Հեղափոխությունը տիեզերական տեխնոլոգիաներում անխուսափելի է․ աշխատաժողով ՀԱԱՀ-ում

Մայիսի 23-ին ՀԱԱՀ-ում անցկացվեց տիեզերական պատկերների ստացման կիրառումներին նվիրված աշխատաժողով, որին մասնակցում էր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ոլորտի միջազգային կառույցների, ՀՀ ԳԱԱ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Վաղը՝ մայիսի 25-ին լրանում է հայկական տիեզերական առաջին արբանյակի՝ ARMSAT 1-ը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելու մեկ տարին, որին նվիրված միջոցառումների շարքում էր նաեւ այս աշխատաժողովը։

Ողջունելով մասնակիցներին, ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշեց աշխատաժողովի կարեւորությունը հատկապես ուսանողների համար՝ վերջիններիս խրախուսելով «խորանալ» տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի մեջ, որն այսօր ամենաարագ զարգացողներից մեկն է եւ գնալով ավելի լայնորեն է կիրառվում գյուղատնտեսության բնագավառում․ փոխնախարար Պողոսյանի խոսքով, ոլորտը շատ ավելի արագ է զարգանում, քան մի քանի տարի առաջ արված ամենալավատեսական կանխատեսումներն են եղել։

Հայկական առաջին ռազմավարական արբանյակը ուղեծիր դուրս բերած ընկերության՝ Սատլանտիս ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Էրնանին նշեց տիեզերքը տնտեսության շահերին ծառայեցնելու կարեւորությունը եւ ներկաներին «նախազգուշացրեց» առաջիկա մի քանի տարում տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում հեղափոխության անխուսափելիության մասին։ Պարոն Էրնանին գոհունակությամբ նշեց տիեզերքում դիրքավորված լինելու կարեւորությունը Հայաստանի եւ նրա տնտեսության, ներառյալ գյուղատնտեսության  համար։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շեշտեց տիեզերական տեխնոլոգիաների իմացության կարեւորությունը հատկապես ուսանողների համար, որը մեծապես կօգնի նրանց կարիերայի զարգացման գործում՝ որպես գյուղատնտեսության ոլորտում վաղվա որոշումները կայացնողներ։ Նա ներկայացրեց ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի փոխակերպման ընթացքը մեր համալսարանում, ուսումնական պլաններով նախատեսված եւ կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի միջոցով ճշգրիտ եւ թվային գյուղատնտեսության, երկրատեղեկատվական համակարգերի, հեռահար զոնդավորման եւ բարձր տեխնոլոգիական այլ լուծումների վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների տիրույթը, որ յուրացնում են ուսանողները եւ արտահամալսարանական շահառուները։ Ռեկտորը խոսեց ՀԱԱՀ-ում կազմակերպվող ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթների հաջողության, մարզերում ագրոտեխնոլոգիական դասարանների բացման նախաձեռնության, մարզային երիտասարդության մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների մասին։ Շղթան կամբողջանա առաջիկայում ՀԱԱՀ-ում ստեղծվելիք ագրոռոբոտիկայի եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնով։

Աշխատաժողովում եղան մի շարք հետաքրքիր զեկուցումներ եւ քննարկումներ։ «Տիեզերքը եւ շրջական միջավայրը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Խուան Թոմաս Էրնանին, «Հողի դիտարկման հավելվածներ գյուղատնտեսության մեջ» թեմայով՝ VAIS-ի գլխավոր տեխնոլոգ Կարիմ Մագդի Մոհամեդը, «Տիեզերական պատկերների ստացման քաղաքային հավելվածները» Կատալոնիայի քարտեզագրական եւ երկրաբանական ինստիտուտի երկրի դիտարկման բաժնի ղեկավար Ջորդի Կորբերայի ներկայացրած թեման էր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԵՏՀ եւ հեռահար զոնդավորման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը խոսեց Հայաստանում բնապահպանական խնդիրների բացահայտման, գնահատման եւ մշտադիտարկման համար հեռահար զոնդավորման օգտագործման մասին եւ այլն։