Ռեկտոր Վարդան Ուռուտյանը բանախոսել է «Հետազոտությունը հիմնարար է» խորհրդաժողովում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել են Կենտրոնական բանկի եւ Ֆաբ լաբ Արմենիայի կազմակերպած «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» խորհրդաժողովին, որի հիմնական նպատակը տարբեր ոլորտներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրա մշակույթի արժեքավորումն էր։

Խորհրդաժողովում ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց «Կիրառական գյուղատնտեսական հետազոտություններից դեպի գործողություն» թեման։ Նա մասնավորապես խոսեց ՀԱԱՀ-ի՝ որպես ագրոտեխնոլոգիական կրթության եւ գիտության գերազանցության կենտրոնի փոխակերպման գործընթացի մասին, որին համալսարանը հաջողությամբ անցում է կատարում վերջին տարիներին ստեղծված նոր եւ նորարարական հնարավորությունների շնորհիվ։ Դրանք ներառում են աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնող ուսումնական պլանները, ուսումնառության ուսանողակենտրոն միջավայրը, տեխնոլոգիապես հագեցած եւ արդիականացված ենթակառույցներն ու ռեսուրսները, դասախոսական կազմի որակավորման մշտական բարձրացումը եւ դասավանդման մեթոդների բարելավումը, կրթություն-գիտություն-բիզնես համագործակցությունը, ագրոտեխնոլոգիական եւ կենսատեխնոլոգիական ստարտափ ինկուբատորները։

ՀԱԱՀ ռեկտորը ներկաների ուշադրությունը հրավիրեց հետազոտական, փորձարարական եւ նոր ապրանքների մշակման նպատակներով շարք մտած նորարարական լաբորատորիաների, Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունում կիրառվող պտղաբուծական եւ բանջարաբուծական նորարարական տեխնոլոգիաների, համալսարանի խելացի ջերմատան, գարեջրագործության եւ թորման լաբորատորիայի, Բալահովիտի կաթնամթերքի վարպետաց դպրոցի, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի եւ գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիայի, եղանակային կայանների վրա։ Պարոն Ուռուտյանը ներկայացրեց նաեւ առաջիկա հավակնոտ այլ ծրագրեր, որոնք իրականացվելու են արտերկրի եւ տեղական տարբեր գործընկերների աջակցությամբ։

Ռեկտոր Ուռուտյանն իր ելույթն ամփոփեց առաջարկներով, որոնք վերաբերում էին առհասարակ համալսարաններում ինկուբատորների եւ աքսելերատորների, գիտելիքների փոխանցման գրասենյակների, գիտական արդյունքների առեւտրայնացման գործում այդ կառույցների կարեւորությանը, Հայաստանում բիզնես հրեշտակների ցանցի ստեղծման, ստարտափ էկոհամակարգի շահակիցների հետ հարաբերությունների զարգացման եւ ուսանող ձեռներեցներին ու երիտասարդ հետազոտող գիտնականներին շահադրդելու մեխանիզմների անհրաժեշտությանը։

Խորհրդաժողովի ավարտին պարոն Ուռուտյանը եւ պարոն Սիմոնյանը ծանոթացան Դիլիջանի Ֆաբ լաբի գործունեությանը, որը «Կապակցիր, հզորացրու եւ փոխակերպիր» կարգախոսով առաջնորդվող համաշխարհային հայտնի ցանցի մաս է կազմում։