Վերջինը՝ անխուսափելիորեն. ամենահուզիչ օրը՝ բոլոր տարիքային խմբերի համար

Առանց բացառության: Հուզվում են ուսուցիչները, սաները, շրջանավարտների ծնողները: Այս տարակարգերից դուրս մյուսներս էլ հիշում ենք մերը… անկախ ժամանակային մեեեծ վիհ հիշեցնող բացատից: Եւ այսպես՝ միշտ, ամեն տարի սպասված, հախուռն, խենթ ու խելառ, անմոռանալի:

Շրջանավարտները լավ էին պատրաստվել՝ երգ, պար, մանրապատումներ (էլ ինչ վերջինզանգյան մանրապատումներ առանց ուսուցիչների «տնազը դնելու»՝ սիրառատ, բարեկամաբար, անչար), հետո էլի՝ երգ-պար, իմպրովիզներ, անակնկալներ: Եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գնահատեց հանդիսությունը վարող երիտասարդների անակնկալները, պահը ճկուն եւ վարպետորեն օգտագործելու կարողությունը: Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին, ուսումնառության այս կարեւոր փուլը հաջողությամբ կերտողներին, ավարտին հասցնողներին.

– Այսօր մեծ տոն ու կյանքում առաջին անգամ լուրջ որոշում կայացնելու հանգրվան է ձեզ համար, սիրելի շրջանավարտներ։ Ուր էլ գնաք, ինչ գործով էլ զբաղվելիս լինեք, մաղթում եմ, որ մեր հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում դուք հնարավորություն ու կարողություն ունենաք լիարժեք դրսեւորվելու որպես ուսանող, որպես աշխատող մարդ, որպես հայրենիքի նվիրյալ զինվոր: Դուք լավ գիտեք, որ Ագրարային համալսարանի դռները բաց են ձեզ համար, ձեր ճիշտ ընտրության համար,- ասաց պարոն Ուռուտյանը եւ հորդորեց, որ մասնագիտության ընտրությունը խելամտորեն ու բծախնդիր կատարեն, չբավարարվեն մեկ ոլորտ յուրացնելով, թվային տեխնոլոգիաների դարում ժամանակին համընթաց լինել:

Շնորհավորում ենք սիրելի վարժարանցիներին եւ հույս ունենք, որ նրանցից շատերը սեպտեմբերի 1-ին մուտք կգործեն Ագրարային՝ նոր կարգավիճակով: