Մարզաբնակ ֆերմերներն Ագրարայինում մասնակցեցին «Սառնարանային պահպանման նախագծման ու զարգացման դասընթացի»

Եւրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ նոյեմբերի 8-10-ը Ագրարային համալսարանում անցկացրեց  «Սառնարանային պահպանման նախագծման եւ զարգացման դասընթաց, որին մասնակցեցին 12 ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ Լոռու, Տավուշի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերից:

Երկու օր տեսական, մեկ օր գործնական դասընթացի ընթացքում ֆերմերները ծանոթացան արհեստական սառեցման ֆիզիկական հիմունքներին, գոլորշա-կոմպրեսորային սառնարանային մեքենայի իդեալական եւ գերսառեցումով շրջափուլերին, սառնարանային մեքենայի կառուցվածքին, սառնազդակներին եւ դրանց ներկայացվող պահանջներին: Նրանք ձեռք են բերել տեսական գիտելիքներ բանջարեղենի եւ արհեստական սառեցման առանձնահատկությունների, սառեցման տեխնոլոգիաների ու պահանջների վերաբերյալ:

Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով դասընթացի երրորդ օրը նրանք  այցելեցին «Երեւան գարեջուր» ՓԲԸ (Կիլիկիա), եղան  չոր սառույցի եւ հեղուկ ածխաթթու գազի, ամոնիակային սառեցման եւ կոմպրեսորային արտադրամասերում,  մոտիկից ծանոթացան սառնարանային շինությունների կառուցվածքին, սառնարանային մեքենաների հիմնական սարքերին: Գործնական պարապմունքները շարունակվեցին Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում: Ծրագրի շահառու ֆերմերներն «Ալաշկերտ» ձեռնարկությունում ականատես եղան խնձորի, տանձի, դեղձի,  խաղողի,  սալորի, բալի, բրոկոլիի, սմբուկի, գազարի, բազուկի, պղպեղի, կաղամբի ու ծաղկակաղամբի արհեստական սառեցման տեխնոլոգիաներին ու պահանջներին:

Դասընթացի ավարտին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկերսը շնորհավորեցին դասընթացն ավարտած ֆերմերներին՝ հանձնելով հավաստագրեր:

Շնորհավորելով ֆերմերներին՝ պարոն Ուռուտյանը հույս հայտնեց, որ ստացած գիտելիքները նրանք կօգտագործեն իրենց տնտեսությունները զարգացնելու նպատակով:

«Զարգացնելով ձեր տնտեսությունները՝ մենք զարգացնում ենք մեր երկրի տնտեսությունը»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ Ագրարային համալսարանի  դռներն բաց են նրանց առջեւ թե՛ այլ դասընթացների մասնակցության, թե՛ մասնագիտական խորհրդավության եւ թե՛ գործընկերության/համագործակցության համար:

Պարոն Բոկերսը եւս ողջունեց ծրագրի շահառուներին, կարեւորեց միմյանց հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ-ին՝ դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար: «Շատ ուրախալի է, որ Ագրարային համալսարանում կարող են կրթություն ստանալ ոչ միայն երիտասարդ ուսանողները, այլեւ տարբեր տարիքի մարդիկ»,- նկատեց «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավարը:

Դասընթացի մասնակիցներից ամենից ավագը՝ Տավուշի մարզից 67-ամյա Ռաֆիկ Օհանյանը, որն զբաղվում է այգեգործությամբ, մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց  դասընթացի կազմակերպիչներին ու դասընթացավարներին՝ արդյունավետ դասընթացի համար: «Դասընթացը շատ հագեցած ու մատչելի էր, կիրառելի մեր տնտեսություններում։ Դասընթացավարները եւ՛ տեսականորեն, եւ՛ գործնականորեն ներկայացրեցին սառնարանային տնտեսությանը վերաբերող նրբությունները, հնարավոր ռիսկերը, լուծման եղանակները։ Նման հանդիպումները կարեւոր են նաեւ նոր կապեր ու  գործընկերներ ձեռք բերելու առումով»,- դասընթացի վերաբերյալ կարծիք հայտնեց Լոռու մարզից Արփինե Դարչինյանը՝ «Արեւորդի» չրերի եւ թեյերի արտադրության հիմնադիրն ու ղեկավարը: