Խնկելի հիշատակների առջեւ խոնարհումով

-Ես չեմ հասկանում, որ մարդիկ միայն ապրիլի 24-ին են հիշում ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ խոնարհվելու մասին,- ասում է Ագրոնոմիական ֆակուլտետի ՈՒԽ նորընտիր նախագահ Մարիա Կրտիկաշյանը:

Մարիան եռանդուն, խելացի, համակողմանիորեն զարգացած պարմանուհի է եւ արդեն նկատելի է, որ աշխուժացել է Ագրոնոմիականի մշակութային կյանքը՝ մի օր թանգարան են գնում, հետո՝ պատկերասրահ: Երեկ էլ՝ դեկտեմբերի 1-ին, ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանի հետ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

ՀՑԹԻ-ի տնօրեն, պատմագիտության դոկտոր Հարություն Մարությանը հանդիպել է ուսանողներին, պատմել հուշահամալիրի ու թանգարանի հիմնադրման պատմությունը: Ներկայացրել հուշահամալիրի տարածքում տասնամյակների ընթացքում՝ նոր ողբերգությունների հետեւանքով կատարված փոփոխությունները:

Այնուհետեւ երիտասարդները ուսումնասիրել են թանգարանի ցուցանմուշները, նյութերը, լսել են ողբերգական իրադարձությունները վերապրածների սահմռկեցնող պատմությունները: Համոզված ենք, այս այցելությունը բոլորովին նոր լույս է սփռել մարդկության պատմության ամենաբարբարոս, վայրի, կազմակերպված հանցագործության վրա: Հանցագործություն, որ այլեւս չպետք է կրկնվի, ուստի՝ հիշում ենք եւ պահանջում…