Արեւահամ չորամրգերը՝ Հայաստանի այցեքարտ. բիզնեսի ինչ վարկածներ են առաջարկում երիտասարդ գիտնականները

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի անգլերեն թողարկումն աննախադեպ է երիտասարդ սննդագետ-տեխնոլոգների հետազոտությունների առատությամբ. փորձով են ապացուցել՝ թզենու կիսապատրաստվածքով կամ տարեկանի ալյուրով թխվող հրուշակեղենը, գետնախնձորի խտանյութով հարստացված կաթնաշոռը, թեյաբույսերով մսամթերքի ապուխտը կամ լորի մսով եւ հնդկաձավարի ալյուրով կոտլետն ավանդականից բարձր կենսաբանական արժեք ունեն եւ առավել առողջարար են: Թեեւ տեխնոլոգիական թեմայով, բայց բիզնես-տեսանկյունից հետաքրքիր մի հոդված էլ նվիրված է ծիրանի, խնձորի չրերով եւ չամչով գինու կոկտեյլների պատրաստմանը: Հեղինակները համոզված են, որ նմանատիպ փնջով արտադրանքը միջազգային շուկայում մեծ պահանջարկ կունենա:

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսի հետազոտության առարկան եւս Հայաստանի համը, գույնն ու բույրը ներկայացնող մրգային չրերն են: Հեղինակը երկրի տնտեսական առաջընթացով եւ առողջ ապրելակերպով շահագրգիռ հանրույթին գրավում է չորամրգերի արտադրության եւ իրացման շահեկանությամբ: Երիտասարդ տնտեսագետի մեկ այլ հետազոտություն նվիրված է Miscantus կոչվող բույսից ստացվող կենսագազի արտադրությանը. ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից էապես կախված մեր երկրում այս հրաշք-բույսը կարող է էժան այլընտրանք դառնալ բնական գազին, ինչպես նաեւ բնապահպանական խնդիր լուծել:

Կարկտահարումից վնասված պտղատու մշակաբույսերի վերականգնման խնդիրն էլ հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի կենտրոնի աշխատակից-գիտնականներն են առաջարկում լուծել իրենց հեղինակած «Կոմպլեքսոն-3» պարարտանյութի միջոցով:

Իսկ ահա ճարտարագետ-հեղինակը վստահ է՝ մշակաբույսերի քարտեզը եւ դաշտերի թվային մոդելը լավագույնս կազմվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Վերը նշված եւ այլ հետազոտություններին ծանոթացեք համալսարանի գիտական պարբերականի այս տարվա երկրորդ համարում:

Հաջորդիվ՝ հայերեն եւ ռուսերեն միասնական համարը, որը լույս կտեսնի նոր ուսումնական տարում: