Բաբկեն եւ Դավիթ Պիպոյանները ծանոթացնում են ապրանքների գունային մակնշման համակարգին

Ագրիթեք սրահում հավաքվել էին անասնաբույժներն ու սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող տեխնոլոգները եւ հյուրընկալել էին Բաբկեն եւ Դավիթ Պիպոյաններին: Փաստորեն, բոլոր ներկաները ոլորտին քաջատեղյակ, մասնագիտության պատվին ու հեղինակությանը նվիրված, խնդիրներին խորությամբ քաջատեղյակ մարդիկ էին։ Հանրային առողջության անկյունաքարային հարցերն էին քննարկում, իրական ու «չիրական»՝ երբեմն իրարից արմատապես տարբերվող պատկերը:

Գլխավոր թեման ապրանքների գունային մակնշումն էր: Հարցն այն է, որ ԵԱՏՄ  եւ ԵՄ համակարգերը էապես տարբերվում են, տարբեր են նաեւ չափորոշիչները: Եւ Հայաստանը կարող է երկու համակարգերը համադրող լավագույն ոսկե միջին դառնալ: Գունային մակնշման ակնկալվող համակարգը ներդրվելու է կամավոր:

Ուսումնասիրությունները վկայում են, որ սպառողների մեծ մասը չի հետեւում մակնշումներին, ոմանց համար դրանք մանրատառ ու անընթեռնելի են, մյուսները պարզապես չեն հավատում դրանց իսկությանը: Այս դեպքում կարեւոր են դառնում եւ որակի հավաստագրեր շնորհող լաբորատորիաների ազնիվ մրցակցությունը, ե΄ւ տնտեսական մրցակցության հարցերը կարգավորող մարմնի անաչառությունը, ե΄ւ երաշխավոր հեղինակությունների ու հասարակության նախանձախնդիր-հետեւողական վերահսկողությունը, բոլորը միահամուռ: Ավելի հստակ` պետություն-մասնագետ-հասարակություն անքակտելի շղթան պետք է հստակ գործի:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խնդրեց այս փիլիսոփայության հոլովույթում նոր մտքեր ունեցողները երկու շաբաթվա ընթացքում տեղեկացնեն:

ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի» ՊՈԱԿ-ի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ, որ ընդգծում էր՝ մեր բուհի առաջին մասնաշենքը իր երիտասարդության բույրն ունի՝ ուսանողների ավարտաճառերի թեմաներ ու նոր մոտեցումներ հուշեց եւ համոզմունք հայտնեց, որ հատկապես Ագրարայինի մասնագիտություններն են ամենահեռանկարայինը: