Կաթնամթերքի ուսումնական արտադրամաս

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ գործակցության լավագույն արդյունք է «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունում ստեղծված Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, որի վերանորոգման ու կահավորման աշխատանքների մի մասն իրականացվել է «Սարյան Զառուկյան» բարեգործական կազմակերպության հատկացրած միջոցներով։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում:
Կաթնամթերքի վարպետաց դպրոցի առաքելությունն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:
Դպրոցն առաջին հերթին նվեր է ուսանողներին, և շատ կարևոր է Հայաստանում դուալ կրթության զարգացման տեսանկյունից․ ուսանողները տեսական գիտելիքների հետ ձեռք են բերում գործնական հմտություններ, նաև գերազանց հնարավորություն է՝ ստանալու գործնական և կիրառելի գիտելիքներ՝ այսպիսով հասանելիություն ապահովելով աշխատաշուկայում։ Ուսանողները վարպետաց դպրոցում հնարավորություն ունեն մասնակցելու կաթնամթերքի արտադրության և իրացման ամբողջական շղթային, ընդ որում՝ նրանց համար այստեղ ստեղծված են աշխատանքի և կեցության լավագույն պայմանները: Ուսանողների համար վարպետաց դպրոցը կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելու, սեփական ձեռքերով հանրային բարիք ստեղծելու, ապագա գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև ընտանիքից դուրս ինքնուրույն կենցաղավարելու փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն է:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՌԶԳ ՀԿ-ի հետ համատեղ վերանորոգված և կահավորված վարպետաց դպրոցը կազմակերպում է նաև կարճաժամկետ դասընթացներ՝ հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն գործնական հմտություններ և կարողություններ ձեռք բերել, այլ նաև գիշերելով հենց ուսումնական կենտրոնում՝ մաս կազմել ամբողջ ուսումնական գործընթացին՝ կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանք: Արդեն իսկ գիշերակացով կարճաժամկետ դասընթացների 3 փուլ է անցկացվել․ մեկ տարվա ընթացքում Բալահովիտի վարպետաց դպրոցում վերապատրաստվել են շուրջ 140 շահառու, մասնակիցներից 20-ը՝ Արցախից։ Հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնող ունկնդիրները գոհ էին, ոգեւորված եւ պատրաստակամ՝ սովորածը կիրառելու իրենց հետագա կարիերայում։
Վարպետաց դպրոցում անցկացրած մեկ շաբաթը շատ բան տվեց արցախցի երիտասարդներին․ ոչ միայն պանիր, մածուն, թթվասեր, յոգուրտ եւ թան պատրաստելու չգրված գաղտնիքներին տիրապետելու առումով, այլեւ կենսականորեն կարեւոր այդ մթերքների շուկայի մասին ամենաարդիական գիտելիքներ ու հմտություններ։ Ավելին, օգտվելով պատեհ առիթից՝ տղաներն ու աղջիկներն ազատ ժամանակի մի մասն օգտագործեցին տրակտոր վարել սովորելու համար։
Կարճաժամկետ դասընթացները հաջողությամբ ավարտածներին տրվում են ավարտական հավաստագրեր։
Կաթնամթերքի վարպետաց դպրոցի գլխավոր տեխնոլոգն է Արտեմ Երանոսյանը: