Հայաստան. հրաշքների երկիրը
«Դրախտը եղել է հենց Հայաստանում. այս երկիրը միշտ
կլինի ամենահետաքրքիրներից մեկն աշխարհում»:
Ջորջ Գորդոն Բայրոն
Հայաստանն ուրախ ժպիտների և վառ գույների, հին լեգենդների և աստվածաշնչյան պատմությունների, գեղեցկության, պատմության և մշակույթի երկիր է: Նոյան տապանի հանգրվան Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշն է:
Հայոց պատմություն
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որը հոգևոր խորը արժեքներ է փոխանցում: Սկիզբ առնելով մ.թ.ա. մոտ 4000-ական թվականներից` այն քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկն է: Հայաստանը հինավուրց մշակութային ժառանգություն ունի, այն հարուստ է պատմական եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով:
Հայաստանի աշխարհագրություն
Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն է Հարավարևմտյան Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը:
Հայաստանի Հանրապետության բնակչություն
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն մարդ: Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 7 միլիոն մարդ: Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, բնակչության մոտ 97 տոկոսը հայեր են: Հայերը շատ բարեկամասեր և ջերմ մարդիկ են և հայտնի են իրենց հյուրասիրությամբ:
Կրոնը Հայաստանում
Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն քրիստոնեական ազգային եկեղեցիներից մեկն է: Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները:
Հայերեն
Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է: Հայոց այբուբենը բաղկացած է 39 տառից: Այն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թ.-ին: «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է», – Ջորջ Բայրոն:
Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է, վարչաքաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը: Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782 թ.-ին Էրեբունի անվամբ: Երևանը հարուստ է մշակութային վայրերով, թատրոններով, թանգարաններով, պատկերասրահներով և այլն: Երևանը գեղեցիկ «վարդագույն քաղաք» է. շենքերը կառուցված են տուֆ քարից` վարդագույնի տարբեր երանգներով:
Հայկական խոհանոց
Հայկական խոհանոցը շատ հին է: Այն սերտորեն կապված է արևելյան և միջերկրածովյան խոհանոցների հետ: Հայկական խոհանոցի շատ կարևոր բաղադրիչն ավանդական հացն է` լավաշը, որը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Հայաստանը հայտնի է նաև իր գինիներով: Արենիի գինեգործությունն աշխարհում ամենահինն է. այն ավելի քան 6000 տարեկան է: Հայկական կոնյակը ևս կարևոր խորհրդանիշ է, որն աշխարհում հայտնի է իր համով և բույրով: Նուռը և ծիրանը համարվում են ազգային խորհրդանիշներ:
Հայաստանի տեսարժան վայրերը
Այս փոքրիկ և արևոտ երկրում շատ տեսարժան վայրեր կան. Գառնու տաճարը, Գեղարդը, Հաղարծինը, Էջմիածինը, Խոր Վիրապը, Ամբերդը, Տաթևի վանքը, Սևանա լիճը, որն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից է և այլն: Հայաստանն ունի գեղեցիկ բնական լանդշաֆտ և աշխարհի յուրահատուկ վայրերից մեկն է:
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]