ABIONET. Կրթության արդիականացում

Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ գյուղմթերքների և կենսամթերքների արտադրությունը տնտեսության առանցքային ոլորտներից է, իսկ բնագավառի մասնագետները` գյուղատնտեսներ, կենսատեխնոլոգներ, կենսաբաններ, առավել պահանջարկ ունեցողները: Որակյալ և անվտանգ սննդամթերքի արտադրությունն էապես կարևորվում է երկրի ագրոպարենային ապահովվածության տեսանկյունից. ուստի անհրաժեշտ է, որ գյուղոլորտի մասնագետները զինված լինեն աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտելիքներով և կարողություններով:
Այսօր կրթություն-արտադրություն կապը որոշ չափով խզված է, իսկ մագիստրոսական ծրագրերը հիմնականում ներդաշնակ չեն պարենամթերքների և կենսատեխնոլոգիաների վրա հիմնված մթերքների արտադրության արագ զարգացող ոլորտի պահանջներին:
ABIONET-ը (ABioNet – Armenian Network of Excellence in Bio-Products Science and Technology) Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + ՀԳ2 ծրագիր է` «Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց», որի մեկնարկը կայացավ 2018թ. փետրվարի 5-9-ը Հունաստանի Թեսալոնիկ քաղաքում: Ծրագրի տևողությունը 36 ամիս է (2017-2020թթ.) համակարգողը՝ Թեսալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (ATEI):

ԵՄ գործընկերներ

Իտալիայի Հանրապետության Տերամոյի համալսարանը
Պորտուգալիայի Հանրապետության Կաթոլիկե համալսարանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի Տեխնիկական համալսարանը


Գործընկերներ

Երևանի պետական համալսարանը
Հայաստանի ազգային ագրարային Համալսարանը
Գավառի պետական համալսարանը
Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


Ծրագրի առանցքային նպատակը

բարձրագույն կրթության, արտադրության և նորարարության միջև կապի հաստատումն ու ամրապնդումն է, ինչը բխում է երկրի կրթության, գյուղատնտեսության և գիտության զարգացման ռազմավարական առաջնահերթություններից: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը միջառարկայական այնպիսի մոդուլների ներգրավմամբ, որոնք միտված կլինեն մասնագիտական կարողությունների ձևավորմանը: Սույն գործընթացում կարևորվում է ԵՄ, կոնսորցիումում ներգրավված համալսարանների լավագույն փորձը:
Ծրագիրը միտված է նաև մեկ միասնական հարթակի և համապատասխան ռեսուրսների միջոցով համատեղ ցանցի ստեղծմանը, ուսանողների և դասախոսական կազմի շարժունությանը Հայաստանի ուսումնական հաստատությունների և ԵՄ գործընկեր համալսարանների միջև: Ծրագրի շրջանակում նախատեսվող կարճաժամկետ ու երկարաժամկետ վերապատրաստումները (ուսանողներ, դասախոսներ), լաբորատոր բազայի և տեխնիկական միջոցների համալրումը կնպաստեն սննդամթերքի և կենսամթերքի ոլորտի շրջանավարտների ոչ միայն գիտելիքների, այլ նաև հմտությունների և կարողությունների արդիականացմանը:


ABIONET ծրագրի ակնկալվող վերջնարդյունքները

հայաստանյան համալսարանների կարիքների գնահատում դասավանդման ռեսուրսների, կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի տեսանկյունից
պարենամթերքի, կենսամթերքի և տեխնոլոգիաների տիրույթում յուրաքանչյուր համալսարանի նեղ մասնագիտական ուղղվածությունից բխող մագիստրոսական ծրագրերի զարգացում կամ ստեղծում` ԵՄ համալսարանների լավագույն փորձին համապատասխան
միջառարկայական ցանցի ստեղծում և արդյունավետ համագործակցության խթանում հայաստանյան և եվրոպական համալսարանների միջև` ֆակուլտետների, լաբորատորիաների, ձեռնարկությունների ներգրավմամբ
դասախոսների և ուսանողների շարժունության ապահովում
Հայաստանի և ԵՄ համալսարանների ուսանողների կողմից «start up»-ների մշակում
կարիքների վերհանման արդյունքում մագիստրոսական ծրագիրը համապատասխան լաբորատոր բազայով (արդի սարքավորումներ) և տեխնիկական միջոցներով համալրում
Հայաստանի և ԵՄ համալսարանների միջև համատեղ մագիստրոսական մոդուլային ծրագրի մշակում:


Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ պատրաստում է միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ABIONET ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի աշխատանքային թիմը, ծրագրի հիմնադրույթներին համապատասխան, իրականացրել է ոլորտում գործող և դեռևս զարգացման ենթակա մագիստրոսական կրթական ծրագրերի մշտադիտարկում, կարիքների գնահատում: Հատկանշական է, որ հունիսին կայացած «Skype» հանդիպման ընթացքում ԵՄ գործընկեր համալսարանների հետ համատեղ քննարկումների արդյունքում ՀԱԱՀ-ի կրթական ծրագրերից զարգացման և կառուցման նպատակով առաջնահերթություն է տրվել և ընտրվել է «Կենդանական և բուսական ծագման սննդամթերքի անվտանգություն և փորձաքննություն» մագիստրոսական ծրագրը: Կրթական ծրագրի կառուցվածքային, մոդուլային բաղադրիչներին վերաբերող մանրամասներն առաջիկայում կհստակեցվեն Դրեզդենում կայանալիք աշխատանքային հանդիպման ընթացքում:
Հարկ է նշել, որ ՀԱԱՀ-ում կարձանագրվի մոդուլային մագիստրոսական ծրագրի ներդրման առաջին փորձը, ինչը կունենա ռազմավարական նշանակություն ինչպես համալսարանի, այնպես էլ ՀՀ ագրարային ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացում:

ՀԱԱՀ-ում ABIONET ծրագրի համակարգողն է Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գայանե Յուրիի Մարմարյանը:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: inter@anau.am, garegin77@gmail.com