Վանաձորի մասնաճյուղ

Ալեքսանդր Հակոբյան

գյուղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Վանաձոր, 2009, Աբովյան 64
  • (0322) 2-51-76, (+374 91) 14 94 12
  • agr-vm@mail.ru

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 976-Ն որոշմամբ, որը գործողության մեջ է դրվել 2005թ. սեպտեմբերի 1-ից՝ ՀԱԱՀ ռեկտորի № 254/L հրամանով։ Նույն հրամանի երկրորդ կետով հաստատվել է մասնաճյուղի ժամանակավոր հաստիքացուցակը՝ 13 միավոր հաստիքով, իսկ № 532 հրամանով նորաստեղծ մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանը: 2005-2006 ուսումնական տարում հեռակա ուսուցման համակարգում մասնաճյուղ է ընդունվել 68 ուսանող` 3 մասնագիտությունների գծով. Հաշվապահական հաշվառում և աուդիտ՝ 24, Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն՝ 19, Հողաշինարարություն և հողային կադաստր՝ 25։ Առաջին անգամ առաջին կուրսերի ուսումնական պարապմունքներն սկսվել են 2006թ. ապրիլի 3-ից: Մասնաճյուղը հեռակա ուսուցման համակարգում բակալավրիատի ծրագրով պատրաստում է բարձրագույն կրթությամբ կադրեր:
Տարեցտարի ավելացել են և՛ մասնագիտությունները, և՛ ուսանողների թվաքանակը: Ներկայումս հեռակա ուսուցման համակարգում «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ եւ սարքավորումներ», «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում», «Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտությունների գծով մասնաճյուղում բարձրագույն մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 400 ուսանող:
Մասնաճյուղն ունի բարեկարգ լաբորատոր-լսարանային պայմաններ, գործում են անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդի անվտանգության, գեոդեզիայի, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, ավտոմոբիլների և տրակտորների, մեքենաների մասերի, ֆիզիկայի և էլեկտրոտեխնիկայի, հողերի և ջրերի հետազոտությունների մասնագիտացված լաբորատորիաները, մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարանը, ընթերցասրահը, էլեկտրոնային գրադարանը, կոնֆերանս-դահլիճն ու մարզասրահ-խաղասենյակը:
Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար ստեղծված ժամանակակից մասնագիտացված լաբորատորիաները, ուսուցման տեխնիկական միջոցներով հագեցած լսարանները նպաստում են, որ ուսանողները ստանան անհրաժեշտ մասնագիտական եւ հումանիտար գիտելիքներ, կատարեն ուսումնական և լաբորատոր փորձեր:
Ուսումնական գործընթացի կազմակերպման անհրաժեշտ տարր են դարձել նաև մայր բուհից տեսակապի միջոցով անցկացվող հեռավար դասախոսությունները: Սմարթ լսարանները, ինտերակտիվ գրատախտակները հնարավորություն են տալիս համեմատաբար սեղմ ժամանակահատվածում ավելի խորությամբ եւ մատչելի մեթոդներով յուրացնել ուսումնական թեմաները: Դասասենյակները եւ լաբորատորիաները մշտապես համալրվում են արդիական տեխնիկական սարքավորումներով, նոր սերնդի ինտերակտիվ գրատախտակներով:
Մասնաճյուղի ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաներն անցկացնում են հանրապետության համապատասխան մասնագիտական ձեռնարկություններում, ինչպես նաև մայր բուհի Սպիտակի ուսումնափորձնական տնտեսությունում, որտեղ 26,0 հա հողատարածքում մասնակցում են հողի նախացանքային մշակման, ցանքի, պարարտացման, հակամոլախոտային պատրաստուկների օգտագործման եւ բերքահավաքի աշխատանքներին:

Մասնաճյուղում դասավանդող 73 մասնագետներից 50-ը ունեն գիտական կոչում և աստիճան, հեղինակ են դասագրքերի եւ բազմաթիվ գիտական աշխատանքների: Այստեղ դասավանդում են 10 դոկտոր-պրոֆեսոր, 39 գիտությունների թեկնածու և դոցենտ:
Մասնաճյուղի կոնֆերանս-դահլիճում լայն հնարավորություններ են ստեղծված ուսանողների, ֆերմերների, ագրոոլորտի այլ մասնագետների համար, ովքեր մասնակցում են այստեղ անցկացվող արդեն պարբերական բնույթ ստացած գիտական կոնֆերանսներին եւ բազմաբնույթ միջոցառումներին:
Մասնաճյուղի տնօրինության մշտական ուշադրության կենտրոնում են ուսումնական բազայի հզորացման և կրթության որակի բարելավմանն ուղղված հիմնահարցերը: Բացառապես մասնաճյուղի արտաբյուջետային միջոցների հաշվին հիմնանորոգվել եւ շարունակաբար բարեկարգվում է ուսումնական բազան: Մասնաճյուղի տնօրինությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում ուսումնական գործընթացի կայուն եւ պատշաճ կազմակերպման, ուսումնափորձնական տնտեսության կայացման, առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Մասնաճյուղն արդյունավետ կերպով համագործակցում է Լոռու մարզպետարանի, մասնավորապես գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ մարզի համայնքների հետ, օգնում գյուղական համայնքներին եւ ֆերմերներին գյուղատնտեսության տարբեր ոլորտների մասնագետների պատրաստման գործում:
Այսօր մասնաճյուղի շրջանավարտներից շատերն իրենց մասնագիտությամբ աշխատում են ՀՀ հյուսիսային տարածաշրջանի համայնքներում եւ տարբեր կազմակերպություններում։