«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն

Արարատ Մոսինյան

տնօրեն

Հետադարձ կապ

    • ՀՀ, Կոտայքի մարզ, 2213, գյուղ Բալահովիտ
    • (374222) 6-03-24

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիսարևելյան մասում:

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի՝ դեռևս 1957 թ. Աբովյանի շրջանի Մհուբի տնտեսության և Բալահովիտ գյուղի ձիաբուծարանի բազայի վրա ձևավորված ուսումնափորձնական տնտեսության հիմնական նպատակն ուսանողների համար որպես գիտական, ուսումնական և առավել ևս պրակտիկ ու արտադրական բազա ծառայելն է։
1959 թվականին ԵրԱԱԻ-ի կաթի տեխնոլոգիայի ամբիոնին կից գործարկվեց կաթի ուսումնափորձնական գործարանը, որը հետագայում տեղափոխվեց Բալահովիտ գյուղ: 1994 թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների միավորվելուց հետո կաթի գործարանը միավորվեց «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հետ:
Ուսումնափորձնական տնտեսության տնօրենի պաշտոնում աշխատել են Հ.Օ.Բալայանը, Ա.Գ.Չիրքինյանը, Զ.Վ.Պետրոսյանը, Վ.Ա.Զորանյանը, Ա.Ս.Ավագյանը, Գ.Ս. Ասրյանը, Ս.Ս.Ղազարյանը, Ա.Վ.Ավետիսյանը, Մ.Վ.Գալստյանը, Հ.Գ.Խաչատրյանը, Մ.Ա.Հովհաննիսյանը, Հ.Ա.Գալստյանը, Վ. Հովակիմյանը, Ժ.Վիրաբյանը:

Մինչև 2000 թվականը «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը գործել է տարբեր կարգավիճակներում, իսկ նշված թվականին այն միավորվեց «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության հետ, և ստեղծվեց ուսումնափորձնական տնտեսությունների միավորումը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այս երկու տնտեսությունները նորից գործելու են որպես առանձին ստորաբաժանումներ:

«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը Ելիջա հանդամասում ներկայումս ունի 1077 հա հողատարածք, որից 274 հա անջրդի վարելահող է, 407 հա՝ խոտհարք, 396 հա՝ արոտավայր: Տևական ժամանակ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության կաթնամթերքի ուսումնական արտադրամասում գերմանական տեխնոլոգիաներով արտադրվել են «Զովետ կաթ» ապրանքանիշով կաթնամթերքը՝ կաթը, թթվասերը, կաթնաշոռը, թանը, պանիրն ու մածունը: Արտադրամասի գլխավոր տեխնոլոգն է Արտեմ Երանոսյանը:

«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը 2018 թվականից ղեկավարում է Արարատ Մոսինյանը: