Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա․ հանդիպում մասնագետի հետ

«Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա» վերտառությամբ այսօրվա՝ փետրվարի 7-ի սեմինարը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հերթական նախաձեռնությունն էր, որը որոշակիորեն լրացրեց ուսանողների իրազեկության պակասը աշխատաշուկայի, աշխատանք գտնելու գործընթացի պլանավորման, մրցունակ կենսագրական փաստաթղթերի կազմման եւ մատչելի կրթական հարթակներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ։

Այս ամենին նրանց հաղորդակից դարձրեց www.staff.am աշխատանքային հարթակից հրավիրված Հասմիկը, որը բավականին տեղյակ էր աշխատաշուկայի եւ այնտեղ մուտք գործելու` լավագույն փորձի ու գործելակերպերի վրա հիմնված մոտեցումներից, քայլերից ու հնարքներից։ Աշխատաշուկա մտնելու ռազմավարության մշակման, սեփական անձի բրենդավորման, CV եւ ուղեկցող նամակ կազմելու հմտությունների ու «գաղտնիքների» մասին Հասմիկի արտահայտած մտքերը շատերի համար նորություն էին, հետաքրքիր ու օգտակար։

Աշխատաշուկայի վերլուծությունների մասին հակիրճ տեղեկությունների հիման վրա բանախոսը բացահայտեց նաեւ աշխատանքի դիմելու համար տարվա առավել նպատակահարմար ժամանակահատվածները, ամենապահանջված «փափուկ» ու «կոշտ» հմտությունները, 2022 թ.-ին ամենապահանջարկված մասնագիտությունները եւ աշխատանք գտնելու անհատական ծրագրի հիմնական քայլերը։ Ընդսմին, բանախոսը շեշտեց, որ առաջին հերթին պետք է լավ տիրապետել մասնագիտությանը, առաջնորդվել սեփական նախասիրություններով ու նպատակներով, օգտվել ճիշտ աղբյուրներից։

Հնարավոր հաջորդ հանդիպումը ամենայն հավանականությամբ նվիրված կլինի աշխատանքային հարցազրույցներին նախապատրաստվելու ու անցնելու հնարիմացությանը։