Համագործակցում ենք. քաղաքաբնակն էլ հողը զգալու կարիք ունի

Պորտուգալիայի համալսարանների հետ համագործակցությունը տարիների հաջող աշխատանքի արդյունք է: Հերթական հյուրը՝ Ռութ Մաթոսը Էվորայի համալսարանի պրոֆեսոր է եւ մայիսի 15-16-ին ագրիթեք սրահում հանդես եկավ դասախոսություններով՝ նվիրված քաղաքային կանաչ միջավայրի կազմակերպման խնդիրներին:

Ուրբանիզացիան ժամանակակից-համընդգրկուն խնդիր է, եւ որքան էլ մեծ բնակավայրերը տարբերվեն իրենց աշխարհագրական դիրքով, կլիմայով, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային առանձնահատկություններով, միեւնույնն է կան ընդհանուր խնդիրներ․ այս ներկապնակը ընդգրկում է գեղագիտական ըմբռնումներից մինչեւ հանրային առողջություն, տնտեսական բաղադրիչից մինչեւ ընկերային, զբոսաշրջային խնդիրներ: Քաղաքային բնակչության աճին զուգահեռ (2050-ին այն կազմելու է 68 տոկոս) մեծանալու է քաղաքային գյուղատնտեսության դերը։

Պրոֆեսոր Մաթոսը այս հարցերը լուսանկարների միջոցով ավելի պատկերավոր-հիշվող դարձնելով քննեց զուգահեռներ անցկացնելով ասիական, աֆրիկյան, եւրոպական քաղաքների միջեւ:

Հանրային պուրակներ, մթերային պարտեզ հենց Լիսաբոնի կենտրոնում: Երկրորդը անչափ հետաքրքիր գաղափար թվաց: Դպրոցահասակ երեխաները կարող են մասնակցել բարիքներ արարելու կարեւոր գործին, իսկ բերքը սիրով բաժանում են կարոտյալներին: Եւ որքան ակնահաճո են բանջարեղենի թաղարները, ոչնչով չեն զիջում վարդի թփերին: Թեեւ սրանք էլ իրենց կարեւոր դերն ու տարածքն ունեն ժամանակակից քաղաքներում: Կամ, որքան գրագետ է լուծված Մոնմարտրի լանջերի օգտագործումը խաղողի վազերի աստիճանավանդակների միջոցով:

Շատ հետաքրքիր, զրույց – ճանաչողական քննարկում ստացվեց, որը կարող է շարունակական լինել գործընկերների համար: