Մեկնարկեց այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը

0 Shares

2020թ.-ի փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) պաշտոնական շնորհանդեսը: Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ նախագիծն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագիծը կարեւոր համարեց առհասարակ այգեպտղաբուծության զարգացման եւ մասնավորապես ոլորտում նախարարության նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու առումով:

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը սկզբունքային նշանակություն ունի Ագրարային համալսարանի համար, քանի որ նախագծի միջոցով արդիականացվելու են համալսարանի ագրոնոմիական առարկաները, ներդրվելու են դասավանդման նոր մեթոդներ և վերապատրաստվելու են ոլորտային դասախոսներ: Նա հավելեց, որ նախագծի գլխավոր շահառուն ուսանողն է, որին հնարավորություն կընձեռվի գործնական միջավայրում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Այդ նպատակով Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում կհիմնվի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ պտղատու այգի:

Ավստրիայի զարգացման համագործակցության փոխտնօրեն Նորա Ալանակյանն իր խոսքում նշեց, որ գործակալությունը 2012 թվականից սկսած Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսական ոլորտում՝ նպատակ հետապնդելով բարձրացնելու գյուղատնտեսության զարգացման մակարդակը եւ արդյունավետությունը:

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծ շրջանակում ստեղծվելու է նաև պտղաբուծության ոլորտում տեսակով առաջին էլեկտրոնային ուսուցման և տեղեկատվական հարթակը հայերեն լեզվով, որը հասանելի կլինի բոլոր շահառուներին՝ ֆերմերներին, ուսանողներին, փորձագետներին, ինչպես նաև լայն հանրությանը:

Չորս տարի ընդհանուր տևողությամբ նախագիծը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերի 1-ին: