբ անցկացրել են ՀԱԱՀ մասնագետներ։ Ձեռնարկված քայլերը, ռեկտորի համոզմամբ, կհանգեցնեն կողմնորոշված դիմորդների կայուն հոսքի ապահովմանը։

Ռեկտորատի 2022-2023 ուստարվա որոշումների կատարողականի վերաբերյալ օրակարգային հարցով զեկուցողը գիտական քարտուղար Գայանե Ավագյանն էր։ Իսկ ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները։ Զեկուցվող հարցերի առնչությամբ ծավալված քննարկման կարեւոր թեմաներից մեկը հեռակա ուսուցման համակարգի կառուցվածքային փոփոխությունից հետո դեռեւս առկա դժվարությունների հաղթահարման ուղիներն էին։

2023-2024 ուստարվա աշխատանքային պլանի քննարկումն ու հաստատումը օրակարգային վերջին հարցն էր, որից հետո ընթացիկ մի շարք հարցեր էլ քննարկվեցին։ Մասնավորապես, ռեկտորատը քննարկեց ուսումնական պլանների էական փոփոխությունների պայմաններում վերականգնվող ուսանողների վերաինտեգրման խնդիրներ (ի դեպ, տարբեր պատճառներով ու ժամկետներով համալսարանից բացակայած ուսանողների վերականգնման մասշտաբներն աննախադեպ են) եւ, անշուշտ, նորից ու նորից՝ կարգապահություն եւ որակ, որը եղել եւ մնում է ռեկտորատի առաջնահերթությունների շարքում՝ արձանագրվող բարելավումների հիմքի վրա անընդհատ նոր բնագծեր սահմանելով։

Տարբեր ամբիոնների դասախոսների վերապատրաստումների հերթական «շրջափուլ» ձեռնարկելու անհրաժեշտությունն ու հանձնարարությունը ռեկտոր Ուռուտյանը հիմնավորեց ուսումնական գործընթացը եւ դասավանդման որակը բարելավելու մշտական անհրաժեշտությամբ։

Վերջում ռեկտորը հետաքրքրվեց աշխատանքային նոր կիսամյակի մեկնարկով․ դեկանների հավաստմամբ, այն մեկնարկել եւ ընթանում է բնականոն հունով, որոշ դեպքերում նոր գործընկերների ընդգրկմամբ։