Օգտակար ծառայություն Հանրապետությանը` նաեւ կարճաժամկետ դասընթացներով

Այսօր համալսարանում զուգահեռաբար ավարտվեցին «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» եւ «Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության» դասընթացները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը համատեղ էլ կազմակերպել էր դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Հանձնվեցին համապատասխանաբար 5 եւ 9 հավաստագրեր:

Սպանդանոցի ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժները հիմնականում փորձառու մասնագետներ են, որոնք 5 շաբաթ առցանց տեսական գիտելիքներ, իսկ մեկ շաբաթ տարբեր տնտեսություններում գործնական հմտություններ են ստացել, որոնք կկիրառեն տարբեր տարածաշրջաններում արդեն գործող կամ նոր շահագործման հանձնվող սպանդանոցներում:

Հացի-հրուշակեղեղենի մեկամսյա դասընթացը, որն, ի դեպ, երկրորդ էր լաբորատորիայի բացումից ի վեր, ամենաարդիական գիտելիքներով ու փորձով է զինել ՀԱԱՀ-ի 6 տեխնոլոգ ուսանողուհիների եւ երեք այլ մասնակիցների: Արդեն երկուշաբթի կմեկնարկի հավաքագրված հաջորդ՝ երրորդ խմբի ուսուցումը:

Երկու ծրագրերն էլ իրականացվում են մեր գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, որի համակարգող Լիլիթ Բեգլարյանը ներկա էր հավաստագրերի հանձնմանը, որի պարտականությունը հաճույքով կատարեց Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը:

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուտետի դեկանի պարտականությունները կատարող Սմբատ Դավեյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնին, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնին, ուսուցանող մասնագետներին եւ մասնակիցներին եւ անշուշտ հուսալի գործընկեր ՌԶԳ-ին ՝ կատարված հետաքրքիր, արդյունավետ, նպատակային աշխատանքի համար:

Դոկտ. Դավեյանը գոհունակություն հայտնեց այն առումով, որ մեր գործընկերների աջակցությամբ Ագրարային համալսարանի գիտական, ուսումնական ներուժն ու արդիական ենթակառույցները հաջողությամբ ծառայեցվում են կարճաժամկետ թիրախային ծրագրերի միջոցով երկրի ագրարային տարբեր ենթաոլորտներում մասնագետների պակասը լրացնելու-մեղմելու նպատակին:

Պատահական չէ, որ հավաստագիր ստացած մասնակիցներից մեկն իր շնորհակալական խոսքն ավարտեց «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խորհրդանշական արտահայտությամբ: