FRUITENIA

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի մասին

«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագիծն իրականացվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի (ԱՀԿՄԿ) կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։ Նախագիծը մեկնարկել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին։

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի առաջնային նպատակն է բարձրացնել այգեպտղաբուծության ոլորտի ընդհանուր մրցունակությունը շահառու ֆերմերների շրջանում։ Նախագիծը կխթանի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանը։

Logo of the Austrian Development Agency - Austrian Development AgencyANAU ATC ICARE

     Կրթական բաղադրիչ

Նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում նախատեսվում է թարմացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի կրթական ծրագրերը՝ ներդնելով նոր առարկաներ և արդիականացնելով առկա առարկաների ուսումնական նյութերը։ Այս ընթացքում արդեն մշակվել են հետևյալ ձեռնարկները՝ «Պտղատու ծառատեսակների էնտոմոֆաունա և պայքար», «Պտղատու ծառատեսակների հիվանդություններ և պայքար», «Տնկարանների հիմնում և կառավարում», «Ընկուզավոր պտղատեսակների հիմնում և կառավարում», «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում», «Պտղաբուծություն, հարակայուն գյուղատնտեսության հիմունքներ»։ Նախագծի շրջանակում իրականացվել է աշխատաժողովների շարք, որոնց ընթացքում ձեռնարկները մշակած տեղական մասնագետները և միջազգային մասնագիտական խորհրդատուները ՀԱԱՀ Ագրոնոմիական դեպարտամենտի դասախոսական կազմին, մագիստրանտներին և ասպիրանտներին ներկայացրել են ձեռնարկները և համապատասխան առարկայի դասավանդման մեթոդները։ Ձեռնարկները հաստատվում են ՀԱԱՀ գիտխորհրդի կողմից։ ՀԱԱՀ դասախոսների համար կազմակերպվել է նաև վերապատրաստման դասընթաց «Դասավանդման ժամանակակից մեթոդներ» թեմայով։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել վերապատրաստումներ համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների դասախոսական կազմի համար,  անցկացնել պտղաբուծության մասնագիտական կարճաժամկետ հավաստագրման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել ուսանողական ամառային ճամբարներ։

Նախագծի շրջանակում համագործակցության հուշագրեր են կնքվել հետևյալ գյուղատնտեսական 8 քոլեջների հետ․

ՀԱԱՀ-ի «Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ», «Արմավիրի տարածքային քոլեջ», «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ», «Նոր Գեղիի ակադեմիկոս Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Սպիտակի պետական քոլեջ», «Շիրակի ակադեմիկոս Մ․ Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վանաձորի պետական գյուղատնտեսական  քոլեջ»։ Հուշագրերի շրջանակում նախատեսվում է կազմակերպել ուսումնական այցեր նախագծի շրջանակում հիմնված ինտենսիվ պտղատու այգի, այդ թվում՝ քոլեջների ուսանողների, դասախոսների, մասնագետների համար, մշակել և քոլեջներին տրամադրել ձեռնարկ այգեպտղաբուծության վերաբերյալ, իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում քոլեջների դասախոսների համար՝ այգեպտղաբուծության մասնագիտության ուղղվածությամբ։

     Ագրոտեխնիկական բաղադրիչ

Նախագծի ագրոտեխնիկական բաղադրիչի շրջանակում ՀԱԱՀ «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության տարածքում ուսումնա-ցուցադրական նպատակով հիմնվել է 1,5 հա ինտենսիվ պտղատու այգի՝ համալրված կաթիլային ոռոգման համակարգով և հակակարկտային ցանցով։ Այգում տնկվել են հետևյալ ծառատեսակները․

  1. Դեղձենի – 12 սորտ
  2. Սալորենի – 10 սորտ
  3. Կեռասենի – 16 սորտ
  4. Ծիրանենի – 2 սորտ

Ինտենսիվ այգու մշակության աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու նպատակով նախագծի շրջանակում ձեռք են բերվել  գյուղատնտեսական տրակտոր և սարքավորումներ։ ՀԱԱՀ-ի և ԱՀԿՄԿ հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղատնտեսական տեխնիկայի անհատույց օգտագործման համաձայնագրի» հիման վրա ձեռքբերված գյուղատնտեսական տեխնիկան հանձնվել է ՀԱԱՀ «Ոսկեհատ» տնտեսությանը։

Այգին հասանելի ու բաց կլինի բոլոր հետաքրքրված անձանց համար, սակայն նախևառաջ կծառայի  ագրարային համալսարանի ուսանողադասախոսական կազմին՝ թույլ տալով տեսական գիտելիքներից բացի  զարգացնել նաև իրենց գործնական գիտելիքներն ու հմտությունները։ Ինտենսիվ պտղատու այգու հիմնման և մշակության տարբեր փուլերում կազմակերպվել են այցեր՝ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի, ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և մարզային գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար։

      аygi.am կրթական կայքէջ

Նախագծի շրջանակում ստեղծվել է այգեպտղաբուծության վերաբերյալ կայք՝ www.aygi.am։ Կայքը բաղկացած է 5 հիմնական կայքէջերից՝ Տեսանյութեր, Հրապարակումներ և խորհրդատվություն, Վերապատրաստումներ, Ծրագրեր, Ծառայություններ։ Aygi.am-ը հնարավորություն է ընձեռում պտղաբուծության ոլորտի շահառուներին՝ մասնավորապես ֆերմերներին և ուսանողներին, ձեռք բերել ոլորտին առնչվող գիտելիքներ՝ շնորհիվ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում պատրաստվող տեսանյութերի և տարբեր աղբյուրներից կայքում մեկտեղված տեղեկատվական նյութերի։ Կայքը պարբերաբար համալրվում է նոր նյութերով։

aygi icare atc

Նախագծի ընթացքին հետևելու համար, այդ թվում՝ կազմակերպվող վերապատրաստումների մանրամասներին, նոր տեսանյութերին և հրապարակումներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի ֆեյսբուքյան և յութուբյան էջեր, ինչպես նաև www.aygi.am վեբկայք։