Իրազեկում՝ նոր համալրման համար․ էրազմուսյան ավանդական դարձած օրեր

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, առաջին մասնաշենքի ընթերցասրահում միջազգային կապերի դեպարտամենտը ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի հատկապես առաջին (մյուսները հիմնավորապես տեղյակ են) կուրսեցիներին իրազեկեց Էրազմուս+ ծրագրի, Ագրարայինի՝ արտերկրի բուհերի հետ համագործակցության, շարժունության ու ընձեռվող այլ-լայն-բացառիկ հնարավորությունների մասին:
Համալսարանը արդյունավետ համագործակցության մեծ փորձառություն եւ աշխարհագրություն ունի (թերեւս ամենամեծը երկրում), որի շնորհիվ մեր ուսանողները, աշխատակիցները կարողանում են դիտարկել-համադրել այլ համալսարանների դրական փորձը, քայլել ժամանակին համընթաց: Օտարներին էլ արժանապատվորեն ներկայացնել մեր ձեռքբերումներն ու նվաճումները:
Դեպարտամենտի աշխատակցուհի Սուսաննա Հայրապետյանը հանգամանորեն-մատչելի ներկայացրեց տեղեկատվության այն աղբյուրները (anau.am կայք, դիմագիրքի ՄԿԴ էջ), որոնց միջոցով ուսանողները կարող են միշտ հետեւել-իրազեկված լինել եւ բաց չթողնել շարժունության ծրագրերին մասնակցելու հնարավորությունները, իմանալ հայտերը ներկայացնելու եւ մրցույթներին մասնակցելու կարգը:
Հ.Գ. Այլ բուհերում սովորողներից հաճախ ենք լսում տրտունջներ, թե իրենց պատշաճ կերպով չեն տեղեկացնում միջազգային ծրագրերի մասին: Մինչդեռ մեր ՄԿԴ-ն միշտ իրազեկման օրեր է սահմանում, նախապես տեղեկացնում է դեկանատներին, որ ուսանողների մասնակցությունը ապահովվի եւ… հայտնվում ենք դատարկ սրահում: Հետո սպասում ենք կես ժամից ավելի, որ մի կերպ ուսանողներ գտնվեն…
Սպասումը կարեւոր հանդիպումից երկար տեւեց… Ցավալի է: