Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

ՆՊԱՏԱԿ

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը հիմնվել է 2019-2022 թթ-ին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) արդի պահանջներին համապատասխան բազայի ստեղծում է, ինչը խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:

Գերազանցության կենտրոնի ստեղծումը ՀԱԱՀ կրթական համակարգում ներդրել է անասնաբուժության կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում և նոր մոտեցում՝ բիոէթիկական կրթություն:

ԱԿԳԿ-ի ունի երեք հիմնական բաժիններ.

  1. անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին,
  2. անասնաբուժական ժամանակակից կլինիկա,
  3. ուսումնական լսարաններ:

Ունենալով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին: Այն թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և առավելագույնս նախապատրաստել նրանց ապագա մասնագիտական գործունեության համար:

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսությունը ՀՀ-ի գերակա ճյուղերից է և տվյալ ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը ժամանակակից պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն է: Գյուղատնտեսության զարգացման քաղաքականության գիտականորեն հիմնավորված ռազմավարությունում պահանջված կադրերի պատրաստման դերն ու նշանակությունն ակնհայտ են, ու գյուղատնտեսության համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը, գիտությունը և խորհրդատվությունը կարևոր են Հայաստանի ներկայի և ապագայի համար ու մեծ ներդրում ունեն կայուն տնտեսական աճի և աղքատության հաղթահարման գործում։

ՀԱԱՀ-ն երկրում միակ ուսումնական հաստատությունն է, որը բարձրագույն մասնագիտական կրթություն է իրականացնում անասնաբուժության և անասնաբուծության ոլորտներում (միջին մասնագիտական, բակալավրային, մագիստրոսական, հետբուհական):

ՀՀ տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը: Բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը: Անասնաբուժությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է կենդանիների հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ, ուսումնասիրում է կենդանիների և թռչունների օրգանիզմի կառուցվածքը, նրանում ընթացող բնականոն, ախտաբանական գործընթացները, հիվանդությունների առաջացման պատճառները, նշանները, ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդները։ Անասնաբուժության կարևորագույն խնդիրներից է նաև զոոնոզ հիվանդությունների կանխումը և սննդամթերքի փորձաքննության և անվտանգության ապահովումը: Այսինքն, անասնաբուժությունը պատասխանատու է նաև կենդանական ծագման պարենամթերքի ու սննդի փորձաքննության, դրա անվտանգության հավաստման համար, ինչի հետևանքով սպառողները կստանան անվտանգ սննդամթերք, ինչպես նաև կկանխվի կենդանիներից և սննդամթերքից մարդկանց վարակման հավանականությունը: Հետևաբար, ոլորտը որակյալ կադրերով ապահովելու խնդիրը դառնում է հասարակության ու ազգի համար առաջնահերթ ուղղություններից մեկը:

Ուսումնասիրությունների արդյունքում վերհանված կարիքների վերլուծության ընթացքում, համալսարանում արձանագրվել և բացահայտվել են որոշ հիմնախնդիրներ, որոնցից հատկապես երկուսն առընչվում են անասնաբուժական կրթության իրականացման և ներկայացվող ծրագրի հետ.

  1. անհամապատասխանություն համալսարանի շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության և աշխատաշուկայի պահանջարկի միջև,
  2. կարողությունների և հմտությունների ամրապնդման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ֆիզիկական և բարոյական մաշվածություն, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրա լրիվ բացակայություն:

Ներկայումս անասնաբույժների պատրաստման ընթացքում խիստ կարևոր է պրակտիկ հմտությունների զարգացման հնարավորությունը, ինչը և կապահովվի կենտրոնի միջոցով:

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության  կենտրոնի գործունեությունն ուղղված է հետևյալ թիրախային խմբերին՝

  1. ՀԱԱՀ ֆակուլտետի և քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրանտները, ասպիրանտները, հետազոտողները,
  2. Հայաստանի ֆերմերները, անասնաբույժները, սննդամթերքի անվտանգության մասնագետները, կենդանիների հիվանդությունների հետազոտմամբ և կանխարգելմամբ զբաղվող տեղական կառույցների ներկայացուցիչները:
  3. Այլ շահառուներ:

ՀԱԱՀ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության  կենտրոնը հիմնվել է « Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: 2.6 տարի  տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 01.08.2019թ. և ավարտվել 20.03.2022թ.: Ծրագիրն իրականացվել է 7 փուլով: Նախապես մշակված գործողությունների պլանին համապատասխան  ծրագրի իրականացման համար կատարվել են հետևյալ աշխատանքները՝

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀԱԱՀ ֆինանսական միջոցների հաշվին կենտրոնի կարիքների համար առանձնացվել և վերանորոգվել է 5 սենյակ:

ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Ծրագրի նպատակներին և  տրամադրված տարածքին  համապատասխան պատրաստվել են անհրաժեշտ սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ և պայմանագրեր են կնքվել  մի շարք մատակարարների հետ:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԿԳԿ կենտրոնը լինելու է մեր հանրապետությունում գործող միակ գերազանցության կենտրոնը անասնաբուժության ոլորտում, որը հնարավորություն է ընձեռելու բուհի տարբեր մասնաճյուղերի ուսանողներին և աշխատակիցներին գործունեություն (փորձեր, պրակտիկա և այլն) ծավալել անհրաժեշտ մասնագիտական սարքավորումներով ապահովված կենտրոնում՝ դրանով իսկ բարձրացնելով մասնագետների մրցունակության մակարդակը ներքին և արտաքին աշխատաշուկայում:

Ծրագրի նորարարական բնույթը՝

  • Անասնաբուժական կլինիկայում կիրականացվեն տեսական և գործնական դասընթացներ, ուսանողի ուսուցումը կկատարվի առանց գործնական միջավայրից ու պայմաններից կտրվելու:
  • Անասնաբուժական կլինիկան ծառայություններ կմատուցի նաև ազգաբնակչությանը, ինչը բուհի համար կհանդիսանա լրացուցիչ եկամտի աղբյուր:
  • Նորաստեղծ սիմուլյացին կրթական բաժինը իր տեսակով կհանդիսանա միակը այդ ոլորտի համար, որտեղ կատարվող ուսուցումը ուսանողների մոտ կձևավորի բիոէթիկական վարք, ինչպես նաև նրանց կնախապատրաստի կենդանիների հետ աշխատելու տեսակետից: Նշենք, որ մինչ այժմ բուհում բիոէթիկական կրթության տեսակետից ոչ մի քայլ արված չէ, իսկ ժամանակակից կրթության կարևորագույն պայմաններից մեկը բիոէթիկական հիմունքներով կրթության իրականացումն է և <<բուժիր առանց սպանելու>> սկզբունքի կիրառումը:
  • Անասնաբուժական կլինիկան կծառայի ոչ միայն կրթական, այլև գիտահետազոտական նպատակների համար, որտեղ իրենց հետազոտությունները կկատարեն ներքին շահակիցները:
  • ԱԿԳԿ-ն կհանդիսանա յուրօրինակ միավորող կառույց բուհի, անասնաբուժությամբ, կենդանիների վարակիչ հիվանդությունների և կենսաբանական ռիսկերի ուսումնասիրմամբ և կանխարգելմամբ զբաղվող տարատեսակ կառույցների միջև, ինչի շնորհիվ վերահիշյալ թիրախային խմբերի գործունեությունն ավելի կսերտանա, իսկ արդյունքում ոլորտի հիմնախնդիրների բարձրաձայնումն ու լուծումն ավելի համակարգված կլինի:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ակնկալվող արդյունքներն են.

  • սիմուլյացիոն կենտրոնի միջոցով նպաստել համալսարանում իրականացվող կրթության բիոէթիկական նորմերի ապահովմանն ու դրա հետագա խթանմանը,
  • ժամանակակից անասնաբուժական կլինիկայի գործարկման միջոցով թողարկել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով և կարողություններով մասնագետներ,
  • գերազանցության կենտրոնի միջոցով հետազոտական աշխատանքների իրականացում, կրթություն-գիտություն կապի վերականգնում և ընդլայնում,
  • բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում մասնագետների վերապատրաստումների և որակավորման բարձրացմանը միտված այլ միջոցառումների, համատեղ գիտական աշխատանքների իրականացման միջոցով:

Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել հետևյալ մասնագիտական գրքերը, որոնցից օգտվելու համար կարող եք դիմել ՀԱԱՀ գրադարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հասցե՝ Երևան, Էրեբունի 10
Հեռ
E-mail: